Ժյուրի

Հայկական համայնապատկեր

Վերադարձ
 
Դավիթ Սաֆարյան (Հայաստան)
Դավիթ Սաֆարյան (Հայաստան)
1975-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1972-78 թթ. հեռուստաթատրոնի դերասան է եղել, ապա վավերագրական ֆիլմերի ստուդիայում աշխատել որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր: 1983-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): 1983-ից որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1991-ին Դավիթ Սաֆարյանը Փարիզի Ֆրանսիական ֆիլմադարանում իր կինոնկարների հատուկ ցուցադրություն է ունեցել և 1991-ից այդ ֆիլմադարանի գլխավոր ժողովի անդամ է: 1995-2001 թթ. ORB/SFB/RBB գերմանական հեռուստաընկերությունների համար վավերագրական ֆիլմաշար է ստեղծել հայ մշակույթի և պատմության մասին: 1996-ին Ֆրանսիական ֆիլմադարանի 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 1999-ին Բեռլինում կայացել է նրա ֆիլմերի ընտրանու մեկշաբաթյա ցուցադրություն: 2001-02 թթ. Դավիթ Սաֆարյանը հրավիրվել է դասավանդելու Քասելի համալսարանի (Գերմանիա) կինոյի և հեռուստատեսության բաժնում: 2002-ին հիմնել է Studio DS կինոարտադրության և արվեստի զարգացման հիմնադրամը: 2003-07 թթ. եղել է Քասելի համալսարանի պրոֆեսոր, կինոյի և հեռուստատեսության բաժնի համաղեկավար: 2001-ից հեղինակում է «Ականավոր դեմքեր. 20-րդ դարը և դարերի փոփոխությունը» դիմաշարը՝ օգտագործելով բացառիկ վավերագրական կադրեր Մարսել Մարսոյի, Հովաննես Պողոս 2-րդի, Քշիշտոֆ Պենդերեցկու մասնակցությամբ:
Գագա Չխեիձե (Վրաստան)
Գագա Չխեիձե (Վրաստան)
Կինոարվեստի «Պրոմեթևս» կենտրոն հասարակական կազմակերպության և Թբիլիսիի ՄԿՓ-ի հիմնադիրն ու տնօրենն է: 2005-ից նաև Վրացական կինոյի հիմնադրամի վարչության անդամ է: Թբիլիսիի պետական համալսարանում երկու տարի գերմաներեն լեզու և գրականություն ուսումնասիրելուց հետո ավարտել է Ենայի (Գերմանիա) Ֆրիդրիխ Շիլլեր համալասարանի գրականության և արվեստի ֆակուլտետը: Վրաստանի պետական հեռուստաընկերությունում աշխատել է որպես խմբագիր: 2005-08 թթ. եղել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը: 1991-2000 թթ. համակարգել է Բեռլինի ՄԿՓ-ի «Նոր կինոյի ֆորում» ծրագիրը:
Մարիամ դ’Աբո (Մեծ Բրիտանիա)
Մարիամ դ’Աբո (Մեծ Բրիտանիա)
Ծնվել է 1960-ին Լոնդոնում, մեծացել Փարիզում ու Ժնևում: Արվեստ և դերասանական վարպետություն ուսանելու նպատակով վերադարձել է Մեծ Բրիտանիա: 1980-ականներին աշխատել է ֆրանսիական թատրոնում և ֆրանս-բրիտանական համատեղ արտադրության հեռուստաֆիլմերում: 1987-ին Թիմըթի Դոլթոնի Ջեյմս Բոնդի կողքին հանդես է եկել «Կայծեր աչքերից» ֆիլմում, որի շնորհիվ հայտնվել է Լոս Անջելեսում՝ գլխավոր դեր ստանալով NBC-ի «Դրսում ինչ-որ բան կա» հեռուստասերիալում: Տեղափոխվել է Լոս Անջելես՝ շարունակելով աշխատել ամերիկյան հեռուստատեսությունում: 1989-ին վերադարձել է Անգլիա՝ «Խոզաբույծ Լեոնը» անկախ խաղարկային ֆիլմում նկարհանվելու. այս հրեական կատակերգությունը հետագայում պաշտամունքային ֆիլմի է վերածվել: 1999-ին Մարիամ դ’Աբոն դարձել է Բեթ Հենլիի «Առատություն» պիեսի պրոդյուսերը և Միրիամ Սիրի հետ ներկայացրել բրիտանական բեմում: 2001-ին մարմնավորել է Լարային՝ Քիրա Նայթլիի հերոսուհու մորը Էնդրյու Դեյվիսի «Դոկտոր Ժիվագո» հեռուստաֆիլմում: 2002-ին որպես պրոդյուսեր և վարող հանդես է եկել «Բոնդի աղջիկները հավիտյան են» վավերագրական ֆիլմում: Ջոն Քորքի հետ նաև «Բոնդի աղջիկները հավիտյան են» գրքի համահեղինակն է: 2005-ին դարձել է «Վկայություն տալով» վավերագրական ֆիլմի համապրոդյուսերը, որը պատերազմի հինգ կին լրագրողների մասին է (ռեժ.՝ Բարբարա Քոփլ): Ֆիլմի պրեմիերան կայացել է Թրայբեքա ԿՓ-ում: Ուղեղի արյունազեղումից հետո ողջ մնալով` 2007-ին Մարիամ դ’Աբոն Հյու Հադսոնի հետ թողարկել է «Խանգարում. կյանքն իմ խախտված ուղեղով» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2011-ին BBC-ով: 2013-14 թթ. դ’Աբոն նկարահանվել է Դանիս Տանովիչի «Վագրեր» ֆիլմում, որը ներկայացվել է Թորոնթոյի և Սան Սեբաստիանի ՄԿՓ-երում: Այժմ դ’Աբոն զբաղված է «Վրաստանի կանչը» վավերագրական նախագծով և «Հեդդա Գաբլեր» խաղարկային կինոնկարով, որի սցենարը գրել է Քրիստոֆեր Հեմփթոնը Իբսենի համանուն պիեսի իր բեմադրության հիման վրա:
Յադվիգա Նովակովսկա (Լեհաստան)
Յադվիգա Նովակովսկա (Լեհաստան)
Lեհ լրագրող և վավերագրող: Ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի երկու ֆակուլտետը. 1981-ին` պատմության, 1984-ին` լրագրության: 1989-ից աշխատել է Լեհաստանի հանրային հեռուստաընկերությունում (TVP1): 2006-09 թթ. եղել է լեհական հեռուստատեսության վավերագրական ֆիլմերի խմբագրական բաժնի ղեկավարը և ղեկավարի տեղակալը: Ավելի քան հարյուր վավերագրական ֆիլմի ու շարքի հեղինակ է, որոնց թվում են «Լեհական տոհմերը» (լեհ ազնվականության վերաբերյալ), «Ակնհայտը` ոչ ակնհայտ», «Տարբեր աստվածների որդիները» (շարք ազգային, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների մշակութային ժառանգության մասին), «Վիստուլա» գործողությունը», «Թող ողջ մնացողները հույսը չկորցնեն», «Վերապրել ճշմարտությունն ասելու համար» (լեհ-ուկրաինական հարաբերությունների մասին), «Լեհերը Սիբիրում» (Սիբիրի քաղաքակրթական զարգացման և կառուցապատման մեջ լեհերի ունեցած ներդրման մասին), «Որովհետև արժե», «Ապստամբության վերհուշը», «Ստորգետնյա քաղաքը» (Վարշավայի ապստամբության վերաբերյալ), «Երկու ազգերի պահարանը» (լեհ-լատվիական հարաբերությունների մասին) գործերը:
Ենս Գայգեր (Գերմանիա)
Ենս Գայգեր (Գերմանիա)
Կինոծրագրերի համբուրգցի համադրող: Սովորել է Ֆրայբուրգի (Գերմանիա), Գյոթեբորգի (Շվեդիա) և Համբուրգի (Գերմանիա) համալսարաններում: Քաղաքական գիտություններ է ուսանել, ինչպես նաև մշակութային համադրում Լայպցիգի գեղարվեստի ակադեմիայում: 2008-13 թթ. բազմաթիվ ցուցահանդեսների համադրողն ու հետազոտողն է եղել: 2008-ից Համբուրգի ԿՓ-ի ծրագրերի կազմողն ու համադրողն է: Աշխատում է նաև Համբուրգի վավերագրական կինոյի փառատոնի, Համբուրգի կարճամետրաժ կինոյի գործակալության և Բրատիսլավայի «Ֆիլմտոպիա» դիստրիբյուցիոն կազմակերպության հետ: 2017-ից Կարլսռուհեի (Գերմանիա) ֆիլմադարանի գեղարվեստական ղեկավարն է:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն