Ֆիլմեր

Հելենա Տրժեշտիկովա

Վերադարձ
Հելենա Տրժեշտիկովա

ՀելենաՏրժեշտիկովա (ծն. 1949)

Չեխ կարևորագույն վավերագրողներից մեկն է: 1974-ին Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը (FAMU) ավարտելուց ի վեր  մոտ քառասուն ֆիլմ է նկարահանել: Երկար ժամանակ աշխատել է Չեխիայի հեռուստատեսությունում, որը  1987-ին  հիմնեց  «Ամուսնական պատմություններ» նշանավոր ֆիլմաշարը` որպես երիտասարդ ամուսնական զույգերի յոթամյա դիմանկարներ: Հեռուստաշարքի վեց մասերը, որ միավորում էին սոցիոլոգիան, ժողովրդագրությունը և cinéma-vérité-ն, ռեժիսորին շատ հայտնի դարձրին իր երկրում: 2006-ին նախագիծը շարունակվեց երկրորդ ֆիլմաշարով` «Ամուսնական պատմություններ. քսան տարի անց», որտեղ  ներկայացվում էր զույգերի կյանքի հետագա շրջանը: Երկու ֆիլմաշարերում էլ առկա է Տրժեշտիկովայի այցեքարտը  դարձած այն աշխատանքային մեթոդը, որը հայտնի է որպես «ժամանակի հավաքածու»: Չեխական հեռուստատեսությունում աշխատելու տարիներին Տրժեշտիկովան   հետաքրքրություն է ցուցաբերել կին հերոսների հանդեպ` կերտելով ողբերգական ճակատագրի տեր մի շարք կանանց դիմանկարներ, որոնց թվում են շնորհազուրկ դերասանուհի Լիդա Բաարովան («Դառնանուշ հուշեր», 1995), բանտարկված հակակոմունիստները («Սիրելի դար», 1998), նացիզմի ու ստալինիզմի զոհը («Հիտլերը, Ստալինը և ես»,) համակենտրոնացման ճամբարից փրկվածը («Իմ բախտավոր աստղը», 2004): Նրանք բոլորը ներկայացնում են XX դարի ամբողջատիրական գաղափարախոսությունների հետևանքով խեղված իրենց անձնական պատմությունները: 2000-ի վերջին նկարահանած դիմանկարների եռապատումը («Մարցելա», «Ռենե», «Կատկա») Տրժեշտիկովային  միջազգային  ճանաչում բերեց: «Ռենեն»  2008-ին  Եվրոպական կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակը շահեց որպես լավագույն վավերագրական ֆիլմ:  «Կատկան»  2010-ին Մոնրեալի վավերագրական կինոյի ՄՓ-ում  երկու մրցանակ ստացավ (ընդ որում՝ լավագույն մոնտաժի համար): Հասարակության լուսանցքում հայտնվածների այս երեք դիմանկարներում, որոնք նկարահանվել են  10-20 տարվա ժամանակահատվածում, ռեժիսորը է՛լ ավելի է  կենտրոնանում  ժամանակի շարունակականության  վրա` համբերատարությամբ  կառուցելով իր պատումն ու սպասելով այն իրադարձություններին, որոնք իրենցով մի ամբողջ կյանք են նշանավորելու: Ժամանակի մեջ «սահելու» իր մեթոդը  Տրժեշտիկովան շարունակել է  նաև    հետագա գործերում, ինչպես, օրինակ, «Անձնական աշխարհ»-ում, որն ընդգրկում է  մի ընտանիքի կյանքի երեսունյոթ տարին: Վերջերս Հելենա Տրժեշտիկովայի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել  մի շարք գլխավոր փառատոներում, այդ թվում` Բուենոս Այրեսի  անկախ կինոյի ՄՓ-ում,  Սալոնիկի և Մոնրեալի  վավերագրական կինոյի փառատոներում:

 

Ֆիլմացանկ (ընտրանի)

Ռոմեոն, Ջուլիետը և երեխաները (1974), Հրաշք (1975), Լույսի հպում (1979), Ամուսնական ուսումնասիրություններ (1987), Սիրուց դուրս (1987), Ուղիներ գտնելով (1988), Մի բան պատմիր քո մասին (1992), Սիրելի դար (1998), Կարմենի պատմությունը (1999), Կանայք հազարամյակի սահմանագլխին (2001), Հիտլերը, Ստալինը և ես (2001), Ծուղակում և դարձյալ ծուղակում (2003), Մարցելա (2006), Ռենե (2008), Կատկա (2009), Անձնական աշխարհ (2012), Մելորի (2015), Դատապարտված գեղեցկություն (2016), Ամուսնական պատմություն (2017):

Moscow Cinema
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն