Ժյուրի

Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Պետրոս Մարկարիս (Հունաստան)
Պետրոս Մարկարիս (Հունաստան)
Հույն վիպասան, թատերագիր, սցենարիստ և գրական թարգմանիչ: Ծնվել է Ստամբուլում և տնտեսագիտություն ուսանել: 1976-ից նվիրվել է գրելուն: Նրա դետեկտիվները թարգմանվել են տասնվեց լեզուներով: Աթենքը` որպես ներգաղթյալների քաղաք, ինչպես և ներգաղթյալների կյանքը, նրա վեպերում առանցքային նշնակություն ունեն: Ծնված և մեծացած լինելով Ստամբուլի հունական համայնքում՝ Մակարիսը սեփական փորձով է ծանոթ փոքրամասնություններին և նրանց խնդիրներին: Աշխատել է Թեո Անգելոպոլուսի հետ, նրա մի շարք ֆիլմերի սցենարի համահեղինակը եղել («36 թվականի օրերը», «Ալեքսանդր Մեծ», «Արագիլի ընդհատված քայլը», «Ոդիսևսի հայացքը», «Հավիտենություն և մի օր», «Արտասվող մարգագետինը», «Ժամանակի փոշին» և վերջին, անավարտ «Այլ ծովը»): Պետրոս Մարկարիսն արժանացել է Կուրմայորի «սև ֆիլմի» փառատոնի (Իտալիա) Ռեյմոնդ Չանդլեր, «Ֆրեջենտե» միջազգային (Իտալիա) մրցանակներին, ինչպես նաև «Սև Բարսելոն» մրցանակաբաշխության Պեպե Կարվալյու, 2012-ի լավագույն դետեկտիվի համար «Le Point» հանդեսի մրցանակներին (Լիոն, Ֆրանսիա), Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գյոթե մեդալին:
Մարկո Մյուլեր (Իտալիա)
Մարկո Մյուլեր (Իտալիա)
1953-ին Հռոմում ծնված Մարկո Մյուլերը կինոյի մասին պատմող վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և սցենարի հեղինակ, ինչպես նաև կինոքննադատ և պատմաբան։ Կինոոճեր և տեխնիկա է դասավանդում իտալախոս Շվեյցարիայի Մարիո Բոտտա համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում։ Որպես փառատոնային կազմակերպիչ՝ իր գործունեությունն սկսել է «Էլեկտրական ստվերների» (Ombre elettriche) վրա աշխատելուց (Թուրին, 1981), որը չինական կինոյի ամենամեծ հետահայաց ցուցադրությունն էր Արևմուտքում, իսկ հետագայում Մյուլերը եղել է Պեզարոյի (1982-1989), Ռոտերդամի (1989-1991), Լոկառնոյի (1992-2000) ՄԿՓ-երի տնօրենը։ 2004-2011 թթ. նա Վենետիկի ՄԿՓ-ի տնօրենն էր, 2012-ից դարձել է Հռոմի ՄԿՓ-ի տնօրենը։ Զուգահեռաբար Մյուլերը հանդես է եկել որպես պրոդյուսեր և համապրոդյուսեր՝ թողարկելով ավելի քան 15 գեղարվեստական ֆիլմ, որոնք արտադրվել են Թուրքիայում, Իրանում, Կենտրոնական Ասիայում և Չինաստանում։
Սրջան Գոլուբովիչ (Սերբիա)
Սրջան Գոլուբովիչ (Սերբիա)
Ծնվել է 1972-ին Բելգրադում։ Առաջին իսկ ռեժիսորական աշխատանքը՝ «Բացարձակ հարյուրը» (2001), ընդգրկվել է 30-ից ավելի ՄԿՓ-երի (Սան Սեբաստիա, Թորոնթո, Սալոնիկ, Ռոտերդամ, Պուսան) հիմնական ծրագրերում՝ շահելով 10 միջազգային և 19 տեղական մրցանակ։ Նրա երկրորդ խաղարկային ֆիլմի՝ «Թակարդի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2007-ին Բեռլինի ՄԿՓ «Ֆորում» ծրագրում, ապա ֆիլմը ցուցադրվել է նաև Թորոնթոյում, Կարլովի Վարիում, Կլուժում և այլուր: «Թակարդը» նվաճել է 21 միջազգային մրցանակ, դարձել «Օսկարի» թեկնածու «լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգում։ Գոլուբովիչի երրորդ ֆիլմի՝ «Պարունակների» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013-ին Սանդենս ԿՓ-ի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում, որտեղ ֆիլմն արժանացել է ժյուրիի Հատուկ մրցանակին։ «Պարունակների» եվրոպական պրեմիերան կայացել է Բեռլինի ՄԿՓ-ի «Ֆորում»-ում՝ բերելով Էկումենիկ ժյուրիի մրցանակը։ Գոլուբովիչը նաև կինոռեժիսուրա է դասավանդում Բելգրադի Արվեստների համալսարանւմ։
Քրիստիան Բերգեր (Ավստրիա)
Քրիստիան Բերգեր (Ավստրիա)
1945-ին Ավստրիայում ծնված օպերատոր Քրիստիան Բերգերը 2010-ին արժանացել է Ամերիկացի օպերատորների միության մրցանակին՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար։ Մրցանակակիր ֆիլմը՝ Միխայել Հանեքեի «Սպիտակ ժապավենը», Բերգերին նաև «Օսկարի» թեկնածու դարձրեց «լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում։ Ամերիկացի օպերատորների միության պատմության մեջ նա առաջին օպերատորն էր, որը մրցանակ ստացավ արտասահմանյան ֆիլմի համար։ Բերգերի մյուս գործերի հիշարժան ձեռքբերումների շարքում են առաջադրումը Camerimage ՄԿՓ-ի «Ոսկե գորտ» մրցանակին՝ «Դաշնակահարուհին» և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին՝ «Քողարկվածը» ֆիլմերի համար, որոնց երկուսի ռեժիսորն էլ Հանեքեն է։ Բերգերը հայտնագործել է Անդրադարձման լուսային համակարգը կինոյում (CRLS)՝ էլեկտրախնայողության միջոցների մի հավաքածու, որը նախատեսված է լույսի առկա աղբյուրների հնարավորությունները մեծացնելու համար։ Այդ համակարգը նա սկսել է կիրառել 2001-ից՝ «Դաշնակահարուհին» նկարահանելուց ի վեր։ Բերգերի օպերատորական աշխատանքների թվում են են նաև Ամոս Գիտայի վերջին ֆիլմը իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ՝ «Սահմանազատումը»՝ Ժյուլիետ Բինոշի մանակցությամբ, և հունգար ռեժիսոր Յանոշ Սասի «Հաստ տետրը»։
Աննա Մուգլալիս (Ֆրանսիա)
Աննա Մուգլալիս (Ֆրանսիա)
Մինչև 2001-ը Աննա Մուգլալիսը սովորել է Փարիզի բարձրագույն թատերական ազգային դպրոցում (CNSAD), Դանիել Մեգիշի արվեստանոցում: Նրա դերասանական կարիերան սկսվել է 1997-ին «Տիտանիկի» գիշերը» ֆիլմով: Նույն տարի Ֆրանսիս Ժիրոն նրան ընտրել է իր «Ավարտական դասարան» ֆիլմի դերակատարուհի: 2000-ին Մուգլալիսը Իզաբել Յուպերի հետ խաղացել է Կլոդ Շաբրոլի «Շնորհակալություն շոկոլադի համար» ֆիլմում: Ժան - Պիեռ Լիմոզենի «Առանց հիշողության» ֆիլմում (2002) հանդես գալուց հետո նա նկարահանվել է Ռոբերտո Անդոյի «Կեղծ անվան տակ» թրիլերում: 2003-ին խաղացել է սկսնակ ռեժիսոր Էյսա Մեյդերի «Մահվան հիվանդություն» սև-սպիտակ ֆիլմում, որը ցուցադրվել է Վենետիկի ԿՓ-ում: Նույն տարի Մուգլալիսը նկարահանվել է նաև Պանոս Կուտրասի «Իրական կյանք» հունական ֆիլմում: 2005-ին նա մասնակցել է երկու իտալական ֆիլմի՝ «Քրեական սիրավեպ» (ռեժ.՝ Միկելե Պլաչիդո) և «Մթին ծով»՝ Լուիջի Լո Կաշոյի ընկերակցությամբ: Իլան Դյուրան Կոենի «Ֆլոր» սրճարանի սիրահարները» հեռուստաֆիլմում Մուգլալիսը մարմնավորել է Սիմոնա դը Բովուարին, իսկ Ժան-Պոլ Սարտրի դերակատարը Լորան Դոյչն էր: Երկուսն էլ արժանացել են հանդիսատեսի և կինոքննադատների բարձր գնահատանքին: 2002-ին Կարլ Լագերֆելդը Աննա Մուգլալիսին է ընտրել Amateur Allure de Chanel օծանելիքի գովազդային արշավի համար: Որպես Լագերֆելդի «մուսաներից» մեկը՝ նա մասնակցել է «Շանել»-ի պայուսակների, թանկարժեք զարդերի և ժամացույցների գովազդմանը: Հենց Մուգլալիսին էլ վստահվել է Կոկո Շանելի դերը Ժան Կունենի «Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին» կինանկարում, որը 2009-ին ընտրվել էր որպես Կաննի ՄԿՓ-ի փակման ֆիլմ:
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն