VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ռետրոսպեկտիվ

Եժի Սկոլիմովսկի

Հեշտ հաղթանակ

Լեհաստան
1965, 78min.

Սց./ռեժ./նկ.` Եժի Սկոլիմովսկի, օպեր.` Անտոնի Նուժինսկի, կոմպոզ.` Անջեյ Տշասկովսկի, հնչ.` Միկոլայ Կոմպան-Ալտման, մոնտ.` Ալինա Ֆադլիկ:
Դերերում. Եժի Սկոլիմովսկի, Ալեքսանդրա Զավերուշանկա, Քշիշտոֆ Խամեց, Էլժբետա Չիժևսկա, Անջեյ Հերդեր, Տադեուշ Կոնդրատ, Քշիշտոֆ Լիվին, Ստանիսլավ Զաժիկ, Հենրիկ Կլյուբա:

"Հեշտ հաղթանակի" հերոսի հոգեբանական դիմանկարը Սկոլիմովսկու նախորդ ֆիլմում` "Հատուկ նշաններ"-ում ներկայացվածի շարունակությունն է: Այստեղ Անջեյը 30 տարեկան է, արդեն ավարտել է զինծառայությունը, իսկ համալսարանական ուսումը` կիսատ թողել: Այն աղջկա տխուր դեմքը, որ մի քանի դեր էր խաղում "Հատուկ նշաններ"-ում, մի պահ երևում է էկրանին` հանկարծ անհետանալով. ասես աղջիկը սահում, ընկնում է ընթացող նացքի անիվների տակ, որով Անջեյ Լեշչիցը ճանապարհ է ընկել: Կառամատույցին նա նկատում է մի աղջկա` համալսարանի իր համակուրսեցուն, որը Պլոցկ է եկել իր դիպլոմային աշխատանքը` տաճարի ձևավորումն անելու: Նա խորհուրդ է տալիս Անջեյին մնալ այդ քաղաքում, և մի պահ վարանելուց հետո Անջեյը հետևում է նրա խորհրդին: Պլոցկի արդյունաբերական միավորման կառավարիչն առաջարկում է վերահսկիչ ինժեների պաշտոնը, բայց Անջեյը կարծես խուսափում է, անորոշ պատասխաններ տալիս` նշելով, որ դեռ դիպլոմ չի ստացել, պետք է մտմտա առաջարկի շուրջը և այլն: Մի խումբ ինժեներների ու մասնագետների հետ գործարաններն այցելելիս նա հանդիպում է բռնցքամարտի մի մարզչի և ընդունում "Առաջին քայլը բռնցքամարտում" մրցությանը մասնակցելու առաջարկը: Անջեյը հաղթում է իր առաջին մրցամարտում: Այն գիշերվանից հետո, որն անցկացնում է ընկերուհու հետ, երկուսն էլ հեռանում են քաղաքից. աղջիկը ձախողել է իր ավարտական աշխատանքը, իսկ Անջեյը` տանուլ տվել եզրափակիչ մարտը: Բայց նախորդ մարտում Անջեյին պարտված տղան հետապնդում է նրան` մարտը շարունակելու մտադրությամբ: Անջեյը ցատկում է շարժվող գնացքից և դուրս գալիս ռինգ, մինչդեռ լսում է լոկ բարձրախոսի ձայնը, որը հայտարարում է, թե Լեշչիցը հաղթել է առանց մարտի, քանի որ հակառակորդը չի ներկայացել: Նրա մրցանակներն են մի ռադիոընդունիչ և ձեռքի ժամացույց` ևս մեկը` ի հավելումն ժամացույցների այն հավաքածուի, որ ստացել է "Առաջին քայլը բռնցքամարտում" մրցության բազմաթիվ մարտերում հանդես գալով: Եվս մի քաղաք, ուրիշ պատահական ծանոթություն, սեր կամ ատելության այն աղջկա հանդեպ, որը մեղավոր է նրան համալսարանից վտարելու համար, գրեթե տարտամ հուշեր (աղջկա դեմքը), և այժմ` բռնցքամարտի դատարկ դահլիճ ու մի հակառակորդ, որը դիտավորյալ չի ներկայացել մարտին, բայց հիմա հայտնվել ու առաջարկում է, թե պետք է մրցանակները կիսեն: Նա ուժեղ է, անպայման կհաղթեր, ուրեմն էլ ինչո±ւ ընդհանրապես մարտնչեր: Իսկ հիմա եկել է իր հասանելիքը ստանալու: Դեռ շատ քաղաքներ ու մրցամարտեր կան առջևում… Լեշչիցը ծանր հարված է հասցնում նրան, սկսում են կռվել: Անջեյն ընկնում է հատակին:

