Ժյուրի

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Միխայել Գլավոգեր (Ավստրիա)
Միխայել Գլավոգեր (Ավստրիա)
Ծնվել է 1959-ին Գրացում (Ավստրիա): Սովորել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում և Վիեննայի կինոակադեմիայում: Բացի ռեժիսոր լինելուց, գրող է և օպերատոր: Պարբերաբար համագործակցում է Ուլրիխ Զայդլի հետ: 1995-ին «Մրջյունների ճանապարհը» ֆիլմի համար արժանացել է Վիեննայի կինոփառատոնի մրցանակի: 2006-ին Գլավոգերի «Աշխատավորի վախճանը» վավերագրական ֆիլմը շահել է «Ոսկե ծիրան» մրցանակը:
Մելեք Թեյլան (Թուրքիա)
Մելեք Թեյլան (Թուրքիա)
Ծնվել է 1946-ին Ստամբուլում: 1965-ին ավարտել է Օրիորդաց ամերիկյան քոլեջը (Ռոբերտ քոլեջ): 1967-ին ընդունվել է Ստամբուլի համալսարանի անգլիական գրականության բաժինը: 1971-ին հեռացել է Թուրքիայից` բնակվելով Ժնևում, Ամստերդամում և Բոլոնյայում: 1974-ին վերադարձել է Թուրքիա և ավարտել Ստամբուլի համալսարանի անգլիական գրականության բաժինը: 1976-ին որպես անգլերենի դասախոս աշխատանքի է անցել Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի (Անկարա) հումանիտար գիտությունների բաժնում: Ուսումը շարունակել է այդ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: Միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել: 1982-ին վերադարձել է Ստամբուլ: Մամուլի և գովազդի խորհրդատու է եղել Աղա Հան հիմնադարամում և սինքրոն թարգմանիչ` Սինքրոն թարգմանիչների ընկերակցությունում: 1992-ին գործընկերուհու` Նուրդան Արջայի հետ, հինել է «Ajans 21» վավերագրական ֆիլմերի անկախ ստուդիան: 1994-ին սկսել է աշխատել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Թուրքիայի բաժնում: Ընտրվել է Թուրքիայի HCA-ի ռեժիսորների վարչության անդամ: Թողարկել է երկու վավերագրական ֆիլմ:
Վիտալի Մանսկի (Ռուսաստան)
Վիտալի Մանսկի (Ռուսաստան)
Ծնվել է 1963-ին Լվովում: 1982-ին ընդունվել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտ (ՎԳԻԿ): 1989 թվականից ի վեր նկարահանել է 23 ֆիլմ, որոնք մասնակցել են ավելի քան 200 միջազգային փառատոների եւ արժանացել 30-ից ավելի մրցանակների: Նրա ֆիլմերը բազմիցս ցուցադրվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Իսրայելի եւ շատ այլ երկրների հեռուստաընկերությունների կողմից: 1996 թվականից հիմնել եւ վարում է «Իրական կինո» հաղորդաշարը ռուսական առաջին հեռուստաալիքով: Նույն թվականից մինչեւ 1999-ը եղել է “REN-TV” հեռուստաընկերության կինոցուցադրումների ծառայության ղեկավարը եւ գլխավոր պռոդյուսերը: 1999-ից 2003-ը ղեկավարել է «Ռոսիա - ՌՏՌ» ալիքի վավերագրական ծրագրերի արտադրությունը: Վերջին տարիներին որպես պրոդյուսեր մասնակցել է ավելի քան 200 ֆիլմի արտադրությանը:
Կառլա Կարապետյան (Մեծ Բրիտանիա)
Կառլա Կարապետյան (Մեծ Բրիտանիա)
Միակ ամերիկացին է, որ հաստատվել է BBC-ի նշանավոր Համաշխարհային լուրերում: Մինչ Բրիտանիայում հիմնավորված պրոդյուսեր, ռեժիսոր և թղթակից դառնալը ավարտել է Լոնդոնի Էկոնոմիկայի և քաղաքագիտության դպրոցի միջազգային կապերի բաժինը: Որպես վավերագրող անուն է հանել աֆղան կանանց դաժան վիճակի մասին պատմող "Բարձրացնելով քողը" կինոնկարով: Համաշխարհային մամուլում մեծ արձագանք գտավ նրա "Զոհվելով հանուն նախագահի" ֆիլմը. Կարապետյանը թափանցել էր Չեչնիա` վավերագրելու ռուսական բանակի ծանրագույն հանցագործությունը` փախստականների սպիտակ դրոշակակիր ավտոշարասյան ռմբակոծումը: Արձագանքների տեղիք տվեց նաև "Իմ ընկեր վարձկանը"` Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձի մասին: Կարապետյանը Հարավային Աֆրիկայում մտել էր վարձկանների աշխարհ, որտեղ հեղաշրջումը նախապատրաստվել էր և գաղտնի նկարահանումներ արել Զիմբաբվեում ու Հասարակածային Գվինեայում: Նրա աղմուկ հանած մյուս ֆիլմը Հյուսիսային Կորեայի մասին էր` "Գաղտնի պետության երեխաները", մի կինոնկար, որը հանգամանորեն պատմում է սովի, մարդու իրավունքների ոտնահարման և մարդակերության մասին այդ աղքատ երկրում: Կարապետյանի "Ծածուկ Իրան" ֆիլմը` Իրանի ընդհատակյա ուսանողական շարժման վերաբերյալ, 2005-ին արժանացել է Էդուարդ Ռ.Մըրոուի հեղինակավոր մրցանակին: "LA Times Calendar"-ում Կարապետյանի մասին պատմող հոդվածի վերնագիրը թերևս նրա գործունեության լավագույն բնորոշումն է` "Վավերացնելով ճշմարտությունը վտանգավոր վայրերում": BBC-ի Համաշխարհային լուրերից բացի, Կարապետյանը թղթակցել է NBC-ի Sunrise-ին, Գիշերային լուրերին և CNBC-ի Ֆինանսական լուրերին: Ճանաչված կինոգործիչ Ջ.Մ.Հակոբյանի` Հայոց ցեղասպանությանն անդրադարձող "Ձայներ լճից" կինոնկարի խոսնակն է, ինչպես նաև նրա "Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը" մրցանակակիր ֆիլմի սցենարի համահեղինակը: 2007 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Կառլա Կարապետյանի «Ճչացոթղները» ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» մրցանակի Հայկական համայնապատկեր մրցույթում եւ Էկումենիկ ժօուրիի խրախուսական մրցանակի:
Սերգեյ Բուկովսկի (Ուկրաինա)
Սերգեյ Բուկովսկի (Ուկրաինա)
1960-ին Կիևում ծնված Բուկովսկին Ուկրաինայի լավագույն վավերագրողներից է: Ռեժիսուրա է ուսանել Կիևի Կարպենկո Կարիի անվան թատերական ինստիտուտի կինոյի բաժնում: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ավելի քան մեկ տասնամյակ աշխատել է Ուկրաինայի վավերագրական ֆիլմերի ստուդիայում: Վերակառուցման առաջին տարիներին նրա նկարահանած «Վաղը տոն է» 20-րոպեանոց ֆիլմը (1987) արժանացել է մամուլի, կինոհամայնքի և հանդիսատեսի դրվատանքին: 25-ամյա կինոկարիերայի ընթացքում հեղինակել է շուրջ 50 վավերագրական ֆիլմ: Դրանց մի մասը մրցանակներ են շահել հեղինակավոր միջազգային կինոփառատոներում: Այդ ֆիլմերի թվում են «Տանիքը» (1992), «Տեղաբաշխումը» (1992), «Գծիկը» (1992), «Դեպի Բեռլին»-ը (1995), «Վիլեն Կալյուտա, իսկական լույսը»-ը (2000), «Terra Vermelha. Կարմիր հող»-ը (2001) եւ «Պատերազմ. ուկրաինական հաշիվ» 9-մասանոց վավերագրական հեռուստասերիալը, որը 2004-ին արժանացել է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակին: 1998-ից մինչև 2003-ը Բուկովսկին վավերագրական կինոյի ռեժիսուրայի դասընթաց է վարել Կիևի թատերական ինստիտուտում: Նրա ուսանող Իգոր Ստրեմբիցկին 2005-ին իր կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» է արժանացել:
Submit
 
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2018 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն