Նվիրվում է Կայակոյին Ճապոնիա 1984, 117min.
Պրոդ.` Ֆուձիո Սունաոկա, սց.` Կոհեյ Օգուրի, Սյոգո Օհտա(ըստՀուե-Սոն Լիի վեպի), ռեժ.` Կոհեյ Օգուրի, օպեր.` Սյոհեյ Անդո, կոմպոզ.` Կուրոդո Մոհրի, նկ.` Ակիրա Նաիտո, հնչ.` Հիդեո Նիսիձակի, մոնտ.` Նոբուո Օգավա:
Դերերում. Ձուն Համամուրա, Տոկիե Հիդարի, Տամի Հոն, Տակեսի Կատո, Տակուձո Կավատանի, Տոսիե Կոբայասի, Սունհիլ Օ, Կայակո Սոնո:
Ամառային արձակուրդը մոտենում է ավարտին, և կորեացի ուսանող Սանչուն Իմը (ճապոնական անունը` Հայասի) Հոկայդոյում գտնվող տնից վերադառնում է Տոկիոյի իր դպրոցը: Ճանապարհին նա կանգ է առնում Մորիմաչիում (Հակոդատե)` Սունչhուն Չոնին (ճապոնական անունը` Ակիո Մացումոտո)` հոր լավագույն ընկերոջը, այցելելու: Տասը տարի է անցել, ինչ Սանչունը Սախալինում տեսել է Մացումոտոյին: Նա ամուսնացած է ճապոնուհի Տոսիի հետ և Կայակո անունով խորթ դուստր ունի: Այժմ Կայակոն կրտսեր միջնակարգ դպրոցի աշակերտուհի է: Սանչունը ծնվել է Ճապոնիայում` կորեացի տարագիրների ընտանիքում: Պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո Սանչունը մնացել է Ճապոնիայում` հոր և եղբայրների հետ:Որպես “նիսեյ” (երկրորդ սերնդի ներկայացուցիչ)` նա չունի իր կորեական արմատների այն զգացողությունը, ինչ Ճապոնիա եկած կորեացիների առաջին սերունդը: Տոկիոյում նա բնակվում է մի շատ փոքրիկ սենյակում և ստիպված է ապրուստը հոգալու համար աշխատել որպես օրավարձու բանվոր: Սանչունը զրուցում է ուրիշ կորեացիների հետ և այցելում կորեական թաղամասում ապրող ընկերներին: Նա աստիճանաբար գիտակցում է իր ծագումը:Մի օր Սանչունը հանկարծ հասկանում է, որ Հոկայդոյում ապրող Կայակոյի մասին է մտածում: Հաջորդ տարվա մայիսին նա կրկին մեկնում է Մորիմաչի և Կայակոյի հետ գնում լիճ` նավակով զբոսնելու: Նավակում Կայակոն պատմում է իր կյանքի գաղտնիքը: Ըստ աղջկա պատմության, նրա իսկական անունը Միվակո է, և երեխա ժամանակ նրան լքել են պատերազմին հաջորդած խառնաշփոթում: Ճապոնացի ծնողներից լքված աղջկան փրկում է մի կորեացի և անվանում Կայակո` կայագումու կոչվող երաժշտական գործիքի` կորեական տավղի անունով: Սանչունը և Կայակոն սկսում են նամակ գրել միմյանց: Այդ ընթացքում Կայակոյի խորթ մայրը, ավելի ու ավելի է զղջում, որ ամուսնացել է կորեացու հետ: Խորթ հոր և խորթ մոր վեճերից ծանրացած տան մթնոլորտում Կայակոն շփոթահար է և իրեն անցանկալի է զգում: Ի վերջո, նա որոշում է հեռանալ տնից: Սյդ տարվա աշնանը Կայակոն հանկարծ անհետանում է: Սանչունը գալիս է Տոկիոյից` Կայակոյին փնտրելու: Վերջապես գտնում է Արևելյան Հոկայդոյի մի փոքրիկ քաղաքում: Նրանք սկսում են միասին ապրել Տոկիոյում: Երջանիկ են, բայց նրանց ճակատագրերը դեռ որոշված չեն: Մի վաղ առավոտ Կայակոյի խորթ հայրն ու մայրը գալիս են նրանց կացարանը: Դժգոհում են, որ իրենց փայփայած Կայակոյին խլել են իրենցից: Սանչունը խոսքեր չունի նրանց սփոփելու: Այդ գիշեր Սանչունն ու Կայակոն պառկած են փողոցում` փորձելով լսել գետնի տակ հոսող ջրի ձայնը: Կայակոյի աչքերում արցունքներ կան: Անցել է 10 տարի:Սանչունը գնում է Մորիմաչի` լսելով, որ Մացումոտոն մահացել է: Բայց երբ տեղ է հասնում, պարզվում է, որ ոչ թե նա է մահացել, այլ` Տոսին: Սանչունը ցավով ասում է հոր ընկերոջը. “Կայակոն լքեց ինձ տասը տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր նրան եմ փնտրում”: Մացումոտոն հայտնում է նրան, որ Կայակոն ապրում իր տան մոտակայքում և ամեն օրայցելում է իրեն: Հեռանալով Մացումոտոյի տնից` Սանչունը հանդիպում է մի աղջկա` ձյան վրա խաղալիս: Աղջնակը երեք տարեկան է, անունը` Միվակո:
Մրցանակներ
Լավագույն հնչյուն (Հիդեո Նիսիձակի, Ճապոնական կինոակադեմիայի մրցանակ, 1985):
| Օգուրի, Կոհեյ Կոհեյ Օգուրի (ծն. 1945, Մաեբասի, Ճապոնիա)
Ավարտել է Վասեդա համալսարանի դրամայի բաժինը: Նրա ռեժիսորական առաջնեկը` “Տղմոտ գետը”, աշխարհ գալով 1981-ին, “Կինեմա ձյումպո” հանդեսի հրապարակած լավագույն ֆիլմերի տասնյակում գրավեց առաջին տեղը, ինչպես նաև արժանացավ “Երկնագույն ժապավեն” ազգային մրցանակին և “Մայնիչի” թերթի մրցույթում ճանաչվեց լավագույն ռեժիսորական աշխատանք: Ֆիլմը շահեց նաև Մոսկվայի ՄԿՓ-ի Արծաթե մրցանակը և ներկայացվեց “Օսկարի” ` որպես լավագույն արտասահմանյան կինոնկար: 1984-ին Լի Հուե-Սոնի սցենարով ասպարեզ եկավ “Նվիրվում է Կայակոյին” ժապավենը, որն առաջին անգամ ճապոնացի ռեժիսորին Ժորժ Սադուլի անվան մրցանակ բերեց: 1990-ին “Մահվան խայթը” Կաննի ՄԿՓ-ում նվաճեց ոչ միայն Ժյուրիի մեծ մրցանակը, այլև FIPRESCI-ի պարգևը: Երեք ֆիլմերում էլ գործողությունը ծավալվում է 1950-ականներին` շոշափելով “հետպատերազմյան կյանք” և “ճապոնականն ու ես” թեմաները: 1996-ին “Քնած մարդը” դարձավ առաջին ժապավենը, որի և սցենարը, և ռեժիսուրան պատկանում են Օգուրիին: Ֆիլմը մեծ ուշադրություն գրավեց, քանի որ նկարահանվել էր Օգուրիի հայրենի Գունմա պրեֆեկտուրայում: Ինը տարի անց` 2005-ին, երևան եկավ Օգուրիի վերջին աշխատանքը` “Թաղված անտառը”:
Ֆիլմացանկ
Տղմոտ գետը (1981), Նվիրվում է Կայակոյին (1984), Մահվան խայթը (1990), Քնած մարդը (1996), Թաղված անտառը (2005):
|