Նորություններ

Ստեղծարար Եվրոպա Ֆորումի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վերադարձ 22 Սեպտեմբերի 2017 12:45
Ստեղծարար Եվրոպա Ֆորումի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ստեղծարար Եվրոպա Ֆորումի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի` «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին լիակատար անդամակցության վերաբերյալ

14 հուլիս, 2017թ.

 

Ավելի քան 60 մասնակիցների անունից Ստեղծարար Եվրոպա Երեւանյան Ֆորումըբարձր է գնահատում Եվրոպական միության նախաձեռնությամբ հիմնադրված «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը,  որը բաղկացած է երկու խոշոր ենթածրագրերից` Մշակույթ եւ Մեդիա: «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրամիությունը հսկայական միջոցներ է  տրամադրել մասնակից երկրների մշակույթի զարգացմանը (ԵՄ եւ ԱլԳ երկրների ամբողջ ծրագրի բյուջեն 2014-2020 թվականների համար հաստատված է €1.46 միլիարդի չափով):

Արդեն 2015-ին ծրագրին միացել են Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, ինչը խթան է դարձել այդ երկրներում ստեղծագործական ոլորտի զարգացման համար: Սա պետք է օրինակ ծառայեր Հայաստանի իշխանություններին: 2015 թ. նոյեմբերին «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու մասին հատուկ հայտարարություն է ընդունվել Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) կողմից, որը հասցեագրված էր Հայաստանի իշխանություններին եւ կոչ էր անում անմիջապես միանալ ծրագրին: Այնուամենայնիվ, չնայած այս հանգամանքին, Հայաստանը ոչ 2016 թվականին, ոչ էլ 2017-ին չի միացել ծրագրին, եւ դա բացասական ազդեցություն ունեցավ երկրում ստեղծագործական հատվածի զարգացման վրա:

Թեեւ՝ ֆորումի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն, Հայաստանը Մշակույթի ենթածրագրի շրջանակներում կմիանա «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին 2018 թվականի սկզբին: Այնուամենայնիվ, դա լիովին չի արտացոլում երկրում մասնագիտական ստեղծագործական կազմակերպությունների ակնկալիքներն ու պահանջները, առկա իրավիճակում նրանք զրկվում են հսկայական ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու հնարավորությունից:

Ստեղծված իրավիճակում կարեւոր ենք համարում եւս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին ամբողջ ծավալով` Մշակույթ եւ Մեդիա բաղադրիչներով, լիարժեք մասնակից դառնալու կարեւորությունը:

Ստեղծարար Եվրոպա Երեւանյան Ֆորումի մասնակիցները կոչ են անում ՀՀ կառավարությանը դրական արձագանքել ստեղծագործական ոչ կառավարական կազմակերպությունների եւ ոլորտի մասնագետների պահանջին, եւ ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի լիակատար անդամակցության համար, որպեսզի մշակույթի ոլորտում գործող հայաստանյան կազմակերպությունները կարողանան դիմել 2018թ. սկզբին նախատեսված դրամաշնորհների հաջորդ մրցույթին: Շահած ծրագրերը ոչ միայն հնարավորություն կտան նոր լիցք հաղորդել Հայաստանում մշակույթի եւ մեդիա-մշակույթի ոլորտների զարգացմանը, այլ նաեւ նոր հնարավորություններ կստեղծեն փոխշահավետ համագործակցության համար Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների համապատասխան կազմակերպությունների հետ:

Ստեղծարար Եվրոպա Ֆորում

14 հուլիս, 2017թ.

Երեւան

----------------------------------------------

Ստեղծարար Եվրոպա Ֆորումը իրականացվել է Ոսկե Ծիրան Կինոյի Զարգացման Հիմնադրամը, այն տեղի էր ունեցել 14-րդ Ոսկե Ծիրան Միջազգային  Կինոփառատոնի շրջանակներում՝ հուլիսի 12-ից 14ը, 2017թ.:

Եռօրյա ֆորումի ընթացքում անցկացվեցին բազում ուսումնասիրություններ, սեմինարներ, գործնական հանդիպումներ և կինոնախագծերի քննարկումներ: Ֆորումի հյուրերի թվում էին Եվրոպական կառույցների, Հայաստանի Մշակույթի նախարարության և Ստեղծարար Եվրոպա ծրագրի պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես նաև բազում կինո մասնագետներ և փորձագետներ: Ստեղծարար Եվրոպա Ֆորումը ուներ 60-ից ավելի մասնակիցներ, ավելի քան 15 երկրներից՝ Լեհաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Չեխիաից, Հոլանդիայից, ինչպես նաև Արևելյան Գործընկերության մյուս երկրներից:

 

Ստեղծարար Եվրոպա Ֆորում նախագիծը իրականացվում է EaP CSF RE-GRANTING 2017 scheme (www.eap-csf.eu) -ի, LEA միջազգային հիմնադրամի (Վրաստան) և Ինտերնյուս (Ուկրաինա) միջազգային կազմակերպության աջակցությամբ:

   

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն