Տրեշետա. Մի կղզու պատմություն Խորվաթիա 2005, 80min.
Պրոդ.` Վեսնա Մորտ, սց.` Պավո Մարինկովիչ, ռեժ.` Դրաժեն Ժարկովիչ, Պավո Մարինկովիչ, օպեր.` Վեդրան Սամանովիչ, կոմպոզ.` Հրվոյե Չրնիչ, նկ.` Գորանա Ստեպան, հնչ.` Տոնի Յուրկովիչ, մոնտ.` Սլավեն Զեչևիչ:
Դերերում. Յոսիպ Գենդա, Ժարկո Պոտոչնյակ, Սինիշա Բրայչիչ, Տրպիմեր Յուրկիչ, Բրունա Բոբիչ-Տուդոր, Մարինկա Պրգա, Քսենյա Պրոհասկ:
Խորվաթական փոքրիկ, մեռնող կղզու փոքրաթիվ բնակիչների թվում ապրող չորս ընկերները գրեթե ամեն երեկո թուղթ են խաղում: Երբ չորսից մեկը մեռնում է, մնացած երեքը հուսահատորեն չորրորդ խաղացող են փնտրում: Նրանք փորձում են հավաքագրել տեղի քահանային, գյուղի անբանին, ամառանոց գնելու համար մեծ քաղաքից կղզի եկած մի մարդու, ոստիկանին… Այս փնտրտուքը միահյուսվում է կղզու հատուկենտ բնակիչների ճակատագրերի հետ` բացահայտելով նրանց խոր պահված գաղտնիքները:
Մրցանակներ
Մանհայմ-Հայդելբերգի ՄԿՓ, 2006 (Էկումենիկ ժյուրիի մրցանակ), Բերգամոյի կինոհանդիպում, 2007 ("Արծաթե Ռոզա Կամունա"):
| Ժարկովիչ, Դրաժեն Դրաժեն Ժարկովիչ (ծն. 1970, Զագրեբ, Խորվաթիա)
Ավարտել է Զագրեբի Դրամատիկական արվեստի ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը: 1993-ից աշխատելով իբրև ազատ արվեստագետ` մի շարք խաղարկային և վավերագրական նախագծեր է իրականացրել որպես սցենարիստ ու ռեժիսոր: Չորս Օկտավյան մրցանակի է արժանացել Խորվաթ կինոքննադատների ընկերության կողմից` "Սպասիր ինձ", "Ինքնաորոնում" ու "Շալտեր" կարճամետրաժների և "Ամանորյա …" միջին մետրաժի խաղարկային ֆիլմի համար: "Շալտերը" "Ոսկե ձիթապտուղ" մրցանակ է շահել Բարի հեռուստատեսային փառատոնում, իսկ Ժարկովիչի "Գնա, Դեղին" լիամետրաժ դեբյուտը 2002-ին նույն փառատոնում` "Արծաթե ձիթապտուղ": 2005-ին «Առավոտից մինչև գիշեր» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի մոնտաժի համար Խորվաթական կինոյի օրերին արժանացել է Ժյուրիի մրցանակին:
Ֆիլմոգրաֆիա
Ինքնաորոնում (1993), Ոչինչ մշտական չէ (1994), Ոճիր և պատիժ (1994), Ռոքնռոլ (1994), Իվան Բ.-ի … (1995), Ամանորյա … (1997, հ/ֆ), Գնա, Դեղին (2001, հ/ֆ), Տրեշետա. մի կղզու պատմություն (2006, հ/ֆ), … և արքայադուստրեր (2007, հ/ս, 7 մաս):
Մարինկովիչ, Պավո Պավո Մարինկովիչ (1967, Զագրեբ, Խորվաթիա)
Ավարտել է Զագրեբի Դրամատիկական արվեստի ակադեմիայի սցենարական բաժինը: Առաջին դրամատիկական գործերը ասպարեզ է հանել 90-ականների սկզբին: Խորվաթիայում և արտասահմանում ներկայացված նրա պիեսները բազմաթիվ մրցանակներ են վաստակել: Աշխատել է Խորվաթական հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների խմբագրությունում, ղեկավարել` շուրջ քսան լիամետրաժ և միջին մետրաժի խաղարկային ֆիլմերի ու մի շարք մինիսերիալների սցենարական աշխատանքը: Պիեսներ և սցենարներ է գրում, դրամաներ թարգմանում և էսսեներ գրում դրամատիկական արվեստի մասին: Հեղինակել է Դրաժան Ժարկովիչի "Գնա, Դեղին" ֆիլմի սցենարը:
Ֆիլմոգրաֆիա
Գնա, Դեղին (2001), Տրեշետա. մի կղզու պատմություն (2006):
|