Ժյուրի

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Վերադարձ
 
Յուջին Քոր (ԱՄՆ)
Յուջին Քոր (ԱՄՆ)
17-26 տարեկանում պահեստի ու բեռնամբարձիչի վարորդ է աշխատել, կռունկի օպերատոր, մեքենաշինական, պողպատաձուլական և պահածոների գործարանների բանվոր: Կինոկարիերան սկսել է 1973-ին՝ որպես Սան Ֆրանցիսկոյի Cine Manifest արմատական կինոխմբի անդամ: Նրա առաջին՝ «Վերուվար, կողքի ու ցած» խաղարկային ֆիլմի վերականգնված տարբերակը վերջերս ցուցադրվեց Նյու Յորքի Կինոանթոլոգիայի կենտրոնում: Քորը մեծ փորձ ունի թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական կինոյում: Նա «Ուոլդո Սոլթ. սցենարիստի ուղին» լիամետրաժ վավերագրության սցենարի հեղինակն ու ռեժիսորն է (Ռոբերտ Հիլմանի հետ): Ֆիլմը 1991-ին ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Քորն իր սցենարով նկարահանել է նաև «Անապատի ծաղիկը» կինոդրաման (Ջոն Վոյթի և Աննաբեթ Գիշի մասնակցությամբ), որը 1986-ին ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի պաշտոնական ծրագրում: Նա եղել է «Դարհեմի ցուլը», «Քոբ» մեծակտավ կինոկտավների երկրորդ ռեժիսորը, «Փրեֆոնթեյն», «Երբեք չկանչես գայլին», «Վայրի վարդը» ֆիլմերի սցենարների հեղինակը կամ համահեղինակը: Գրել է նաև հեռուստաֆիլմերի սցենարներ և նկարահանել հեռուստասերիալներ: Նրա վերջին վավերագրությունը` «Հավանայի ուրվական քաղաքը» (2015), փառատոնից փառատոն է անցել` շահելով Սևաստոպոլի վավերագրական կինոյի փառատոնի Հանդիսատեսի մրցանակը և Սիրակուզի ՄԿՓ-ի Բասել Շեհադեի անվան մրցանակը սոցիալական արդարության համար:
Թոմ Ֆասարթ (Նիդերլանդներ)
Թոմ Ֆասարթ (Նիդերլանդներ)
Ծնվելով 1979-ին՝ մեծացել է Նիդերլանդներում և Հարավային Աֆրիկայում: Կյանքի ծայրահեղ տարբերություններն արդեն վաղ տարիքից բացել են նրա աչքերը: Բայց, անկասկած, տնային տեսանկարահանումների մոլի սիրահար հոր ֆիլմերն էին առաջին սերմերը, որոնք հետագայում վերածվեցին կրքոտ սիրո կինոյի հանդեպ: Ֆասարթի առաջնեկը «Դոելի հրեշտակը» լիամետրաժ վավերագրությունն էր ոչնչացման վտանգի առաջ կանգնած մի բելգիական գյուղակի մասին: Պրեմիերան կայացավ Բեռլինալեում, այնուհետև ֆիլմը ցուցադրվեց աշխարհի ավելի քան հիսուն փառատոնում և բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացավ: 2015-ին Ֆասարթի «Ընտանեկան պատմություն» երկրորդ լիամետրաժ ֆիլմով բացվեց Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ-ը (IDFA), որտեղ նա իր գործերի համար ստացավ Իշխան Բեռնհարդ մշակութային հիմնադրամի վավերագրության հեղինակավոր մրցանակը: IDFA-ի ժյուրիի հատուկ մրցանակը շահելուց հետո ֆիլմն իր ուղին գտավ դեպի միջազգային տարբեր փառատոներ` բերելով բազում մրցանակներ: Վերջերս «Ընտանեկան պատմությունն» արժանացավ նաև Նիդերլանդների կինոակադեմիայի «Ոսկե հորթ» մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ և ձեռք բերվեց Netflix ամերիկյան ընկերության կողմից միջազգային հեռարձակման համար: Variety հանդեսը Ֆասարթին «տասը դիտարժան վավերագրողներից մեկն» է կոչել: Կինոգործունեությանը զուգընթաց նա դասավանդում է միջազգային ճանաչում ունեցող կինոդպրոցներում:
Միքելանջելո Մեսսինա (Իտալիա)
Միքելանջելո Մեսսինա (Իտալիա)
Ծնվել է 1962-ին Իսկիայում (Իտալիա): 1996-ից նկարահանման տարածքի մենեջեր լինելով՝ համագործակցել է բազմաթիվ իտալական և միջազգային կինոարտադրողների հետ: 2001-ին հիմնել է «Կինոն և տարածքը» նախագիծը, որի նպատակն էր կոմերցիոն կապ ստեղծել լսատեսողական արտադրանքի ու տարածքների միջև: 2003-ից դարձել է Իսկիայի ՄԿՓ-ի պրոդյուսերն ու գեղարվեստական ղեկավարը: 2005-ին, համագործակցելով իտալական և միջազգային կինոհանձնախմբերի հետ, ընդարձակել է նախագիծն ու կազմակերպել Տարածքների և կինոզբոսաշրջության միջազգային փոխանակման առաջին հանդիպումը՝ նվիրված կինոզբոսաշրջության ասպարեզում կուտակված փորձի քննարկմանն ու փոխանակմանը: 2006-ին Իտալիայի զբոսաշրջության փոխանակում (BIT) կազմակերպության հետ ձեռնարկել է Իտալիայում առաջին հետազոտությունը, որի նյութը այլազգի զբոսաշրջիկների ընտրած ֆիլմերն էին Իտալիայի հիշատակմամբ: 2009-ին Մեսսինան ստեղծել է կինոզբոսաշրջության մշտապես գործող գիտական դիտարանը, որի հիմնադիր նախագահն է առայսօր: Տարիներ շարունակ կուտակած տվյալների և ուսումնասիրությունների շնորհիվ համագործակցում է մի շարք իտալական համալսարանների հետ տարածքային մարքեթինգի և տարածքի վրա լսատեսողական արտադրանքի ազդեցության հետազոտման ոլորտում: 2005-ից իր փորձը կիսում և տվյալներն է տրամադրում այն միջազգային համաժողովներին, որոնք նվիրված են զբոսաշրջությունը խթանող համաշխարհային կինոյի երևույթին: 2007-ից Իտալիայի կինոփառատոների վարչության անդամ է և հանդես է գալիս ՄԿՓ-երի ժյուրիների կազմում:
Միմի Գյորգոսկա-Իլյևսկա (Մակեդոնիա)
Միմի Գյորգոսկա-Իլյևսկա (Մակեդոնիա)
Ծնվել է 1972-ին: Արվեստի մագիստրոս է: Ավելի քան քսան տարի կինոասպարեզում է` նախկինում լինելով Մակեդոնիայի ֆիլմադարանի տնօրենը: Մակեդոնիայի ազգային ներկայացուցիչն է Eurimages-ում (Եվրախորհրդի Եվրոպական կինոյի աջակցության հիմնադրամ), եղել է նաև FIAF-ի (Կինոարխիվների միջազգային դաշնություն) գործադիր կոմիտեի և ACE-ի (Եվրոպական ֆիլմերի արխիվների ընկերակցություն) ակտիվ անդամ: 2015-ին նշանակվել է Մակեդոնիայի կինոգործակալության տնօրեն: 2013-ին երկրորդ անգամ է ընտրվել FIAF-ի գործադիր կոմիտեի անդամ, իսկ 2014-ին չորրորդ անգամ՝ ACE-ի գործադիր կոմիտեի անդամ: Աջակցել է մակեդոնական կինոյի զարգացմանը, ազգային կինոժառանգության պահպանմանն ու միջազգային կապերի ամրապնդմանը: Նրա՝ որպես կինոդարանի տնօրենի ուշադրության կենտրոնում է եղել թվայնացման նոր ծրագրերի ներդրումը մակեդոնացի նշանավոր հեղինակների մի շարք ֆիլմերը վերականգնելու և պահպանելու նպատակով: Վերջին քսան տարում լսատեսողական ժառանգության եռանդուն հետազոտական աշխատանք է կատարել որպես Eureka Audiovisual-ի փորձագետ Արևմտյան Բալկանների երկրների և Հարավ-արևելյան կինոցանցի անդամ երկների կապերի գծով: Կինոյի պատմության, տեսության, կինոյի և գրականության կապերի և լսատեսողական ժառանգության պահպանման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների ու հոդվածների հեղինակ է: Երկու տարի առաջ դարձել է Սկոպյեի դրամատիկական արվեստների ֆակուլտետի լսատեսողական արխիվացման դոցենտ:
Գրիգոր Հարությունյան (Հայաստան)
Գրիգոր Հարությունյան (Հայաստան)
Ռեժիսոր: Ծնվել է 1950-ին Երևանում: 1975-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին (կուրսի ղեկավար` Գ. Մելիք-Ավագյան): 1980-ին, ավարտելով ինստիտուտը, մեկնել է Մեղրի, ուր աշխատել է որպես տեղի ժողովրդական թատրոնի ռեժիսոր: 1981-1984 թթ. ռեժիսոր է եղել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում: 1987-ին ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիա, այնուհետև` աշխատանքի անցել «Հայկ» կինոստուդիայում որպես փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր: 1988-ին նրա «Թատերական հրապարակ» ֆիլմը մասնակցել է Սվերդլովսկի ոչ խաղարկային ֆիլմերի 1-ին ՄԿՓ-ին և արժանացել ժյուրիի մրցանակին:1989-ին նույն ֆիլմը Կիևի ՄԿՓ-ում ստացել է Մեծ մրցանակ, իսկ 1990-ին Հարությունյանը հրավիրվել է այդ փառատոնին` որպես ժյուրիի անդամ: Նրա աշխատանքները միջազգային կինոփառատոներում արժանացել են տարբեր մրցանակների:Ավելի քան 20 ֆիլմի հեղինակ է
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2017 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն