Մեղվապահը Ֆրանսիա / Հունաստան 1986, 120min.
Պրոդյուսերներ` Թեոդորոս Անգելոպուլոս, Ջուզեպպե Կոլոմբո, Էնցո Ռիսպոլի, ռեժիսոր` Թեոդորոս Անգելոպուլոս, սցենարի հեղինակներ` Թեոդորոս Անգելոպուլոս, Դիմիտրիս Նոլլասի և Տոնինո Գուերրայի մասնակցությամբ, օպերատոր` Գիորգոս Արվանիտիս, կոմպոզիտոր` Էլենի Կարաինդրու, նկարիչ` Միկես Կարապիպերիս, հնչյունային ձևավորող` Նիկոս Աչլադիս, մոնտաժող` Տակիս Յաննոպուլոս
Դերերում. Մարչելլո Մաստրոյաննի, Նադյա Մուրուզի, Սերժ Ռեջանի, Ջենի Ռուսեա, Դինոս Իլիոպուլոս
Սպիրոսը դստեր ամուսնության օրը, թողնելով ուսուցչի աշխատանքը, կնոջը, իր տունն ու քաղաքը, որոշում է վերսկսել հոր ու պապի գործը: Հունաստանը կտրելով` նա ուղևորվում է այն քաղաքը, որտեղ ծնվել է և սովորել մեղուներ խնամել` հետևելով մեղվապահի ավանդական ուղուն, փնտրելով այն ծաղիկները, որոնցից ամենալավ մեղրն է ստացվում, իր գործով հափշտակված ճամփորդ դառնալով: Սնունդ հայթայթելուց հետո փեթակ վերադարձած մեղվի պես նա այցի է գնում հին ընկերներին և իր մանկության տուն` փնտրելով ներկայի հետ իրեն կապող թելեր: Շրջում է քաղաքից քաղաք, վերհիշում անցած-դարձածը, փորձում իր նախկին իդեալները համաձայնեցնել արագորեն փոխվող երկրի հետ, որ նրան սրտնեղություն է պատճառում: Մի օր էլ Սպիրոսի ուղեկիցն է դառնում մի պատահական աղջիկ, որը թվում է նոր սերնդի ներկայացուցիչը` առանց հիշողության, անցյալի հանդեպ անտարբեր, այսօրվա Հունաստանի մի քաղաքից մյուսը թափառող: Սպիրոսը տարվում է աղջկանով: Վերջինս և վրդովում է նրան, և գրավում: Սպիրոսն ի դեմս այդ աղջկա կապ է փնտրում ապագայի հետ, բայց աղջկա ընկալմամբ` ապագան վերահաս պատահական հանդիպումն է: Սպիրոսի համար անցյալն ամեն ինչ է, իսկ աղջկա համար` ոչինչ: Չկարողանալով հաշտվել ներկայի հետ, անցյալի կողմից դավաճանված և ապագայի հանդեպ զգուշավոր` Սպիրոսն ընկնում է լուռ մենության գիրկը և վերադառնում իր մեղուների մոտ` անձնատուր լինելով նրանց խայթոցներին:
Արտադրող ընկերություն
Հունաստանի կինոկենտրոն
ERT-1 TV (Հունաստան)
Paradis Films (Փարիզ)
Basicinematografica (Հռոմ)
Theodoros Angelopoulos Films
| Անգելոպուլոս, Թեոդորոս Թեոդորոս (Թեո) Անգելոպուլոս (ծն. 1935, Աթենք)
Աթենքի համալսարանում իրավագիտություն է ուսանել: Զինվորական ծառայությունից հետո մեկնել է Փարիզ` Սորբոնի համալսարանում սովորելու, իսկ հետո ընդունվել է IDHEC ֆրանսիական հեղինակավոր կինոդպրոցը: Որոշ ժամանակ աշխատել է Մարդու թանգարանում` ազգագրագետ և cinema verite-ի ռահվիրա Ժան Ռուշի հովանու տակ: 1964-ին վերադարձել է Աթենք և մինչև 1967-ը` "Ժողովրդավարական փոփոխություն" ձախ թերթի կինոքննադատը եղել: Սկսել է ֆիլմեր նկարահանել 1965-ից: "Ֆորմինքսի պատմությունը" լիամետրաժ խաղարկային ֆիլմն անավարտ է մնացել պրոդյուսերների հետ ծագած տարաձայնության պատճառով: Այնուհետև նկարահանել է "Ռադիոհաղորդում" կարճամետրաժը, իսկ 1970-ին` իր առաջին լիամետրաժ խաղարկային աշխատանքը` "Վերականգնումը": Այդ ժամանակից ի վեր Անգելոպուլոսի ֆիլմերը մասնակցել են անհաշիվ միջազգային կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների` հաստատելով ժամանակակից կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի նրա վարկը:
Ֆիլմացանկ
Ֆորմինքսի պատմությունը (1965), Ռադիոհաղորդում (1968), Վերականգնում (1970), 36 թվականի օրերը (1972), Շրջիկ թատերախումբը (1974-75), Որսորդները (1977), Ալեքսանդր Մեծ (1980), Մի գյուղ, մի գյուղացի (1981, հ/ֆ), Աթենք. վերադարձ Ակրոպոլիս (1983, հ/ֆ), Ուղևորություն դեպի Կիթերա (1983), Մեղվապահը (1986), Մշուշապատ բնապատկեր (1988), Արագիլի ընդհատված քայլը (1991), Ոդիսևսի հայացքը (1995), Լյումիեր և ընկերություն (նովել, 1995), Հավիտենություն և մի օր (1998), Արտասվող մարգագետինը (2003), Ամեն մեկն իր կինոն ունի ("Երեք րոպե" նովելը, 2007), Ժամանակի փոշին (2008)
|