Քնած մարդը Ճապոնիա 1996, 103min.
Պրոդ.` Հիրոսի Ֆուձիկուրա, Մունասի Մասուձավա, սց.` Կոհեյ Օգուրի, Կիյոսի Կենմոչի, ռեժ.` Կոհեյ Օգուրի, օպեր.` Օսամե Մարուիկե, կոմպոզ.` Տոսիո Հոսոկավա, նկ.` Յոսինագա Յոկոո, հնչ.` Սոիչի Ինոուե, մոնտ.` Նոբուո Օգավա:
Դերերում. Ան Սուն-կի, Քրիստին Հաքիմ, Կոձի Յակուսյո, Մասասյո Իմաֆուկու, Ակիկո Նոմուրա:
Հիպնոսող գեղեցկությամբ օժտված ֆիլմի հիմքում բնության, կյանքի և մահվան հանդեպ ճապոնական ավանդական վերաբերմունքն է` ոչ թե լարվածության և ընդդիմության, այլ` ներդաշնակության ու միասնության շեշտադրությամբ: Երկար պլանների և էլ ավելի երկար լռությունների վարպետ Օգուրին ներկայացնում է այնպիսի հափշտակիչ պատկերներ, որ նրա ստեղծագործության մեջ գրեթե անհնար է բովանդակությունը տարբերել ձևից: Ֆիլմը պատմում է լեռներով, անտառներով և կատաղի գետերով շրջապատված առերևույթ հանդարտ մի բնակավայրի` Հիլոսիձի մտացածին ճապոնական գյուղի մասին, որտեղ աչքի ընկնող ոչինչ չի կատարվում: Վերնագիրը վերաբերում է Տակուձիին` մի մարդու, որն անգիտակից պառկած է անկողնում` Հարավային Ամերիկայում տեղի ունեցած առեղծվածային ու չբացահայտված պատահարի հետևանքով: Ֆիլմի լեյտմոտիվը քնած Տակուձին է` ընտանիքով և ընկերներով շրջապատված. հանդարտ, մտերմիկ մի պատկեր` ագարակատան շրջակայքի փարթամ բնապատկերիֆոնին: Կինոնկարը սովորական իմաստով սյուժեից զուրկ է, ազատորեն միահյուսում է կես տասնյակ հերոսների կյանքը: Նրանց մեջ աչքի է ընկնում Կամիմուրան` Տակուձիի դասընկերը, որնայցելում է նրան և մտաբերում անտառում անցկացրած մանկության օրերը: Տեղի բարում աշխատում է Տիան` Հարավարևելյան Ասիայից եկած մի գեղեցկուհի, որի որդին խեղդվել է հայրենիքում` անտառահատումների հետևանքով առաջացած ջրհեղեղում: Նա աստիճանաբար ընկերանում է Կամիմուրայի և մյուս գյուղացիների հետ, որոնք սկզբում կասկածում էին, թե նա ստախոս է, քանի որ օտար է: Ֆիլմի ամենաքնարական տեսարանում, որը հաջորդում է Նո թատրոնի ներկայացմանը, Կամիմուրան և Տիան առանձին-առանձին թափառում են լեռներում և հանդիպում տնակում, որտեղ Կամիմուրան մանկության տարիներին ապրել է Տակուձիի հետ: Մինչ Տակուձին գամված է անկողնուն, տարվա եղանակները հաջորդում են իրար` հնարավորություն ընձեռելով աստվածարել բնությունն իր ամբողջ հարափոփոխ շուքով: Օգուրիի մոտեցումը եղերերգական է, փառաբանում է կյանքի ավանդական կերպի հարստությունը, որը, սակայն, կորչում է, թեպետ նա ընդունում է տեխնոլոգիական զարգացման անխուսափելիությունը: “Քնած մարդը” ջատագովում է հնարավորինս մեծ ներդաշնակությունը բնության հետ: Խիստ հնարամիտ, բանաստեղծական եղանակով, պատումը վարում են ոչ թե բառերը, այլ պատկերները, որոնք զուսպ, ժլատ պատմությանը տալիս են կառուցիկ ձև և առանձնահատուկ գեղագիտություն: Ըստ ամերիկյան չափորոշիչների` ֆիլմի ընթացքը ծայրահեղ դանդաղ է, թերևս` նույնիսկ տաղտկալի, բայց Օգուրիի նախըտրած տեմպը համապատասխանում է մետաֆիզիկական ֆիլմին, որը դիտողներին դրդում է խորհրդածել տիեզերքի հետ ունեցած իրենց կապի մասին:
Մրցանակներ
Լավագույն դերասան (Կոձի Յակուսյո, “Հոչի”-ի մրցանակ, 1996), Ժյուրիի հատուկ մեծ մրցանակ (Կոհեյ Օգուրի, Մոնրեալի համաշխարհային ԿՓ, 1996), լավագույն դերասան (Կոձի Յակուսյո, “Նիկկան սպորտս”-ի մրցանակ, 1996),Հատուկ մրցանակ ֆիլմի արտադրության համար (Ճապոնական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 1997), լավագույն դերասան (Կոձի Յակուսյո), Հատուկ մրցանակ Գունմա պրեֆեկտուրային` ֆիլմը թողարկելու համար (“Երկնագույն ժապավեն” մրցանակներ, 1997), լավագույն դերասան (Կոձի Յակուսյո, “Կինեմա Ձյումպո”-ի մրցանակ, 1997), լավագույն դերասան (Կոձի Յակուսյո), լավագույն նկարիչ (Յոսինագա Յոկոո), լավագույն օպերատոր (Օսամե Մարուիկե), լավագույն կինոերաժշտություն (Տոսիո Հոսոկավա), լավագույն հնչյուն (Սոիչի Ինոուե) (“Մայնիչի”-ի կինոմրցույթ, 1997), լավագույն դերասան (Կոձի Յակուսյո, Յոկոհամայի ՄԿՓ, 1997):
| Օգուրի, Կոհեյ Կոհեյ Օգուրի (ծն. 1945, Մաեբասի, Ճապոնիա)
Ավարտել է Վասեդա համալսարանի դրամայի բաժինը: Նրա ռեժիսորական առաջնեկը` “Տղմոտ գետը”, աշխարհ գալով 1981-ին, “Կինեմա ձյումպո” հանդեսի հրապարակած լավագույն ֆիլմերի տասնյակում գրավեց առաջին տեղը, ինչպես նաև արժանացավ “Երկնագույն ժապավեն” ազգային մրցանակին և “Մայնիչի” թերթի մրցույթում ճանաչվեց լավագույն ռեժիսորական աշխատանք: Ֆիլմը շահեց նաև Մոսկվայի ՄԿՓ-ի Արծաթե մրցանակը և ներկայացվեց “Օսկարի” ` որպես լավագույն արտասահմանյան կինոնկար: 1984-ին Լի Հուե-Սոնի սցենարով ասպարեզ եկավ “Նվիրվում է Կայակոյին” ժապավենը, որն առաջին անգամ ճապոնացի ռեժիսորին Ժորժ Սադուլի անվան մրցանակ բերեց: 1990-ին “Մահվան խայթը” Կաննի ՄԿՓ-ում նվաճեց ոչ միայն Ժյուրիի մեծ մրցանակը, այլև FIPRESCI-ի պարգևը: Երեք ֆիլմերում էլ գործողությունը ծավալվում է 1950-ականներին` շոշափելով “հետպատերազմյան կյանք” և “ճապոնականն ու ես” թեմաները: 1996-ին “Քնած մարդը” դարձավ առաջին ժապավենը, որի և սցենարը, և ռեժիսուրան պատկանում են Օգուրիին: Ֆիլմը մեծ ուշադրություն գրավեց, քանի որ նկարահանվել էր Օգուրիի հայրենի Գունմա պրեֆեկտուրայում: Ինը տարի անց` 2005-ին, երևան եկավ Օգուրիի վերջին աշխատանքը` “Թաղված անտառը”:
Ֆիլմացանկ
Տղմոտ գետը (1981), Նվիրվում է Կայակոյին (1984), Մահվան խայթը (1990), Քնած մարդը (1996), Թաղված անտառը (2005):
|