Ժյուրի

Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Նանա Ջորջաձե (Վրաստան)
Նանա Ջորջաձե (Վրաստան)
1968-1973 թթ. ճարտարապետություն է սովորել Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Նախագծել և կառուցել է վեց շենք: 1974-1980 թթ. կինոարվեստ է ուսանել Թբիլիսիի կինոյի և թատրոնի ինստիտուտում: 1970-2000 թթ. որպես դերասանուհի նկարահանվել է կինոյում: 1985-1998 թթ. դասավանդել է Թբիլիսիի, Մոսկվայի, Բեռլինի կինոինստիտուտներում: 1999-2000 թթ. վարպետության դասեր է կազմակերպել Լոս Անջելեսի կինոինստիտուտում: 2000-2002 թթ. դասավանդել է Համբուրգի կինոինստիտուտում (Գերմանիա): Եղել է Կարլովի Վարիի, Կաննի և շատ այլ կինոփառատոների ժյուրիի անդամ: Բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, այդ թվում` “Ատլանտը” (1979), որի համար արժանացել է Փորձարարական ֆիլմերի կինոփառատոնի Գլխավոր մրցանակին (Տալլին, Էստոնիա, 1979) և Անդրանիկ ֆիլմերի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին (Թբիլիսի, 1980): “Ուղևորություն դեպի Սոպոտ”-ը (1980) արգելվել է քաղաքական նկատառումներով: Ինչևէ, առաջին անգամ ցուցադրվելով 1987-ին` ֆիլմն արժանացել է Օբերհաուզենի ՄԿՓ-ի Մեծ մրցանակին և Էկումենիկ ժյուրիի մրցանակին` հումանիզմի համար: "Ռոբինզոնական կամ իմ անգլիացի պապիկը" ֆիլմը (1986) "Ոսկե կինոխցիկ՚ է նվաճել Կաննի ՄԿՓ-ում (1987), Մեծ մրցանակ` Սվերդլովսկի ԿՓ-ում (1987), Ժյուրիի մրցանակ` Տոկիոյի ՄԿՓ-ում (1988) և ՙՆիկե՚` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (1988): Ջորջաձեի ֆիլմերի շարքում են նաև "Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսը" (1996), որը մրցանակներ է շահել Կաննում, Կարլովի Վարիում, Լատվիայում, Անապայում (Ռուսաստան)` լավագույն սցենարի համար, 1997-ին` ներկայացվել "Օսկարի", "27 գողացված համբույրները" (2000), "Ծիածան սարքողը" (2008), ինչպես նաև "Էրոսի" (1984), "Բանաստեղծ Ռովաչիձե" (1990), "Լա Նապուլ դղյակը" (1992), "Մի քիչ Վրաստանի մասին" (1993) վավերագրական ֆիլմերը: 1994-ից Ջորջաձեն Եվրոպական կինոակադեմիայի, իսկ 1996-ից Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի անդամ է:
Պակո Պոչ (Իսպանիա)
Պակո Պոչ (Իսպանիա)
Ծնվել է 1951-ին Բարսելոնում: Սկսել է աշխատել որպես մշակութային իրադարձությունների լուսանկարիչ և կինոարտադրության կառավարիչ: Եղել է մի շարք հեռուստաֆիլմերի ու մինի սերիալների, կարճամետրաժ, խաղարկային և վավերագրական կինոնկարների պրոդյուսերը, ինչպիսիք են Իսակի Լակուեստայի "Ժամանակի լեգենդը", "Կրավանն ընդդեմ Կրավանի", Խոսե Լուիս Գերինի "Ինիսֆրի"-ն, Մանուել Ուերգայի "Գաուդին": Ժան-Լուի Կոմոլլիի "Դուրրուտի"-ի համապրոդյուսերն է: Բազմաթիվ մրցանակներ է ստացել աշխարհի տարբեր կինոփառատոներում: 1991-ին Բարսելոնում արժանացել է Ազգային կինոմրցանակի: Աշխատել է նաև որպես մշակութային մենեջեր տարբեր ոլորտներում: Ներկայումս պրոդյուսերություն է դասավանդում Բարսելոնի Պոմպեու Ֆեբրա համալսարանում (UPF), հեռուստատեսության և կինոյի պրոդյուսեր է, ՙSerra d’Or՚ հանդեսի հեղինակ, մշակութային մենեջեր և խորհրդատու:
Կոհեյ Օգուրի (Ճապոնիա)
Կոհեյ Օգուրի (Ճապոնիա)
Ճապոնական կինոյի ականավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1945-ին Մաեբասիում, Գունմա պրեֆեկտուրայում: Ավարտել է Վասեդա համալսարանի դրամայի բաժինը, եղել է այնպիսի ռեժիսորների ասիստենտը, ինչպիսիք են Սինոդա Մասահիրոն և Ուրույամա Հիսաոն: Նրա բոլոր ֆիլմերը միջազգային ճանաչման են հասել. առաջնեկը` "Տղմոտ գետը", որ էկրան է բարձրացել 1981-ին, նվաճել է մի շարք ճապոնական և արտասահմանյան մրցանակներ, այդ թվում` Մոսկվայի 5-րդ ՄԿՓ-ի Արծաթե մրցանակը: "Կայակոյի համար" ֆիլմը 1984-ին Ֆրանսիայում արժանացել է Ժորժ Սադուլի անվան մրցանակին, իսկ "Մահվան խայթը" 1990-ին Մեծ մրցանակ է ստացել Կաննի փառատոնում:
Արսինե Խանջյան (Կանադա)
Արսինե Խանջյան (Կանադա)
Ծնվել է 1958-ին Բեյրութում, հայ ծնողներից: 1975-ին ընտանիքը, թողնելով իր անկայուն երկիրը, մեկնել է Մոնրեալ, որտեղ Արսինեն իսպաներեն և ֆրանսերեն է ուսանել Կոնկորդիա համալսարանում: Ուսումը շարունակել է Մոնրեալի համալսարանում` քաղաքագիտության մագիստրոսի կոչում ստանալու համար, ապա` հանդիպել ապագա ամուսնուն` Թորոնթոյում հաստատված ռեժիսոր Ատոմ Էգոյանին, և տեղափոխվել Թորոնթոյի համալսարան: Խաղացել է Թորոնթոյում բեմադրված մի շարք ներկայացումներում, որոնցից են "Եղբայր Անդրեի սիրտը" և "Կրոմանյոնյան հարսանիքը", իսկ հետո Էգոյանը համոզել է նրան նկարահանվել իր "Հարազատը" (1984) ֆիլմում: Այդ թվականին էլ Արսինեն թողել է աշխատանքը Օնտարիոյի արվեստի խորհրդում` դերասանությամբ լրջորեն զբաղվելու համար: Հանդես է եկել Էգոյանի ֆիլմերի մեծ մասում, որոնց թվում են "Ընտանեկան դիտումը" (1987), "Խոսուն դերերը" (1989), "Ապահովագրական գործակալը" (1991), "Օրացույցը" (1993), "Էկզոտիկան՚" (1994), "Լուսավոր գալիքը" (1997), "Ֆելիսիայի ուղևորությունը" (1999), "Արարատը" (2002, որի համար "Ջինի" մրցանակ է ստացել` որպես լավագույն դերասանուհի), "Որտեղ է թաքնված ճշմարտությունը" (2005) և "Երկրպագությունը" (2009): Նրա մասնակցությամբ ստեղծված մյուս ֆիլմերից են "Սաբահը" (2005), Դոն Մքքելարի մեծ ճանաչում գտած "Վերջին գիշերը" (1998) և "Արտույտների ագարակը" (2007): Հանդես է եկել նաև հեռուստատեսությամբ ("Կողմնակի ազդեցություններ", "Անմիտ սիրտ", "Պատրաստված է Կանադայում"): Էգոյանի համար Արսինե Խանջյանը ոգեշնչման աղբյուր է իր հայկական արմատներին անդրադառնալու համար:
Էրիկ Պողոսյան (ԱՄՆ)
Էրիկ Պողոսյան (ԱՄՆ)
Ամենից շատ ճանաչված է իր "Ռադիոզրույցներ" պիեսով, դրա գլխավոր դերակատարմամբ և էկրանացմամբ (1987). այս աշխատանքի համար ներկայացվել է Փուլիցերի մրցանակի և արժանացել Բեռլինի ՄԿՓ-ի "Արծաթե արջին": Հայտնի է նաև 1980-2000 թթ. Բրոդվեյից դուրս բեմադրված իր վեց մենաներկայացումներով ("Մարդիկ` ներքուստ", "Զվարճանքի տունը", "Հարբեցողությունն Ամերիկայում", "Սեքս, թմրադեղեր և ռոքնռոլ" "Իմ ճակատով հատակին մեխ խփելիս", "Վեր կաց և զգա սուրճի բույրը"), որոնց համար երեք "Օբի" մրցանակ է ստացել: Բացի "Ռադիոզրույցներից", որը 2007-ին վերակենդանացավ Բրոդվեյում, մի շարք մեծ պիեսներ է գրել, որոնց թվում են "արվԱրձանիան՚" (subUrbia), ՙԿրակարանը՚, "Կարմիր հրեշտակը", "Կարճլիկ-հաստլիկը": Հեղինակել է երեք վեպ` "Ծառուղի", "Վատնված գեղեցկություն" և վերջերս լույս տեսած "Ծակծկված սիրտը", ինչպես նաև "Գրառումներ ընդհատակից" նովելը: Որպես դերասան հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում և հեռուստածրագրերում, նկարահանվել Ռոբերտ Օլթմանի "Քեյնի խռովության դատավարությունը", Ատոմ Էգոյանի "Արարատ", ինչպես նաև "Պաշարման մեջ" և "Հրաշքների երկիր" ֆիլմերում: Վերջերս Ադրիան Բրոուդիի և Բիյոնսե Նոուլզի հետ խաղացել է "Կադիլակ Ռեքորդս" կինոնկարում: Այժմ կատարում է կապիտան Դենի Ռոսի դերը "Օրենք և կանոն. քրեական մտադրություն" սերիալում:
Ալբերտ Վիդերշպիլ (Գերմանիա)
Ալբերտ Վիդերշպիլ (Գերմանիա)
Ծնվել է Վարշավայում, 1960-ին: Դանիայում բարձրագույն կրթություն ստանալուց հետո արվեստի և կինոյի պատմություն է ուսանել Փարիզի I Սորբոնի համալսարանում: 1985-ին փորձնակ է եղել 20th Century Fox International-ում, 1986-ին` մշտական աշխատանքի անցել նույն ընկերության գերմանական բաժանմունքում (Համբուրգ), նախ` որպես ասիստենտ մարկետինգի բաժնում, ապա` գովազդի ղեկավար: 1991-ին ստացել է մարկետինգի ղեկավարի պաշտոնը: 1995-ին հաստատվել է Համբուրգում` պաշտոնավարելով որպես Կինոմարկետինգի (Deyhle-BՊr Medienholding) կառավարիչ տնօրեն: Դարձել է PolyGram Filmed Entertainment-ի մարկետինգի ղեկավարը, երբ այդ ընկերությունը բացել է իր գերմանական մասնաճյուղը: Աշխատանքի անցնելով Universal-ում` Վիդերշպիլը գլխավորել է արտադրանքի տարածման բաժինը մինչև ընկերության փակվելը 2000-ին: Նույն թվականին տեղափոխվել Է Բեռլին` Tobis-StudioCanal-ի արտադրանքի տարածումը վերահսկելու: Հեռանալով Tobis-StudioCanal-ից` 2003-ին դարձել է Համբուրգի կինոփառատոնի տնօրենը: Լյուդվիգսբուրգի վարպետության գերմաներեն/ֆրանսերեն դասընթացի մշտական դասախոս է և Եվրոպական կինոակադեմիայի անդամ:
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն