Կովը և գերին Ֆրանսիա / Իտալիա 1959, 113min.
Ռեժիսոր` Անրի Վեռնոյ, սցենարի հեղինակներ` Անրի Ժանսոն, Անրի Վեռնոյ, Ժան Մանս, պրոդյուսերներ` Ադրի դե Կարբուչչա, Ռոնալդ Ժիրար, օպերատոր` Ռոժե Յուբեր, կոմպոզիտոր` Պոլ Դյուրան, նկարիչ` Ժակ Շալվե, հնչյունային ձևավորողներ` Գաստոն Անսեսի, Անտուան Պըտիժան, Արթյուր Վանդեր Մերեն, մոնտաժող` Ջեյմս Կյունե, Ռոզ Սոկոլ, Գաբրիել Ռոնժյե
Դերերում. Ֆեռնանդել, Էլեն Շվիրս, Հայնրիխ Գրեթլեր, Ինգեբորգ Շյոներ, Պիեռ Լուի, Ռիչարդ Ուինքլեր, Բեռնար Մյուսոն, Մորիս Նազիլ, Ալբեր Ռեմի
Երկրորդ աշխարհամարտում գերի ընկած ֆրանսիացի Շառլ Բային գերմանական ագարակից փախչելու հնարամիտ ձև է գտնում: Ագարակատիրոջ կինը Մարգըրիտ անունով կովն ու մի կաթի աման է տալիս նրան, և Շառլը, Շտուտգարտի ճամփան բռնելով, սահմանին հասնելու համար ձևացնում է, թե մոտակա ագարակում է բանում: Ճանապարհին նրան ստիպում են աշխատել անտառահատարանում, իսկ Մարգըրիտն այդ ընթացքում սիլի-բիլի է անում մի սիրահարված ցլի հետ: Երբ հասնում են Դանուբին, Շառլը հայտնաբերում է, որ բոլոր կամուրջները ռմբակոծությունից ավերվել են: Մի խարխուլ նավակ կա միայն, և Շառլը տխուր հրաժեշտ է տալիս Մարգըրիտին, բայց բանիմաց կովը գետն անցնում է նավակամրջով: Շառլն ու Մարգըրիտը նորից ճանապարհ են ընկնում և ապահով հասնում Շտուտգարտ: Միայն թե Շառլը պետք է արդեն բաժանվի Մարգըրիտից և արտասվալի հրաժեշտից հետո նետվում է մի բեռնագնացքի մեջ ու հասնում Ֆրանսիա: Ինչևէ, դեմ առնելով անվտանգության ֆրանսիացի աշխատակիցներին, որոնք համագործակցում են թշնամու հետ, նա խույս տալու համար նետվում է մի ուրիշ գնացքի մեջ, որը, ցավոք, գնում է այլ ուղղությամբ և նրան հետ է տանում Գերմանիա:
Արտադրող ընկերություններ
Da.Ma. Cinematografica
Les Films du Cyclope
| Վեռնոյ, Անրի Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան) (1920, Ռոդոստո, Թուրքիա - 2002, Բանյոլե, Ֆրանսիա)
Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյը 1924-ից հաստատվել է Ֆրանսիայում: Չորս տարեկան էր, երբ մերձավորների հետ հասավ Մարսել` միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս-ան-Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո անցել է լրագրողական գործունեության` 1944-46 թթ. "Հորիզոն" հանդեսի գլխավոր խմբագիրը լինելով: 1945-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայոց դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել "Մարսելյեզ" թերթում: 1947-ից անցել է կինոյի ոլորտ: Մի շարք կարճամետրաժներ է նկարահանել հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951-ին ասպարեզ է հանել իր առաջին` "Մեռածների սեղան" լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել Վեռնոյի հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է ստեղծել: 1980-ին այցելել է Հայաստան: 1996-ին պատվավոր "Սեզարի" է արժանացել: Կյանքի վերջին տարիներին "Մայրիկ" և "Պարադի փողոց, թիվ 588" լիամետրաժ ֆիլմերը նվիրել է իր մանկության և պատանեկության տարիներին:
Ֆիլմացանկ
Վայրէջք արևի վրա (1947), Կուբան Մոնմարտրում (1948), Փարիզի ռիթմերը (1948), Շատախոս ատենակալը (1948), Զուավին հետամուտ (1949), Ո՞ւմ երեխան է (1949), Երկու գնացքի միջև (1949), Տոնավաճառը երգերում (1949), Նոր թշվառները (1949), 33-րդ սենյակը (1949), Մի օր Ժակ Հելյանի և նրա նվագախմբի հետ (1949), Զզվելի ծխամորճ (1950), Ավազակ է պահանջվում (1950), Թյուրիմացություն (1950), Երգերն են թևածում (1950), Միջնորդ լինելու արվեստը (1950), Տեր-Բլանշի լեգենդը (1950), Մեռածների սեղանը (1951), Ֆուլ հաուս ("Ես հոգյակ եմ" նովելը, 1952), Արգելված պտուղը (1952), Վալորգցի հացագործը (1953), Կառնավալ (1953), Հասարակության թիվ մեկ թշնամին (1953), Արմանք-զարմանք (1954), Լիսաբոնյան սիրեցյալներ (1955), Աննշան մարդիկ (1956), Փարիզ, "Պալաս" հյուրանոց (1956), Թևքը և գեղեցկուհին (1957) Մաքսիմ (1958), Առաջնորդը (1959), Կովը և գերին (1959), Մի գիշերվա գործ (1960), Ֆրանսուհին և սերը ("Անհավատարմություն", նովելը, 1960), Նախագահը (1961), Առյուծներին բաց են թողել (1961), Կապիկը ձմռանը (1962), Ներքնահարկի մեղեդին (1963), 100 հազար դոլար արևի տակ (1964), Շաբաթավերջն օվկիանոսի ափին (1964), 25-րդ ժամը (1967), Սան Սեբաստիանի ճակատամարտը (1968), Սիցիլիացիների կլանը (1969), Կողոպուտ (1971), Օձը (1973), Սարսափ քաղաքում (1975), Իմ թշնամու դին (1976), Իկարոսի նման (1979), Հազար միլիարդ դոլար (1982), Արկածախնդիրները (1984), Մայրիկ (1991), Պարադի փողոց, 588 (1992)
|