Սկոլիմովսկի, Եժի

Եժի Սկոլիմովսկի (ծն. 1938, Լոձ, Լեհաստան)
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան, բանաստեղծ և նկարիչ: 1959-ին ավարտել է Վարշավայի համալսարանի ազգագրության բաժինը և ընդունվել Լոձի հեղինակավոր կինոդպրոցը: Ավելի քան 20 ֆիլմ է նկարահանել Լեհաստանում և արտասահմանում:
Ուսման տարիներին զբաղվել է բռնցքամարտով, որը դարձել է 1961-ին նկարահանված նրա առաջին մեծ ֆիլմի` լիամետրաժ վավերագրական ժապավենի նյութը: Քսանն անց հասակում բանաստեղծությունների, պատմվածքների մի քանի ժողովածու և մի պիես է հրապարակել: Սա մղել է նրան սցենար գրելու և բռնցքամարտիկի դեր խաղալու Անջեյ Վայդայի "Անմեղ հրաշագործները" ֆիլմում: Այնուհետև համագործակցել է Ռոման Պոլանսկու հետ` 1962-ին գրելով "Դանակը ջրում" ֆիլմի սցենարը: 1964-1984 թթ. ասպարեզ է հանել կիսաինքնակենսագրական բնույթի մի շարք կինոնկարներ: Ապրելով և աշխատելով տարբեր երկրներում` 1970-1992 թթ. նկարահանել է նաև վեց մեծածախս ֆիլմ, ներառյալ չորս համատեղ արտադրություն` "Ժերարի արկածները", "Թագավոր, աղջիկ, զինվոր", "Ճիչը",  "Լողացող փարոսը", "Գարնանային ջրեր" և "Ֆերդիդուրկե", որոնք բոլորն էլ որոշակիորեն կրում են Սկոլիմովսկու ձեռագիրը: Նրա առաջին ամերիկյան ֆիլմը` "Լողացող փարոսը" ` Ռոբերտ Դյուվոլի մասնակցությամբ, Վենետիկի ՄԿՓ-ում մրցանակի է արժանացել որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: Հաջորդ նախագծի` Տուրգենևի "Գարնանային ջրերի" էկրանացման գլխավոր դերերում նկարահանվել են Թիմոթի Հաթոնը, Նաստասյա Կինսկին և Վալերիա Գոլինոն: Սկոլիմովսկու ֆիլմերից երկուսը մրցանակներ են շահել Կաննի ՄԿՓ-ում. "Ճիչը" վաստակել է ժյուրիի Մեծ մրցանակը, "Ապօրինի աշխատանքը"` "Արծաթե արմավենու ճյուղ": "Մեկնարկի" համար Սկոլիմովսկին նվաճել է նաև Բեռլինի ՄԿՓ-ի "Ոսկե արջը": "Չորս գիշեր Աննայի հետ" ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Կաննում, 2008-ին արժանացել է Տոկիոյի ՄԿՓ-ի Ժյուրիի Մեծ մրցանակին: ՊԱԿ-ի անողոք, բայց զուսպ գնդապետի դիմանկարը` Սկոլիմովսկու պատկերմամբ, հավաստեց նրա դերասանական վարկը: Դերակատարումներով հանդես է եկել "Լ. Ա.", "Առանց քարտեզի", "Մարսն է գրոհում", "Գարնանային ջրեր", "Հմուտ հրաձիգներ" և այլ ֆիլմերում: Նրա նկարները ցուցադրվել են ամբողջ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Մասնակցել է Վենետիկի բիենալեին, նրա գործերը ձեռք են բերել Լեհաստանի և Հունաստանի ժամանակակից արվեստի թանգարանները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և այլ երկրների մասնավոր հավաքորդներ: Ներկայումս Սկոլիմովսկին բնակվում է Մալիբուում (Կալիֆորնիա) և Վարշավայում:

Ֆիլմացանկ
Մատդ աչքը կոխես (1960, կ/մ), Փոքր Համլետ (1960, կ/մ), Էրոտիկա (1960, կ/մ), Բռնցքամարտ (1961), Փողդ կամ կյանքդ (1961, կ/մ), Մերկություն (1962), Հատուկ նշաններ (1964), Հեշտ հաղթանակ (1965), Խոչընդոտ (1966), Ձեռքերը վեր (1966), Մեկնարկ (1966), Երկխոսություն 20-40-60 (ՙ"Քսան տարեկանները" նովելը, 1968), Հենց հատակում (1970), Ժերարի արկածները (1970), Թագավոր, աղջիկ, զինվոր (1972), Ճիչը (1978), Ապօրինի աշխատանք (1982), Հաջողությունը լավագույն վրեժն է (1984), Լողացող փարոսը (1985), Գարնանային ջրեր (1989), Ֆերդիդուրկե (1991), Սնամեջ մարդը (1993), Չորս գիշեր Աննայի հետ (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 15 15:00Մոսկվա կ/թ, կարմիր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club british-council The European Cultural Foundation