Վատ արյուն Ֆրանսիա 1986, 116min.
Պրոդ.` Ալեն Դաան, Ֆիլիպ Դիաս, Դընի Շատո, սց./ռեժ.` Լեոս Կարաքս, օպեր.` Ժան-Իվ Էկոֆյե, երաժշտ.` Սերգեյ Պրոկոֆև, նկ.` Միշել Վանդեստիեն, Ժակ Դյուբու, Թոմա Պեքր, հնչ.` Կլոդ Իվեռնոն, Արիկ Մորի, Անրի Մորել, Ժոել Ռիան, մոնտ.` Նելի Կետյե:
Դերերում. Դընի Լավան, Ժյուլիետ Բինոշ, Միշել Պիկոլի, Ժյուլի Դելպի, Հանս Մայեր, Քերոլ Բրուքս, Հուգո Փրաթ, Միրեյ Պերյե, Սերժ Ռեջջանի:
"Սև ֆիլմի" և գիտաֆանտաստիկայի տարրերը միահուսած այս դրաման պատմում է մի արտասովոր ու մահացու վարակի մասին: Սեռական ճանապարհով փոխանցվող այդ հիվանդությունը, որ կոչվում է STBO, սրբում է երկիրը` տարածվելով առանց զգացմունքի սեռական հարաբերություն ունենալիս, իսկ զոհերի մեծ մասը պատանիներ են, որոնք ավելի շատ սեր են անում հետաքրքրությունից մղված, քան պարտականության բերումով: Մինչդեռ հիվանդությունը բուժող շիճուկ է ստեղծվել, որը փակի տակ է պահվում մի անմատչելի պետական շենքում, և հիվանդների մեծամասնությանը հասանելի չէ: Ամերիկուհի անունով հայտնի մի կին վարձել է պարտքերի մեջ խրված և փողի մեծ կարիք ունեցող Մարկին, որպեսզի նա գողանա դեղամիջոցը: Մարկը գողությունը գլուխ բերելու համար դիմում է իր մտերիմ ընկերներից մեկի պատանի որդու` Ալեքսի օգնությանը: Վերջինս սիրում է Լիզին` իր հասակակից մի աղջկա, բայց հրապուրվում է Աննայով` Մարկի երիտասարդ սիրուհով, որն ուզում է մնալ իր սիրած տղամարդու հետ:
Մրցանակներ
"Լուի Դելյուկ" մրցանակ, 1986, Բեռլինի ՄԿՓ, 1987 (Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակ, CICAE-ի մրցանակ` Պատվավոր հիշատակություն):
| Կարաքս, Լեոս Լեոս Կարաքս (ծն. 1960, Սյուռեն, Օ-դը-Սեն, Իլ-դը Ֆրանս, Ֆրանսիա)
Ռեժիսոր, քննադատ և գրող: Իսկական անուն ազգանունը Ալեքսանդր Օսկար Դյուպոն է: Նրա արտիստական կեղծանունը Ալեքսանդր Օսկարի գրաշրջությունն է: Ծնվել է ամերիկոuհի մորից և ֆրանսիացի հորից: Կինոկարիերան սկսել է կարճամետրաժ ֆիլմերով և որպես կինոքննադատ` մինչև "Տղան հանդիպում է աղջկան" ֆիլմի ասպարեզ գալը: Այդ աշխատանքը հասուն տեսողական ոճի շնորհիվ համբավ բերեց Կարաքսին: Սա նաև Կարաքսի առաջին համատեղ աշխատանքն է դերասան Դընի Լավանի և օպերատոր Ժան-Իվ Էկոֆյեի հետ: Այս ֆիլմին հաջորդեց գիտաֆանտաստիկ թեմայով ստեղծված "Վատ արյունը", որը վանեց Կարաքսի որոշ երկրպագուների, բայց շարունակում էր քննել սիրո խճճված խնդիրները արդի աշխարհում, այս անգամ` ավելի մթին, քրեական տեսանկյունից: Կինոնկարն ակնհայտորեն հարգանքի հավաստիք էր ֆրանսիական "նոր ալիքին", իսկ Ժյուլիետ Բինոշի նման դերասանուհու մասնակցությունը հաստատում էր Կարաքսի սրտառուչ տուրքը նրանց, ում ազդեցությունը կրել է, հատկապես Ժան-Լյուկ Գոդարին: Հինգ տարի անց Կարաքսը վերադարձավ ռեժիսորական աշխատանքին` նկարահանելով "Նոր կամրջի սիրահարները", որը թանկարժեք ձեռնարկում էր, քանի որ Փարիզի իշխանությունները միայն տասն օր էին տրամադրել Նոր Կամուրջը նկարահանումների նպատակով օգտագործելու համար: Հանրային կամրջի վրա նկարահանումներ անելու բարդությանը Կարաքսը նախապես արձագանքել էր Հարավային Ֆրանսիայի Լանսարգյու համայնքում կամրջի մակետը կառուցելու առաջարկով: Ինչևէ, նկարահանումների հենց առաջին օրը Դընի Լավանը լրջորեն վնասեց բթամատը, մի բան, որ մեկ ամսով հետաձգեց ֆիլմը: Հետագա ֆինանսական դժվարությունները էլ ավելի ձգձգեցին նկարահանումները: Ի վերջո, կինոնկարը, էկրան բարձրանալով, քննադատների դրվատանքին արժանացավ և Կարաքսին հնարավորություն ընձեռեց իր չորրորդ ֆիլմում` "Պոլա X"-ում, ավելի խորանալ փորձարարության ջրերում: Այս ֆիլմը արյունապիղծ կապի մասին Հերման Մելվիլի գրած "Պիեռ կամ Երկիմաստություններ" վեպի էկրանացումն է:
Ֆիլմոգրաֆիա
Հեղձուկ բլյուզ (1980 կ/մ), Տղան հանդիպում է աղջկան (1984), Վատ արյուն (1986), Նոր կամրջի սիրահարները (1991), Անվերնագիր (1997, կ/մ), Պոլա X (1999):
|