Դուշկա Հոլանդիա / Ռուսաստան / Ուկրաինա 2007, 110min.
Պրոդ.` Հանս դե Վերս, Հանս դե Վոլֆ, Ռեյնաուտ Ուրլեմանս, սց.` Հանս Հեսեն, Յոս Ստելինգ, ռեժ.` Յոս Ստելինգ, օպեր.` Գուրտ Գիլտայ, կոմպոզ.` Բարթ վան դե Լիսդոնք, նկ.` Գերթ Բրինկերս, հնչ.` Յան Վիլեմ վան դե Բրինք, մոնտ.` Բերթ Ռեյկելեյկհույզեն:
Դերերում. Գենե Բերվուտս, Սերգեյ Մակովեցկի, Սիլվիա Հուքս, Ռուսլանա Պիսանկա:
Բոբի կյանքի լավագույն մասն արդեն անցյալում է: Նա նվիրվել է կինոյին, որպես քննադատ` այցելել մի շարք փառատոներ և այժմ աշխատում է իր սեփական սցենարի վրա: Նրա մուսան և ոգեշնչման աղբյուրը փողոցի մյուս կողմի կինոթատրոնի հմայիչ, երիտասարդ և անհասանելի տոմսավաճառուհին է: Բայց երբ Բոբի երազանքը վերջապես իրականանում է, եւ աղջիկը, ի վերջո, գալիս է Բոբի տուն, Դուշկա անունով մի մարդ է հայտնվում դռան մոտ: Ավելի վատ ժամանակ ուղղակի անհնար էր ընտրել: Բոբը, ռուսական կինոփառատոնում հանդիպելով այս ընկերասեր անհաջողակին, անխոհեմաբար հրավիրել է այցելել իրեն առիթի դեպքում: Դա ամենավատ բանն է, որ նա կարող էր անել: Դուշկան միտք չունի Բոբին մենակ թողնել` տեղիք տալով զարմանալի շրջադարձերով լի մի յուրօրինակ տրագիկոմեդիայի:
Մրցանակներ
«Ոսկե հորթ»` կնոջ լավագույն երկրորդական դերակատարման համար (Նիդեռլանդների ԿՓ, 2007):
| Ստելինգ, Յոս Յոս Ստելինգ (ծնվ. 16.07.1945, Ուտրեխտ, Նիդեռլանդներ)
Ինքնուս Ստելինգը զարմացրեց բոլորին, երբ նրա առաջին ֆիլմն ընգրկվեց Կաննի կինոփառատոնում: Այդ ժամանակից ի վեր Ստելինգը շատ հաջողությունների է հասել եւ արժանացել 4 «Ոսկե հորթի», 2 «Ոսկե գրիֆոնի» (Սանկտ Պետերբուրգ), 1 «Ոսկե վարդի» (Մոնտրյոյ), մրցանակների Ուոթերվիլում (Մեն, ԱՄՆ) եւ Չեխիայում` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար: Նիդեռլանդների կինոփառատոնի նախաձեռնողն է:
Ֆիլմոգրաֆիա
Մարիկեն վան Նյումեգեն (1974), Էլքերլիկ (1975), Ռեմբրանդտ. դիմանկար 1669 (1977), Ձևացողները (1981), Աճպարարը (1983), Սլաքավարը (1986), Թռչող հոլանդացին (1995), Սպասասրահ (1995), Ոչ ինքնաթիռ, ոչ գնացք (1999), Բենզակայան (2000), Առևտրի սրահը (2003), Դուշկա (2007):
|