Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համատեղ արտադրության շուկան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև այն ներկայացնել կինոոլորտի միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև:
C2C-ն կազմված է երեք հիմնական բաղադրիչից՝
Լիամետրաժ կինոնախագծերի շուկա
C2C Լիամետրաժ կինոնախագծերի շուկային մասնակցում են կինոարտադրության ոլորտի անկախ մասնագետների կողմից նախնական ընտրություն անցած և իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատող ռեժիսորներ: Շուկան նրանց հնարավորություն է տալիս հանդիպել և ներկայացնել իրենց նախագծերը փառատոնի կողմից հավատարմագրված միջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոնների համակարգողներին, դիստրիբյուտորներին, վաճառքի գործակալներին և ներդրողներին: Նախագծերի շուկան եռօրյա միջոցառում է՝ բաղկացած կինոռեժիսորների և համատեղ արտադրությամբ հետաքրքրված միջազգային պրոդյուսերների ու ներդրողների անհատական հանդիպում/փիթչինգի երկօրյա ծրագրից և վերջնական արդյունքների հայտարարման ու C2C ցուցադրությունների ֆիլմերի հեղինակների հետ կլոր սեղան քննարկման մեկօրյա ծրագրից: Մասնակից նախագծերի և հրավիրյալ միջազգային մասնագետների տվյալների ամբողջական գրքույկը նախօրոք հասանելի կլինի՝ մասնակիցների հանդիպումները կանխավ ծրագրելու համար: Մենք խրախուսում ենք նաև Արևմտյան Ասիայից դուրս ձևավորված համատեղ արտադրությամբ նախագծերի մասնակցությունը այն պարագայում, եթե ֆիլմի ռեժիսորն Արևմտյան Ասիա տարածաշրջանից է:
Վերջնաժամկետներին և մասնակցության չափանիշների մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա
C2C Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկային մասնակցում են կինոարտադրության ոլորտի անկախ մասնագետների կողմից նախնական ընտրություն անցած և աշխատանքային փուլում գտնվող իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատող ռեժիսորներ Արևմտյան Ասիա տարածաշրջանից: Ընտրված 10 մասնակիցները իրենց ֆիլմերը կներկայացնեն փառատոնի կողմից հավատարմագրված միջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոնների համակարգողներին, դիստրիբյուտորներին, վաճառքի գործակալներին և հավանական կինոցուցադրողներին: Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկան երկօրյա միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները կինոարտադրության միջազգային հավատարմագրված մասնագետներին կներկայացնեն ֆիլմերն իրենց հետարտադրական փուլի տվյալ կարգավիճակում: Մասնակից նախագծերի և հրավիրյալ մասնագետների տվյալների ամբողջական գրքույկը նախօրոք հասանելի կլինի մասնակիցների հանդիպումները կանխավ ծրագրելու համար: Մենք խրախուսում ենք նաև Արևմտյան Ասիայից դուրս ձևավորված համատեղ արտադրությամբ ֆիլմերի մասնակցությունը այն պարագայում, եթե ֆիլմի ռեժիսորը Արևմտյան Ասիայի տարածաշրջանից է:
Վերջնաժամկետներին և մասնակցության չափանիշների մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով:
C2C Կինոցուցադրություն
C2C Կինոցուցադրությունները ներկայացնում են «Ոսկե ծիրանի» նախագծերի զարգացման ծրագրերին նախկինում մասնակցած մինչև 10 ֆիլմ, որոնք հաջող փառատոնային ուղի են անցել: Ցուցադրություններին զուգահեռ, կինոռեժիսորները կլոր սեղան քննարկումներ և ուսումնասիրություններ կանցկացնեն C2C հարթակի մասնակիցների հետ՝ կիսվելով իրենց փորձով և խորհուրդներով: