Ժյուրի

Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Սերժ Ավետիքյան (Ֆրանսիա/Հայաստան)
Սերժ Ավետիքյան (Ֆրանսիա/Հայաստան)
Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր: Ծնվել է 1955-ին Խորհրդային Հայաստանում: Պապն ու տատը սերում են Արևմտյան Հայաստանից և Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ և աշխարհ են եկել Ավետիքյանի ծնողները: 1947-ին ընտանիքը վերադարձել է Հայաստան հայրենիքը վերակառուցելու հույսով, ինչպես և մյուս հայրենասերները: 1970-ին վերադարձել է Ֆրանսիա: Սերժ Ավետիքյանը հաճախել է Մյոդոնի (Ֆրանսիա) Դրամատիկական արվեստի կոնսերվատորիան, այնուհետև հիմնել թատերական ընկերություն և ստեղծել շատ կինոնկարներ: Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանի նրա կարիերան սկիզբ է առել 1979-ին: 1982-ից Ավետիքյանն սկսել է նկարահանել վավերագրական ֆիլմեր: 1990-ից նկարահանում է կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմեր: Մինչև 2000 թ. նրա գործերի մեծ մասը թողարկել է սեփական կինոընկերությունը: Ավետիքյանը նաև այլ կինոընկերությունների արտադրած մի շարք անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմերի ռեժիսորն է: Խաղացել է բազմաթիվ ֆրանսիական և հայկական ֆիլմերում:
Տիինա Լոկկ (Էստոնիա)
Տիինա Լոկկ (Էստոնիա)
Կինոպրոդյուսեր և կինոդրամատուրգիայի գիտակ Տիինա Լոկկը, 1981-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի կինոյի տեսության և քննադատության բաժինը, աշխատել «Տալլինֆիլմ» Էստոնական կինոստուդյայում` որպես սցենարիստ, խմբագիր և գեղարվեստական խորհրդի անդամ: 1993-ին հիմնել է Filmimax դիստրիբուցիոն կինոընկերությունը, 1997-ին` Տալլինի «Մութ գիշերներ» ԿՓ-ը (որի տնօրենն է ներկայումս), Marvofilm կինոարտադրող և խորհրդատվական ընկերությունը, ինչպես նաև Baltic Event-ի և Black Market On-line-ի համահիմնադիրն է: 1975-ից ի վեր հրապարակել է բազմաթիվ հոդվածներ և ֆիլմերի քննախոսականներ, հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերի կինոթղթակից եղել: Տալլինի Մանկավարժական համալսարանում, Կոնկորդիա միջազգային համալսարանում և Էստոնիայի Երաժշտական ակադեմիայում դասավանդել է կինոյի պատմություն, տեսություն, կինոդրամատուրգիա և մշակութային մենեջմենթ: 2011-ից Կինոյի և ԶԼՄ-երի բալթյան դպրոցի կինոբաժնի ղեկավարն է, կինոարվեստի պրոֆեսոր: 1991-ից որպես փորձագետ հրավիրվել է մասնակցելու Էստոնիայի մշակութային հիմնադրամի, Մշակույթի նախարարության և Եվրախորհրդի ԶԼՄ ծրագրի տարբեր կլոր սեղանների, բարեփոխիչ խմբերի և ընտրական հանձնաժողովների աշխատանքին: 2000-ին ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2004-ին նշանակվել Եվրոպական կինոփառատոների կոորդինացման գործադիր վարչության նախագահ, 2009-ին` ՄԿՓ-երի գագաթաժողովի խորհրդատուների վարչության անդամ:
Ջեյ Վայսբերգ (Իտալիա)
Ջեյ Վայսբերգ (Իտալիա)
Նյու Յորքում ծնված Ջեյ Վայսբերգն այժմ ապրում է Հռոմում: 2003-ից «Variety» թերթի կինոքննադատն է` շրջելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի կինոփառատոներով: Նրա աշխատանքները հրապարակվել են «The London Review of Books», «Sight & Sound», «EPD Film» և «Rushprint» միջազգային պարբերականներում: Վայսբերգի վերջին հոդվածներից է Քրիստիան Մունջուի ստեղծագործության ուսումնասիրությունը Սալոնիկի ՄԿՓ-ի հետահայաց ցուցադրության ծրագրի համար: Ժամանակակից կինեմատոգրաֆով զբաղվելուց զատ, նա գրում է և համր կինոյի մասին. Ալբեր Կապելանիի ամերիկյան կարիերային անդրադարձող նրա հոդվածը նոր է տպագրվել Կինոյի պատմության ուսումնասիրման ֆրանսիական ընկերակցության հրատարակած մենագրության մեջ: Վայսմանն իր նյութերով աջակցել է Պորդենոնեի Համր ֆիլմերի փառատոնի և Բոլոնյայի «Վերագտնված կինո» (Cinema Ritrovato) ԿՓ-ի կատալոգների ստեղծմանը: Հաճախակի անդամակցելով փառատոնային ժյուրիներին` նա մասնակցել է ժամանակակից կինոյի և կինոքննադատության վիճակին վերաբերող բազմաթիվ քննարկումների, ինչպես նաև ղեկավարել երիտասարդ կինոքննադատների ծրագրերը Ռոտերդամի, Բեռլինի, Լոկառնոյի և Աբու Դաբիի կինոփառատոներում:
Իշտվան Սաբո (Հունգարիա)
Իշտվան Սաբո (Հունգարիա)
Ծնվել է 1938-ին Բուդապեշտում: Հունգարացի ռեժիսորը համաշխարհային ճանաչման է արժանացել ոչ միայն տպավորիչ քանակի իր ֆիլմերի արտասովոր գեղեցկության, այլև այն ասելիքի պատմական և արդիական կարևորության շնորհիվ, որն ամփոփված է նրա ֆիլմերի քաղաքական և սոցիալական թեմաներում: Հունգարիայի Թատրոնի և կինոյի ակադեմիան ավարտելուց հետո Սաբոն 26 տարեկանում նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Անրջանքի ժամանակը»: Կինոնկարը Լոկառնոյի ՄԿՓ-ում արժանացավ «Արծաթե առագաստ» մրցանակի և Հունգարիայի ԿՓ-ում Ժյուրիի հատուկ մրցանակը բերեց Սաբոյին` որպես լավագույն ռեժիսորի` 60-ականներին նրան դարձնելով հունգարական կինոյի նոր սերնդի առաջատար դեմք, և արդեն 40 տարի Սաբոն շարունակում է մնալ հայրենի կինոարտադրության հիմնասյուներից մեկը: Նրա առավել հայտնի մրցանակակիր ֆիլմերից են «Հայրը»(1966), «Վստահությունը»(1980), «Մեֆիստոն» (1981), «Գնդապետ Ռեդլը» (1985), «Հանուսենը» (1988), «Անուշիկ Էմմա, սիրելի Բյոբե»-ն (1992), «Արևալույսի համը» (1999), «Կողմերի կարծիքները» (2001), «Լինելով Ջուլիան» (2004): Սաբոն նաև հմուտ թատերական ռեժիսոր է և բեմադրել է մի շարք օպերաներ: Ռեժիսորությամբ զբաղվելուց բացի, նա դասավանդում է տարբեր կինոդպրոցներում:
Անդրեյ Պլախով (Ռուսաստան)
Անդրեյ Պլախով (Ռուսաստան)
Ռուս կինոքննադատ և կինոպատմաբան, «Կոմերսանտ» օրաթերթի թղթակից: 2005-10-թթ. եղել է Կինոքննադատների միջազգային դաշնության նախագահը, այժմ պատվավոր նախագահն է: Լվովի համալսարանում մաթեմատիկայի և մեխանիկայի բաժինն ավարտելուց հետո կինոյի պատմություն է ուսանել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): Թեկնածուական թեզը պաշտպանել է Լուկինո Վիսկոնտիի և իտալական կինոյի վերաբերյալ: Հոդվածներ և քննախոսություններ է հրապարակել ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային օրաթերթերում և մասնագիտական հանդեսներում («Իսկուստվո կինո», «Սեանս»,«Sight and Sound», «Guardian», «Cahiers du Cinema»): Վերակառուցման տարիներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության քարտուղար և Կոնֆլիկտային կոմիտեի նախագահ` էկրան բարձրացնելով ավելի քան 200 ֆիլմ, որոնք արգելվել էին գրաքննության կողմից: Պլախովը եղել է և այժմ էլ մի շարք կինոփառատոների (Բեռլին, Վենետիկ, Տոկիո, Սան Սեբաստիան, Շանհայ, Սանկտ Պետերբուգ, Մոսկվա, Խանտի-Մանսիյսկ և Պլիոս) խորհրդատուն է, ծրագրեր կազմողը` անդամակցելով նաև ժյուրիին: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն