VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Թեոդորոս Անգելոպուլոս

Ուղևորություն դեպի Կիթերա

Հունաստան / Իտալիա / Մեծ Բրիտանիա / Գերմանիա
1983, 137min.

Պրոդյուսեր` Գիորգիս Սամիոտիս, ռեժիսոր` Թեոդորոս Անգելոպուլոս, սցենարի հեղինակներ` Թեոդորոս Անգելոպուլոս, Թանասիս Վալտինոսի և Տոնինո Գուերրայի մասնակցությամբ, օպերատոր` Գիորգոս Արվանիստիս, կոմպոզիտոր` Էլենի Կարաինդրու, նկարիչ` Միկես Կարապիպերիս, հնչյունային ձևավորողներ` Թանասիս Արվանիտիս, Դինոս Կիտտու, Նիկոս Աչլադիս, մոնտաժող` Գիորգոս Տրիանտաֆիլլու
Դերերում. Մանոս Կատրակիս, Ջուլիո Բրոջի, Մարի Խրոնոպուլու, Դիոնիսսիս Պարայոննոպուլոս, Դորա Վոլանակի, Աթինոդորոս Պրուսալիս, Միխալիս Յաննատոս, Վասսիլիս Ցագլոս, Դեսպինա Գերուլանու, Տասսոս Սարիդիս

Կիթերան հունական դիցաբանության մեջ անուրջների կղզին է, որտեղ կարելի է նվիրվել երջանկությանը (կամ դրա ձգտմանը): Սա հետաքննություն է հետաքննության մեջ, որտեղ հոր վերադարձի պատմությունն արվում է ասես որդու` Տելեմաքոսի աչքերով, իսկ Տելեմաքոսը կինոռեժիսոր է, միջին տարիքի տղամարդ, որը ինքն էլ որդի ունի: Իր մասնագիտության պատրանքներից ու հորինվածքներից հոգնած ռեժիսորն էական պատմություն է փնտրում` միավորվելով մի տարեց մարդու հետ, որը նոր է վերադարձել քաղաքական աքսորից: Նա 32 տարի Խորհրդային Միությունում է եղել ու հիմա, քաղաքացիությունից զուրկ, կարծես ուղևորության սկզբում է, ոչ թե վերջում, և Անգելոպուլոսը ոգեկոչում է անցյալը, ներկան ու ապագան` իրականության և երևակայության խզումը հաղթահարելու համար: Ֆիլմը պատմում է տարեց մարդու` երկրի ձախ անցյալի մասին. նա անկարող է համակերպվել իր երկրի ներկային, կամ գուցե Հունաստանն է, որ պատրաստ չէ մարտնչել իր անցյալի հետ: Վերջում ծերունին լաստով լողում է Հունաստանից դեպի միջազգային ջրեր, անտուն և անօթևան, կնոջ` Պենելոպեի հետ, չնայած այն հանգամանքին, որ այդքան տարիներ անց այս մարդն ավելի շատ օտարական է կնոջ համար, քան ամուսին, Պենելոպեն որոշում է կյանքի մնացած մասը մնալ նրա կողքին` այդ կերպ ընդունելով նրա ամբողջ անցյալը, վիշտը, քաղաքական հայացքներն ու խորտակված անուրջները: Սա ուղևորություն է դեպի Հունաստանի պատմության մութ կողմը, որտեղ ուղիները խաչվում են առասպելի հետ:

Մրցանակներ
Մրցանակ լավագույն սցենարի համար և FIPRESCI-ի մրցանակ (Կաննի ՄԿՓ, 1984)

Արտադրող ընկերություններ

Հունաստանի կինոկենտրոն
Z.D.F.
Channel 4
R.A.I.
Հունաստանի հեռուստատեսություն
Theo Angelopoulos Films

Անգելոպուլոս, Թեոդորոս

Թեոդորոս (Թեո) Անգելոպուլոս (ծն. 1935, Աթենք)
Աթենքի համալսարանում իրավագիտություն է ուսանել: Զինվորական ծառայությունից հետո մեկնել է Փարիզ` Սորբոնի համալսարանում սովորելու, իսկ հետո ընդունվել է IDHEC ֆրանսիական հեղինակավոր կինոդպրոցը: Որոշ ժամանակ աշխատել է Մարդու թանգարանում` ազգագրագետ և cinema verite-ի ռահվիրա Ժան Ռուշի հովանու տակ: 1964-ին վերադարձել է Աթենք և մինչև 1967-ը` "Ժողովրդավարական փոփոխություն" ձախ թերթի կինոքննադատը եղել: Սկսել է ֆիլմեր նկարահանել 1965-ից: "Ֆորմինքսի պատմությունը" լիամետրաժ խաղարկային ֆիլմն անավարտ է մնացել պրոդյուսերների հետ ծագած տարաձայնության պատճառով: Այնուհետև նկարահանել է "Ռադիոհաղորդում" կարճամետրաժը, իսկ 1970-ին` իր առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքը` "Վերականգնումը": Այդ ժամանակից ի վեր Անգելոպուլոսի ֆիլմերը մասնակցել են անհաշիվ միջազգային կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների` հաստատելով ժամանակակից կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի նրա վարկը:

Ֆիլմացանկ
Ֆորմինքսի պատմությունը (1965), Ռադիոհաղորդում (1968), Վերականգնում (1970), 36 թվականի օրերը (1972), Շրջիկ թատերախումբը (1974-75), Որսորդները (1977), Ալեքսանդր Մեծ (1980), Մի գյուղ, մի գյուղացի (1981, հ/ֆ), Աթենք. վերադարձ Ակրոպոլիս (1983, հ/ֆ), Ուղևորություն դեպի Կիթերա (1983), Մեղվապահը (1986), Մշուշապատ բնապատկեր (1988), Արագիլի ընդհատված քայլը (1991), Ոդիսևսի հայացքը (1995), Լյումիեր և ընկերություն (նովել, 1995), Հավիտենություն և մի օր (1998), Արտասվող մարգագետինը (2003), Ամեն մեկն իր կինոն ունի ("Երեք րոպե" նովելը, 2007), Ժամանակի փոշին (2008)

Ցուցադրումներ

Հուլիսի 13 21:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Printinfo british-council The European Cultural Foundation