ՀեթանոսներԻրան 2003, 40min.
Ռեժ.` Բահման Քիառոստամի:
Հյուսիսային Իրանում ապրող մի խումբ գնչուների խմբանկարն է: Համարելով, որ գոդարները հնդկական ծագում ունեն, նրանց հարկադրաբար իսլամադավան են դարձրել: Բայց քանի որ նրանք վերջին շրջանի դավանափոխներ են, դեռեւս հեթանոս են ընկալվում: Ֆիլմը հյուսված է հարցազրույցներից, պարերից ու երաժշտական կատարումներից` կերտելով գրավիչ, թեեւ սակավածանոթ իրանական համայնքի դիմապատկերը, մի համայնք, որ ջանում է պահպանել իր արվեստն ու ավանդական ծեսերը: | Քիառոստամի, Բահման (ծն. 1978, Թեհրան)
Աբաս Քիառոստամիի որդին է: Հոր հետ աշխատել է մի շարք ֆիլմերի վրա, ապա` 1994-ին նկարահանել «Ուղեւորություն «Ճանապարհորդի» երկիր» վավերագրական կինոնկարը, որտեղ դրոշմվել է Աբաս Քիառոստամիի հանդիպումը «Ճանապարհորդը» ֆիլմի գլխավոր դերակատարների հետ` քսան տարի անց: Բահմանի «Նախագիծը» վավերագրական ժապավենը պատկերում է հոր աշխատանքը Կաննի գլխավոր մրցանակակիր «Բալի համը» նկարահանելիս: Հետագա գործերը, որ ցուցադրվել են շատ կինոփառատոներում, առաջին հերթին, նվիրված են արվեստին եւ երաժշտությանը` հաճախ շոշափելով նաեւ կրոնական թեմաներ: Ի լրումն` գրքեր է թարգմանել, այդ թվում` Ժան-Կլոդ Կարիերի «Մահաբհարատան» եւ Չարլզ Բուկովսկու «Տաք ջրի երաժշտությունը»: Ֆրանսիական «Արտեի» համար նկարահանված «Լույսը», ինչպես նաեւ «Ես տեսա Շուշը» ֆիլմերի պրոդյուսերն է: Նրա վերջին ֆիլմերից մեկը` «Տզրուկը», ինքնակենսագրական էքսկուրս է` կազմված երեք դրվագներից, որոնք քննում են հայր - որդի հարաբերությունները:
Ֆիլմոգրաֆիա
Ուղեւորություն «Ճանապարհորդի» երկիր (1994), Նախագիծը (1997), Մորթեզա Մոմայեզ. Իրանի արդի գծանկարչական դիզայնի հայրը (1997), Սգավորները (2001), Տզրուկը (2003):
|