Սարսափ քաղաքում Ֆրանսիա / Իտալիա 1975, 120min.
Ռեժիսոր` Անրի Վեռնոյ, սցենարի հեղինակներ` Ժան Լաբորդե, Ֆրանսիս Վեբեր, Անրի Վեռնոյ, օպերատոր` Ժան Պանզե, կոմպոզիտոր` Էննիո Մորրիկոնե, հնչյունային ձևավորողներ` Միշել Բոեմ, Կատրին Դյուբո, Ժան Ռյոյ, մոնտաժող` Պիեռ Ժիլետ
Դերերում. Ժան-Պոլ Բելմոնդո, Շառլ Դընե, Ալբերտո Մարիա Մեռլի, Ռոզի Վարդ, Ռոլան Դյուբիյար, Ժան Մարտեն, Կատրին Մորեն, Ջերմանա Կառնաչինա, Ջովաննի Չանֆրիլյա, Անրի Ջանիկ
Մոլագար մարդասպանը ահ ու սարսափի է մատնում Փարիզի բնակիչներին` գիշերները զանգահարելով երիտասարդ կանանց: Մինոսը, ինչպես ինքն է կոչում իրեն, մտադիր է աշխարհը մաքրել ազատաբարո կանանցից: Գործի հետաքննությունն ստանձնած կոմիսար Լըտելյեն շատ դժվարություններ պիտի հաղթահարի մոլագարին գտնելու համար:
Արտադրող ընկերություններ
Cerito Films
Mondial Televisione Film
| Վեռնոյ, Անրի Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան) (1920, Ռոդոստո, Թուրքիա - 2002, Բանյոլե, Ֆրանսիա)
Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյը 1924-ից հաստատվել է Ֆրանսիայում: Չորս տարեկան էր, երբ մերձավորների հետ հասավ Մարսել` միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս-ան-Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո անցել է լրագրողական գործունեության` 1944-46 թթ. "Հորիզոն" հանդեսի գլխավոր խմբագիրը լինելով: 1945-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայոց դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել "Մարսելյեզ" թերթում: 1947-ից անցել է կինոյի ոլորտ: Մի շարք կարճամետրաժներ է նկարահանել հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951-ին ասպարեզ է հանել իր առաջին` "Մեռածների սեղան" լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել Վեռնոյի հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է ստեղծել: 1980-ին այցելել է Հայաստան: 1996-ին պատվավոր "Սեզարի" է արժանացել: Կյանքի վերջին տարիներին "Մայրիկ" և "Պարադի փողոց, թիվ 588" լիամետրաժ ֆիլմերը նվիրել է իր մանկության և պատանեկության տարիներին:
Ֆիլմացանկ
Վայրէջք արևի վրա (1947), Կուբան Մոնմարտրում (1948), Փարիզի ռիթմերը (1948), Շատախոս ատենակալը (1948), Զուավին հետամուտ (1949), Ո՞ւմ երեխան է (1949), Երկու գնացքի միջև (1949), Տոնավաճառը երգերում (1949), Նոր թշվառները (1949), 33-րդ սենյակը (1949), Մի օր Ժակ Հելյանի և նրա նվագախմբի հետ (1949), Զզվելի ծխամորճ (1950), Ավազակ է պահանջվում (1950), Թյուրիմացություն (1950), Երգերն են թևածում (1950), Միջնորդ լինելու արվեստը (1950), Տեր-Բլանշի լեգենդը (1950), Մեռածների սեղանը (1951), Ֆուլ հաուս ("Ես հոգյակ եմ" նովելը, 1952), Արգելված պտուղը (1952), Վալորգցի հացագործը (1953), Կառնավալ (1953), Հասարակության թիվ մեկ թշնամին (1953), Արմանք-զարմանք (1954), Լիսաբոնյան սիրեցյալներ (1955), Աննշան մարդիկ (1956), Փարիզ, "Պալաս" հյուրանոց (1956), Թևքը և գեղեցկուհին (1957) Մաքսիմ (1958), Առաջնորդը (1959), Կովը և գերին (1959), Մի գիշերվա գործ (1960), Ֆրանսուհին և սերը ("Անհավատարմություն", նովելը, 1960), Նախագահը (1961), Առյուծներին բաց են թողել (1961), Կապիկը ձմռանը (1962), Ներքնահարկի մեղեդին (1963), 100 հազար դոլար արևի տակ (1964), Շաբաթավերջն օվկիանոսի ափին (1964), 25-րդ ժամը (1967), Սան Սեբաստիանի ճակատամարտը (1968), Սիցիլիացիների կլանը (1969), Կողոպուտ (1971), Օձը (1973), Սարսափ քաղաքում (1975), Իմ թշնամու դին (1976), Իկարոսի նման (1979), Հազար միլիարդ դոլար (1982), Արկածախնդիրները (1984), Մայրիկ (1991), Պարադի փողոց, 588 (1992)
|