Սպիտակ կետաձկներ Իսլանդիա 1987, 80min.
Պրոդ./ռեժ.` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, սցենարի հեղինակներ` Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն, Էյնար Քաուրասոն, օպերատոր` Արի Քրիստինսոն, կոմպոզիտոր` Բյուբի Մորթենս, Հիլմար Էդն Հիլմարսոն, The Sugarcubes, հնչյունային ձևավորողներ` Թորբյորն Էռլինգսոն, Դորվար Հաֆստեյնսոն, մոնտաժող` Թոումաս Գիսլասոն
Դերերում. Էգերթ Գվյուդմյունդսոն, Դոուրարին Դոուրարինսոն
Կետորսական նավը որսաշրջանի վերջին պտույտն է անում, հետապնդելով` կետաձուկ բռնում և վերադառնում տուն: Նավի վրա աշխատող տղամարդիկ հիմա պետք է ուրիշ զբաղմունք գտնեն: Անձնակազմում երկու ընկերներ կան` Գրիմյուրն ու Բյուբին: Նրանք փորձառու նավաստիներ են, որոնք ոչ մի տեղ արմատ չեն գցում: Ոտքը ցամաքին դնելուն պես Գրիմյուրը գնում է ուղիղ մայրաքաղաք, որտեղ ամեն ինչ սկսում է նորովի` մխրճվելով գիշերային կյանքի մեջ: Նրա հետ է հավատարիմ, ավելի շատ տրոլանման ընկերը` Բյուբին: Նրանք ջանում են ինչ-որ կերպ շփվել Ռեյկյավիկում: Այդ ջանքերը մեծ մասամբ խղճալի են. այս երկուսն ասես չոր ցամաք ընկած ձուկ լինեն: Հազար ու մի բան է գալիս նրանց գլխին, ամեն տեղից դուրս են շպրտում: Ի վերջո, նրանք ներխուժում են սպորտային խանութ և զինվում հրացաններով: Երբ ոստիկանությունը շրջապատում է նրանց, վերջապես հաջողվում է զգալ սեփական ներկայությունն աշխարհում: Ինչևէ, դեպքերն անկանխատեսելի ընթացք են ստանում:
Մրցանակներ
Հատուկ հիշատակում (Լոկառնոյի ՄԿՓ, 1987), Lübecker Nachrichten օրաթերթի ընթերցողների մրցանակ (Լյուբեկի սկանդինավյան կինոյի օրեր, 1987)
Արտադրող ընկերություն
Icelandic Film
| Ֆրիդրիքսոն, Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն (ծն. 1953, Ռեյկյավիկ)
Ռեժիսոր և պրոդյուսեր: Կինոկարիերան սկսել է 1980-ականներին` փորձարարական և վավերագրական ֆիլմերով: 1990-ին հիմնադրել է Icelandic Film Corporation-ը, որը, դառնալով Իսլանդիայի ամենահզոր կինոընկերությունը, արտադրում է Ֆրիդրիքսոնի ֆիլմերը, ինչպես նաև աշխատում Իսլանդիայի այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ֆրիդրիքսոնի միջազգային հեղինակությունը նպաստում է, որպեսզի ընկերությունը համագործակցի այնպիսի գործընկերների հետ, որպիսիք են Լարս ֆոն Թրիերի Zentropa-ն և վերջերս էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի American Zoetrope-ը: Ֆրիդրիքսոնն աշխատել է Իսլանդիայի երկու ամենահեղինակավոր վիպասանների ու սցենարիստների` Էյնար Մաուր Գվյուդմյունդսոնի ("Բնության զավակները", "Տիեզերքի հրեշտակները", "Կինոյի օրեր") և Էյնար Քաուրասոնի ("Սպիտակ կետաձկներ", "Սատանայի կղզին", "Բազեներ") հետ:
Ֆիլմացանկ
Nomina Sunt Odiosa (1975), Այրված Նյալի ասքը (1980), Դարբինը (1981), Ռոքը Ռեյկյավիկում (1982), Իսլանդացի կովբոյներ (1984), Պտույտ (1985), Սպիտակ կետաձկներ (1987), Անհուն երկինք (1989, հ/ֆ), Սիրունիկ հրեշտակներ (1990), Բնության զավակները (1991), Կինոյի օրեր (1994), Սառը տենդ (1995), Սատանայի կղզին (1996), Տիեզերքի հրեշտակները (2000), Վերև, ներքև (2000, հ/ֆ), Բազեներ (2002), Նայսլանդիա (Բնակչությունը`1.000.002) (2004), Արևաշող տղան (2009, վավ.), Գոուգոու մայրիկը (2010)
|