Փառատոն

Պատմությունը

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի նորահայտ խորհրդանիշ

 

 Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքը եղավ   2004-ին Երևանի  Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի  հիմնադրումը:  Դա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ են`  կինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը,  կինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Փառատոնն անվանվեց այդպես, քանի որ  ծիրանը խորհրդանշում է Հայաստանը և նրանից անբաժան է: Ծիրանի լատիներեն անվանումը ` “prunus аrmeniaсa”, նշանակում է  հայկական սալոր, իսկ  ծիրանագույնի տաք երանգն առկա է հայկական պետական դրոշի վրա, բայցևայնպես, փառատոնի ծնունդը պատահականություն չէր:  1991-ից ի վեր,  անկախության շրջանի հայ կինոարվեստը, թեև վեհերոտ, սակայն  կարողացավ ճեղքել և ուղի հարթել դեպի  միջազգային փառատոներ:  Հայ կինոն մեծ արձագանք առաջացրեց փառատոների և հետահայաց ցուցադրությունների ժամանակ. Փարիզի Պոմպիդու կենտրոն(1993), Մոնրեալ (2000), Բոլոնյա (2003), և այլն:

Միջազգային հաջողություն ունեցան Հարություն Խաչատրյանի, Սուրեն Բաբայանի, Վիգեն Չալդրանյանի, Դավիթ Սաֆարյանի, Նարինե և Արսեն Մկրտչյանների, Էդգար Բաղդասարյանի և այլ հայ ռեժիսորների նոր ֆիլմերը:

 Ակնհայտ դարձավ, որ  Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի անունների հետ կապվող և  կայացած կինոարտադրության ավանդույթներ ունեցող երկիրն իր  միջազգային կինոփառատոնի կարիքն ունի. մի բան, որ նախկինում երբեք չէր եղել, մինչդեռ առաջին կինոստուդիան Հայաստանում  հիմնադրվել է 1923-ին, իսկ Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին  խաղարկային  ֆիլմը` '' Նամուսը'',  ցուցադրվել է 1925-ին:   

 Երևանի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնն ունի ''Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ''   կարգախոսը:  Այս բնորոշումը մեր կրքոտ նվիրումի խորհրդանիշն է ` մշակութային  կամուրջներ կառուցելու և  երկխոսություն խթանելու առումով: Այն նաև  արտացոլում  է Հայաստանի պատմությունը. երկիր, որ հազարամյակների ընթացքում թեժ կետ է եղել է  մրցակից աշխարհաքաղաքական ուժերի  համար:

Իր ցանկալի աշխարհագրական դիրքի պատճառով Հայաստանը  վերածվել է տարբեր  կայսրությունների հակամարտությունների թիրախի, մյուս կողմից`  դա առաջ է բերել աշխարհի տարբեր ազդեցություններով  և դինամիկ արվեստի ժառանգությամբ հագեցած մի քաղաքակրթություն:  

Մենք ողջունում ենք տարբեր ազգային պատկանելության խմբեր,  կրոններ ու ազգություններ ներկայացնող ֆիլմերը, որոնք պատկերում են մարդու փորձառությունը,  ժողովրդի ամենօրյա կյանքը` սովորական ու անսովոր.  մարդկանց ուրախություններն ու տառապանքը` մինչ նրանք փորձում են իմաստավորել  փոփոխվող աշխարհը, և  ջանում  վերագտնել իրենց ` ավելի ու ավելի քիչ սահմաններ  ճանաչող աշխարհում:

Երևանը զարգացում ապրող այդ ժառանգության վկայությունն է, իսկ Ոսկե Ծիրանը  տարածաշրջանի կինոգործիչների համար արագորեն վերածվեց առաջնակարգ  նշանավայրի` հատկապես նրանց համար, ովքեր  առաջ են մղում խաղաղության, մշակութային  ներդաշնակության  և փոխըմբռնումի համամարդկային արժեքները: Այդու` Ոսկե Ծիրանը ցուցադրում է բազմաթիվ ֆիլմեր, որոնք ներկայացնում են  տարատեսակ ազգեր, ազգություններ և կրոններ`հավաքական կերպով պատկերելով մարդկային փորձառության  ողջ հարստությունը:

Ոսկե Ծիրան փառատոնը նմանատիպ այլ իրադարձություններից տարբեր  է` այն իմաստով, որ  փոքրամասշտաբ է և առավել մտերմիկ, սակայն  փառատոնը շարունակաբար արժանանում  է միջազգային  ուշադրությանն ու հարգանքին:

Ֆիլմերը ներկայացվում են երկու միջազգային մրցութային բաժիններում` խաղարկային և վավերագրական:  Յուրաքանչյուր անվանակարգում մեկ Ոսկե Ծիրան և Հատուկ հիշատակում (Արծաթե Ծիրան) մրցանակ է հանձնվում:  

 Փառատոնն ունի հատուկ համահայկական մրցութային բաժին, Հայկական համայնապատկերը` հայկական ծագում ունեցող կինոգործիչների  ֆիլմերի համար:  Փառատոնի բացումը մշտապես նշանավորվում է ավանդական ծիրանօրհնեքով. այն մրգի օրհնությամբ, որով հայտնի է Հայաստանը:  

 14 տարիների ընթացքում փառատոնի պատվավոր հյուրերի թվում են եղել Մարկո Բելոքիոն , Վիմ Վենդերսը, Տոնինո Գուերրան, Կլաուդիա Կարդինալեն, Ֆաննի Արդանը,  Ալեն Թերզյանը,  Թեոդորոս Անգելոպուլոսը, Նիկիտա Միխալկովը, Ալեքսանդր Սոկուրովը,  Քլեր Դենին, Ջաֆար Փանահին, Միխայել Գլավոգերը ,  Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոնը, Բրյունո Դյումոնը, Ֆաթիհ Աքինը,  Չան-դոն Լին, Յոս Սթելլինգը,  Քշիշտոֆ Զանուսսին,  Դարիուշ Մեհրջուին,  Մոհսեն Մախմալբաֆը, Բելա Տարը,  Կոհեյ Օգուրին,  Քաթրին Բրեյան, Լեոս Կարաքսը, Նուրի Բըլգե Ջեյլանը, Սեմիհ Կապլանօղլուն,  Գոդֆրի Ռեջջիոն,  Վիկտոր Էրիսեն, Ագնեշկա Հոլանդը, Իշտվան Սաբոն,  Մարգարետ ֆոն Տրոտան, Ցզյա Չժանկեն, Կիմ Կի Դուկը,  Ամոս Գիտայը,  Օտար Իոսելիանին, Ռոբեր Գեդիգյանը, Օռնելա Մուտին,  Նաստասյա Կինսկին, Ժաքլին Բիսետը և այլք:

 2005-ից սկսած Ատոմ Էգոյանի  անունը սերտորեն կապված  է Ոսկե Ծիրան փառատոնի հետ, քանի որ   տասը տարուց ավելի  նա եղել է փառատոնի մշտական նախագահը:  

 Փառատոնի գլխավոր մրցանակակիրներից են. Ատոմ Էգոյանի '' Արարատ''-ը (2004), Ալեքսանդր Սոկուրովի '' Արևը'' (2005),

 Սյաո-սիեն Հոուի '' Երեք ժամանակը'' (2006), Ուլրիխ Զայդլի''Ներմուծում/Արտահանում''- ը  (2007), Աննա Մելիքյանի '' Ջրահարսը'' (2008), Գեորգի Օվաշվիլու '' Մյուս ափը''( 2009), Ռեhա Էրդեմի '' Կոսմոս''-ը( 2010),  Ասղար Ֆարհադիի ''Նադեր եվ Սիմին. Ամուսնալուծությունը'' (Իրան, 2011), Սերգեյ Լոզնիցայի '' Մշուշում''-ը (Գերմանիա/ Բելոռուս, 2012), Սրջան Գոլուբովիչի '' Պարունակները'' (Սերբիա/Գերմանիա/Ֆրանսիա/Խորվաթիա/Սլովենիա, 2013), Միրոսլավ Սլաբոշպիտսկու '' Ցեղը''(Ուկրաինա, 2014), Սիռո Գեռայի ''Օձի գրկում''-ը  (Կոլումբիա/Վենեսուելա/Արգենտինա, 2015), Բրանկո Շմիդտի ''Բալերի անունները'' (Խորվաթիա, 2016):

2009-ին Երևանի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնն արժանացավ Հոլիվուդի Արտասահմանյան մամուլի մրցանակին, ինչը փառատոնի արժանի գնահատանքն էր` կինոլրագրողների ու կինոքննադատների այդ հեղինակավոր կազմակերպության կողմից:  Այն  փաստում է  Ոսկե Ծիրան փառատոնի միջազգային հեղինակության ու  բարձր վարկանիշի  մասին:   (http://www.gaiff.am/en/kCXwFUV83eo8rl1PQ8EDHRH6M7).

Ոսկե Ծիրան 13-րդ  փառատոնը շուրջ  1000 հայտ ստացավ 91 երկրից:  Փառատոնի յոթ օրերի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտել  շուրջ  138 ֆիլմ: Միջազգային բազմազան ֆիլմերից բացի, փառատոնը նաև հյուրընկալում է  շարունակ ընդլայնվող մի կինոշուկա` մուտքի հարթակ  տրամադրելով ողջ    տարածաշրջանի կինոարտադրությանը:   

Ելնելով մասնագիտական ու մշակութային  լայն ցանց ունենալու կենսական պահանջից` Ոսկե Ծիրան  կինոփառատոնը 2007-ին ձեռնարկեց Ռեժիսորներ առանց սահմանի  (ՌԱՍ) ծրագիրը: 2007-ի հունվարի 30-ին ՌԱՍ ծրագիրը պաշտոնապես ճանաչվեց որպես  տարածաշրջանային համագործակցության  հիմնական  հարթակ` Ոսկե Ծիրան ՄԿՓ-ի, Ռոտերդամի ՄԿՓ-ի և Պուսանի ՄԿՓ-ի  միջև: ՌԱՍ -ը կինոգործիչների և կինոռեժիսորների   տարածաշրջանային ցանց է, որն ունի մի ընդհանուր տեսլական, համաձայն որի` կինոն  եզակի  միջոց է, որն  ի զորու է անցնել քաղաքական, գաղափարական, ռասսայական կամ կրոնական սահմաններից անդին, և միավորել մարդկանց:  ՌԱՍ-ի նպատակը անցումային շրջանում գտնվող երկրներին բնորոշ նույնատիպ խնդիրները   վերհանելն  է` դյուրացնելու համար  համատեղ կինոարտադրության այն նախագծերը, որոնք արծարծում են բազմազգ, բազամամշակույթ լինելու հանգամանքը, ավանդույթների արժեքը,  ինչպես նաև սոցիալական համախմբման,  բազմազանության և մշակութային ժառանգության խնդիրները:   ՌԱՍ-ը ծառայում է  անդրազգային և բազմակողմ  համագործակցությանը, փոխգործակցությանը, մասնագիտական վարժանքներին և հմտությունների փոխանակությանը ` Հայաստանի  ու տարածաշրջանի, և առավել լայն գոտու հետ:  ՌԱՍ ծրագրի հիմնական իրադարձությունը  ամենամյա ՌԱՍ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումն է` իր աշխատանոցներով, ցուցադրումներով ու 'փիչինգ' քննարկումներով,   սեմինարներով ու կինոծրագրով:  Սա տարածաշրջանում կինոարտադրության եզակի մի իրադարձություն է, որը միջավայր է ստեղծում կինոյի բնագավառի  տարածաշրջանային ու միջազգային գործիչների հանդիպման համար:  Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում 250 կինոգործիչ ու կինոլրագրող է մասնակցել ՌԱՍ ծրագրի կազմակերպած վարժանքներին ու աշխատանոցներին:  

'' Հայաստան. ծիրանի հեղափոխություն'', այսպիսին էր Դեյվիդ Դ'Արսիի` '' Screen International'' հանդեսում  Հայաստանի կինոյի մասին 2008 թվականի  հուլիսի 25-ին հրապարակած հոդվածի վերնագիրը:  Այն ընդգծում  է 2004-ին  Երևանում հիմնադրված  Ոսկե Ծիրան ՄԿՓ-ի կարևորությունը: Փառատոնը դիտվում է որպես  հեղափոխություն` Հայաստանի  ազգային կինոարտադրության խորը ճգնաժամը հաղթահարելու և  հայ կինոն համաշխարհային կինոհամայնքում ինտեգրելու համար:

 Դ'Արսին այսպես  է շարունակել. '' Ոսկե Ծիրանում միջազգային կինոն հանդիպում է այս փոքր ազգի մշակույթին, որի սփյուռքը ծավալվում է նախկին Խորհրդային միությունից  մինչև Փարիզ, Սանտա Մոնիկա և Տորոնտո… ''

 Հայաստանն այսօր մեծ կինոարտադրություն չունի, սակայն  մի նոր խորհրդանիշ է ձեռք բերել. միջազգային մի կինոփառատոն` Ոսկե Ծիրանը: Այդ նոր խորհրդանիշով Հայաստանը ճանաչվել է նաև  ժամանակակից կինոյի աշխարհում:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն