Օվկիանոսը` ներսում Իտալիա 2008, 52min.
Սց./ռեժ.` Սերջո Դամիանի, Ջուլիան Ռայներթ Բիազի, օպեր.` Սերջո Դամիանի, կոմպոզ.` Պիեռ Ջաննի Բուրրեդդու, հնչ.` Անդրեա Քրիստոֆորի, մոնտ.` Ջուլիան Ռ. Բիազի:
Խենթերն էլ կարող են արտասովոր բաներ անել: Պիեռ Ջաննի Բուրրեդդուն արել է. նավարկելով կտրել-անցել է Ատլանտիկ օվկիանոսը` այլ տղամարդկանց ու կանանց` հոգեկան հիվանդների կողքին, դելֆինների ու շնաձկների հետ իր բաս կիթառն է նվագել և անվնաս դուրս եկել ծովային փոթորիկների միջից, բայց, ամենից առաջ, նա ի վիճակի է եղել ակնհայտորեն հաղթահարել իր հիվանդությունը: Ֆիլմը պատմում է «խենթերի նավով» Ատլանտյան օվկիանոսը կտրելու այդ ուղևորության մասին` Կադիսից մինչև Անտիլյան կղզիներ: Երբ անձնակազմը ճանապարհ ընկավ իսպանական ափից` շարժվելով դեպի հարավ-արևմուտք, Պիեռ Ջաննին չէր պատկերացնի, թե այդ օվկիանոսային ճանապարհորդությունն իրեն իսկապես հետ կբերի հայրենի Սարդինիա: Նավարկության ընթացքում Պիեռը վերհիշում է իր անցյալը, տանջալի հարաբերությունները ծնողների հետ, հո•եկան հիվանդությունը, էլեկտրաշոկը, հիվանդանոցները, բայց և` իր երաժշտության կենսական ուժը:
| Դամիանի, Սերջո Սերջո Դամիանի (ծն. 1965, Միլան)
Լրագրող և վավերագրող, քաղաքական գիտություն է ուսանել: 2001-ին ձիով ճանապարհորդել է Մոնղոլիայում, վերջին քոչվորների կյանքը նկարահանելու համար` ինքն էլ քոչվոր դառնալով, որի արդյունքը «Տափաստանի կյանքը» աշխատանքն է: Նկարահանել է «Սիբիրյան շրջագայություն» հեռուստասերիալը` քառոտանի ուղևորությունների մի շարք: Աֆրիկայում «Ռենո 4»-ով հետևել է եվրոպական օգտագործված մեքենաներն աֆրիկյան մեծ շուկաները տանող վաճառականներին: («Առուվաճառք անապատում» ֆիլմը հետարտադրական փուլում է):
Ֆիլմացանկ
«Շկոդայի» գործարանը (2001), 9 վայրկյան (2002), Քոչվորների կյանքը (2003), Սիբիրյան շրջագայություն (2004-05, հ/ս), Անտեսանելի ամրոցը (2008), Օվկիանոսը` ներսում (2008):
Ռայներթ Բիազի, Ջուլիան Ջուլիան Ռայներթ Բիազի (ծն. 1962, Մերանո)
Արվեստագետ, լուսանկարիչ և վավերագրող: Տրենտոյի արվեստի դպրոցի շրջանավարտ է, լեզուներ և երկրամարդաբանություն է ուսանել: Հաճախել է Holden Torino Circus School` Անջելո Օռլանդոյի կինոարվեստի և կինոդրամատուրգիայի շրջիկ դասընթացին: Անկախ է գործում, նրա աշխատանքները միշտ արծարծում են մարդու և շրջակա միջավայրի կապը: Ալպերում և Հիմալայներում շրջելու մեծ փորձ ունի և ճանապարհորդել է Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, Ասիայում և Աֆրիկայում` նկարահանելով հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր: Նրա Kuraj գործակալությունը համագործակցում է RAI-ի և Mediaset-ի հետ: 2007-ին «Տարեվերջի դաս» ֆիլմի համար արժանացել է Տրենտոյի ԿՓ-ի «Համերաշխություն» մրցանակին:
Ֆիլմացանկ
Քոչվորների կյանքը (2003), Սիբիրյան շրջագայություն (2004-05), Տարեվերջի դաս (2007), Անտեսանելի ամրոցը (2008), Օվկիանոսը` ներսում (2008):
|