Ժյուրի

Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Դարյուշ Մեհրջուի (Իրան)
Դարյուշ Մեհրջուի (Իրան)
Որպես իրանական կինոյի նոր ալիքի խորհրդանշական դեմք` Մեհրջուին համարվում է ամենաինտելեկտուալ ռեժիսորներից մեկը: Ծնվել է 1939-ին Թեհրանում: Երիտասարդ տարիքում մեկնել է Միացյալ Նահանգներ և Լոս Անջելեսում` ընդունվել Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կինոյի բաժինը: Փոխելով մասնագիտացումը` փիլիսոփայություն է ուսանել և 1964-ին` ավարտել համալսարանը: 1965-ին վերադառնալով Իրան` նրա գրեթե անմիջապես սկսել է կինոռեժիսորի կարիերան: 1966-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Ադամանդ 33»-ը: Մեհրջուիի երկրորդ խաղարկային կինոնկարը` «Կովը» (1969), նրան ճանաչում է բերել երկրում և միջազգային ասպարեզում: 1971-ին ֆիլմը, գաղտնի դուրս բերվելով Իրանից, ներկայացվել է Վենետիկի ՄԿՓ-ում, որտեղ առանց նախապես ծրագրվելու եւ ենթագրերի` դարձել է այդ տարվա փառատոնի ամենամեծ իրադարձությունը: Սա շրջադարձային աշխատանք էր իրանական կինոյի պատմության մեջ: Հանդիսատեսները մեծ խանդավառությամբ ընդունեցին «Կովը», թեեւ ֆիլմն անտեսել էր շահութաբեր ժապավենների բոլոր ավանդական տարրերը: 1973-ին Մեհրջուին սկսեց նկարահանել իր այն գործը, որը պիտի դառնար ամենամեծ հավանության արժանացած նրա ֆիլմը: «Շրջանի» համահովանավորը Մշակույթի նախարարությունն էր, բայց կինոնկարը բախվեց Իրանի բժշկական շրջանների դիմադրությանը, և մինչեւ 1977-ը ցուցադրությունն արգելված էր: Իսկ արտասահմանում ֆիլմը համընդհանուր հիացմունք առաջացրեց: 1978-ին Բեռլինի ՄԿՓ-ում «Շրջանն» արժանացավ FIPRESCI-ի մրցանակին: 1981-ին Մեհրջուին ուղևորվեց Փարիզ և մի քանի տարի մնաց այնտեղ` այդ ընթացքում ֆրանսիական հեռուստատեսության համար նկարահանելով «Ճանապարհորդություն դեպի Ռեմբոյի երկիր» լիամետրաժ կիսավավերագրական ֆիլմը: Տան կարոտը նրան ստիպեց վերադառնալ Իրան և ձեռնարկել «Կենվորները» (1986)` մի կատակերգություն անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալի մասին, որը ջանում է բնակարանից վռնդել կենվորներին: «Համուն» ֆիլմում (1989), որ կյանքը խորտակած մտավորականի դիմանկար է, Մեհրջուին ձգտել է պատկերել իր սերնդի հետհեղափոխական շրջադարձը քաղաքականությունից դեպի միստիցիզմ: 90-ականներին Մեհրջուին շարունակեց ֆիլմեր նկարահանել, որոնք առնչվում էին կանանց խնդիրներին: «Բանուն» (1991, էկրան է բարձրացել 1998-ին), քիչ թե շատ, Լուիս Բունյուելի «Վիրիդիանա»-ի տեղափոխումն է Իրան: «Սառա»-ում (1993) նույնը վերաբերում է Իբսենի «Տիկնիկային տունը» պիեսին: «Փարին» (1995), որ Սելինջերի «Ֆրենին և Զուին» վիպակի փախադրումն է, ուշադրություն գրավեց և դատավարության սպառնալիքի տեղիք տվեց մենակյաց գրողի կողմից: «Լեյլան» (1996) ամբողջովին Մեհրջուիի գործն էր եւ առաջինը, որ Արեւմուտքում լայնորեն ցուցադրվեց: Անպտղության և ամեն ինչին խառնվող սկեսրոջ պատճառով փլուզված ամուսնության պատմությունը հիացական արձագանքներ բերեց: Փառատոներից և 1998-ին Լինքոլն կենտրոնի կինոընկերության կազմակերպած լիակատար հետահայաց ցուցադրությունից դուրս` Մեհրջուիի ֆիլմերը մեծ մասամբ անհայտ են Իրանի սահմաններից անդին, մի վրիպում, որը պիտի հուսալ, թե կշտկվի ժամանակի ընթացքում:
Աշոտ Ադամյան (Հայաստան)
Աշոտ Ադամյան (Հայաստան)
Ծնվել է 1953-ին Երևանում: 1968-72 թթ. սովորել է Ա. Թամանյանի անվան տեխնիկումի ճարտարապետական բաժնում: 1972-74 թթ. ծառայել է սովետական բանակում: 1979-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը (Հենրիկ Մալյանի արվեստանոց): 1981-98 թթ. աշխատել է Հ. Մալյանի անվան թատրոնում որպես դերասան, ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար: 1988-91 թթ. սովորել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացներում (Ռոլան Բիկովի արվեստանոց): 1978-ից նկարահանվում է կինոյում: Խաղացել է երկու տասնյակից ավելի դերեր, որոնց թվում են այնպիսի նշանակալից կատարումներ, ինչպիսիք են Թորիկը (Հ. Մալյանի «Կտոր մը երկինք»), Օբերոնը (Ա. Մկրտչյանի «Հին օրերի երգը»), Վարորդը (Ա. Էգոյանի «Օրացույց»):
Գորան Պասկալևիչ (Սերբիա)
Գորան Պասկալևիչ (Սերբիա)
Ծնվել է 1947-ին Բելգրադում: Նախկին Հարավսլավիայի ամենանշանավոր ռեժիսորերից մեկը FAMU-ի շրջանավարտների, այսպես կոչված, «չեխական դպրոցի» ներկայացուցիչ է: Ճանաչման է հասել իր կարճամետրաժ վավերագրական աշխատանքներով, բայց խաղարկային ֆիլմերն էին, որ նրան դասեցին եվրոպացի առաջատար ռեժիսորների կարգը: Պասկալևիչի ոճը, թեմաները և տրագիկոմիկական շունչը իրենց հետքն են թողել չեխական նոր ալիքի վրա: Միջազգային ճանաչում է ձեռք բերել հատկապես «Լողափի հսկիչը ձմռանը» (1976), «Հատուկ բուժում» (1980, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի»), «Մթնշաղի ժամանակ» (1983, Չիկագոյի ՄԿՓ-ի Գլխավոր մրցանակ), «68-ի վաղանցիկ ամառը» (1984), «Պահապան հրեշտակը» (1987), «Հրաշքների ժամանակը» (1989), «Վառոդի տակառ» (1998, FIPRESCI-ի մրցանակ Վենետիկի ՄԿՓ-ում), «Թե ինչպես Հարին ծառ դարձավ» (2001) և «Միջամառնային գիշերվա երազը» (2004, Սան Սեբաստիանի ՄԿՓ-ի ժյուրիի Մեծ մրցանակ): Նրա վերջին ֆիլմի` «Լավատեսների» պրեմիերան կայացել է 2006-ի աշնանը:
Ազիզե Թան (Թուրքիա)
Ազիզե Թան (Թուրքիա)
Ծնվել է 1971-ին Ստամբուլում: Ավարտել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանը: 1993-ից աշխատում է Ստամբուլի Մշակույթի և արվեստի հիմնադրամում` կազմակերպելով հինգ միջազգային փառատոն (կինոյի, թատրոնի, երաժշտության, ջազի փառատոներ և ժամանակակից արվեստի` երկու տարին մեկ բացվող ցուցահանդես): Եղել է Ստամբուլի ժամանակակից արվեստի 5-րդ, 6-րդ և 7-րդ ցուցահանդեսների համադրողը, 2003-ին` դարձել Ստամբուլի ՄԿՓ-ի փոխտնօրենը: 2006-ից այդ փառատոնի տնօրենն է: Վերջին յոթ տարիներին կազմակերպում է նաև Ստամբուլի աշնանային կինոշաբաթը: NETPAC-ի և Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոմրցանակների առաջադրման խորհրդի անդամ:
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն