Ժյուրի

Խաղարկային ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Մորից դե Հադելն
Մորից դե Հադելն
Ծնվել է 1940-ին Անգլիայում: Թողել է համալսարանական ուսումը փարիզյան Սորբոնում (որտեղ քիմիա եւ ֆիզիկա էր ուսանում)` հանուն մի փորձարարական կինոլաբորատորիայում սովորելու եւ Ռեյմոն Ռուլոյի կինոդասընթացին հետեւելու: Արտահաստիքային լուսանկարիչ աշխատելուց հետո հնարավորություն է ստացել նկարահանելու իր առաջին վավերագրական ֆիլմը` "Ճաղատը" (1963): Դրանից հետո մի քանի տարի համագործակցել է կինեմատոգրաֆիստ Էռնեստ Արտարիայի հետ: 1966-ին նկարահանել է իր երկրորդ ֆիլմը` "Ստվերներ եւ պատրանքներ"-ը, միաժամանակ` Իվ Ալեգրեի հետ կինոմոնտաժող աշխատել Ցյուրիխում եւ ռեժիսորի ասիստենտ` Բեռլինի "CCC" կինոստուդիայում:1969-ին կնոջ` Էրիկայի հետ, Շվեյցարիայում հիմնել է Նիոնի վավերագրական կինոյի միջազգային փառատոնը, որը ղեկավարել է մինչեւ 1979 թ.: 1972-1977 թթ. գլխավորել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը, որը նրա հսկողության տակ միջազգային ճանաչման նոր փուլ է թեւակոխել: 1979-ին հրավիրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնը ղեկավարելու: Հիմնադրել է Բեռլինալեն` որպես աշխարհի ամենից լավ կազմակերպված փառատոներից մեկը: Արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության արվեստի եւ գրականության շքանշանի, վաստակի համար` պարգեւատրվել Իտալիայի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության շքանշաններով: 2000-ին Եվրոպական կինոֆորումը Ստրասբուրգում նրան Եվրոպայի մրցանակ է շնորհել` որպես "հարգանք տուրք փառատոնի մեծ տնօրենին": Եղել է Օբերհաուզենի, Գուադալախարայի, Մոնրեալի, Վենետիկի, Կառլովի Վարիի եւ Չիկագոյի միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ: 2002-2003 թթ. գլխավորել է Վենետիկի կինոփառատոնը: Ներկայումս Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:
Սանդրա դեն Համեր (Հոլանդիա)
Սանդրա դեն Համեր (Հոլանդիա)
Ուտրեխտի համալսարանում ուսանել է կինոգիտություն եւ թատերագիտություն, այնուհետեւ` փորձաշրջան անցել Անգլիայի 4-րդ ալիքում: Ռոտերդամի միջազգային փառատոնի հետ իր համագործակցությունն սկսել է 1986-ին` որպես CineMart-ի կոորդինատոր եւ փառատոնի պրոդյուսեր, ապա` 1991-ին դարձել փառատոնի փոխնախագահ: 2000-ից ի վեր Սայմոն Ֆիլդի հետ եղել է փառատոնի համանախագահ, իսկ 2004-ին` նշանակվել նախագահ: Վերջին 15 տարիներին եռանդուն մասնակցություն է ունեցել միջազգային տարբեր նախագծերի, այդ թվում` Կարթագենի, Հավանայի, Պուսանի, Տոկիոյի, Նյու Յորքի կինոփառատոներում, Կաննի "Հատուկ հայացք" ծրագրի, Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) եւ Ուտրեխտի հոլանդական կինոյի փառատոների ժյուրիի անդամ է եղել: Անդամակցել է Հոլանդայի կինոֆոնդի` խաղարկային ֆիլմերի գծով խորհրդատվական կոմիտեին, Նիդերլանդների կինոներդրողների եւ Աֆրիկայի տեսալսողական ոլորտի ձեռնարկուների միություններին:
Կիմ Դոնգ-հո (Հարավային Կորեա)
Կիմ Դոնգ-հո (Հարավային Կորեա)
Ծնվել է 1937-ին: Սովորել է Սեուլի ազգային համալսարանի իրավունքի բաժնում, ապա` մագիստրոսի աստիճան ստացել Հանյանգի համալսարանում: 27 տարի տարբեր կառավարական պաշտոններ է զբաղեցրել Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունում, ինչպես նաեւ նախագահել է Կորեայի Կինեմատոգրաֆի զարգացման կորպորացիան եւ Սեուլի Արվեստի կենտրոնը: Այժմ Պուսանի միջազգային կինոփառատոնի նախագահն է եւ Ասիական կինոյի զարգացման ցանցի փոխնախագահը: Մշակույթի ասպարեզում ունեցած նվաճումների համար բազմիցս պարգեւատրվել է Հարավային Կորեայում եւ երկրի սահմաններից դուրս: Ռոտերդամի, Սիեթլի եւ այլ հեղինակավոր կինոփառատոներում եղել է ժյուրիի անդամ: Նրա վերջին գիրքը` "Կորեայի կինոքաղաքականության պատմությունը", լույս է տեսել 2005-ին:
Եշիմ Ուստաօղլու (Թուրքիա)
Եշիմ Ուստաօղլու (Թուրքիա)
Ծնվել է 1960-ին Սարիղամիշում: Կարադենիզի տեխնիկական համալսարանում ճարտարապետություն ուսանելուց հետո մագիստրոսի աստիճան է ստացել Ստամբուլի Յըլդըզ համալսարանում: Աշխատել է որպես ճարտարապետ, դիզայներ ու ռեստավրացիայի փորձագետ եւ ֆինանսավորել մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արժանացել են քննադատների գովասանքին: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` "Հետքը", ցուցադրվել է բազմաթիվ միջազգային փառատոներում: Հաջորդ, "Ճանապարհորդություն դեպի արեւը" ֆիլմը` քաղաքական ճնշումներից չընկճվող խիզախ բարեկամության մասին, հեղինակին միջազգային ճանաչում է բերել: 1999-ի Բեռլինի միջազգային կինոփառատոնում ֆիլմն ստացել է "Երկնագույն հրեշտակ" մրցանակ` որպես լավագույն եվրոպական կինոնկար, ինչպես նաեւ` "Խաղաղության մրցանակ՚, իսկ Ստամբուլի միջազգային կինոփառատոնում` մրցանակներ լավագույն կինոնկարի եւ ռեժիսուրայի համար, FIPRESCI-ի եւ Հանդիսատեսի մրցանակները: Վերջին` "Ամպերին սպասելով" ֆիլմի սցենարի համար 2003-ին արժանացել է Սանդենսի կինոփառատոնի կինոգործիչների միջազգային մրցանակին:
Պերճ Զեյթունցյան (Հայաստան)
Պերճ Զեյթունցյան (Հայաստան)
Ծնվել է1838թ. Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս: Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը, սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին: Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն: Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երեւանի թատրոններում: Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների "Տիբերինա" ակադեմիայի պատվավոր անդամ, Երեւանի պատվավոր քաղաքացի:
Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն