Շուտկայի ռեկորդների գիրքըՉեխիա 2005, 78min.
Սց./ռեժ./պրոդ.` Ալեքսանդր Մանիչ, օպեր.` Դոմինիկ Միշկովսկի, կոմպոզ.` Վարհան Բաուեր, հնչ.` Յուրայ Զակ, մոնտ.` Իվանա Դավիդովա:
Շուտկան, որ անվանում են նաեւ Երջանկության հովիտ, մի փոքրիկ վայր է Մակեդոնիայում, որտեղ բոլորն ուզում են չեմպիոն դառնալ: Սա ինքնավստահ ու ինքնիշխան գնչուական մայրաքաղաք է: Մեր ուղեկցորդը ֆիլմում դոկտոր Կոլյոն է (Բայրամ Սեվերջան)` Էմիր Կուստուրիցայի "Սեւ կատու, սպիտակ կատու" ֆիլմի հերոսներից մեկը: Հանդիպումը Շուտկայի բնակիչների հետ վավերագրական նյութի ու խաղարկվող անհատական պատմությունների համադրում է եւ կլոր տարին տեղի ունեցող հասարակական աշխույժ անցուդարձի պատկերը: Ռեժիսորը զուգակցում է գույնն ու սեւ-սպիտակ կադրերը, անիմացիոն դրվագները, լուսանկարներն ու հին վավերագրական ժապավեններ հիշեցնող տեսողական էֆեկտները: Արդյունքը քարտեզի այս արտասովոր կետի եւ դրա երջանիկ բնակիչների յուրօրինակ դիմանկարն է:
Մրցանակներ
"Ոսկե արենա" (Նովի Սադի կինոփառատոն, 2005), Հանդիսատեսի մրցանակ
(Պլզենի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն, 2005), "Amnesty International"-ի Սլովենիայի մրցանակ(Լյուբլյանայի միջազգային կինոփառատոն, 2005): | Մանիչ, Ալեքսանդր Երիտասարդ տարիքում ծնողների հետ Գերմանիա է տեղափոխվել: Երկու տարի սովորել է Քյոլնի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ապա` կինո է ուսանել Պրահայի կատարողական արվեստների, կինոյի եւ հեռուստատեսության բաժնում: Նրա ֆիլմերն իր ծննդավայրի` նախկին Հարավսլավիայի մասին են:
Ֆիլմոգրաֆիա
Աստրոպոլիտան (1990), Մարտադաշտ (1992), Վերելք եւ անկում (1994), Նկարահանման օրեր. Էմիր Կուստուրիցան նկարահանում է "Ընդհատակը" (1997), Կոսովոյի պարիսպները (1998), Էնվեր Հոձայի որբերը (1999), BAGR. սերբական հեղափոխություն (2000), Շուտկայի ռեկորդների գիրքը (2005):
|