Քարե արոտավայրեր Ֆինլանդիա / Իռլանդիա / Մեծ Բրիտանիա 2008, 65min.
Պրոդ.` Մարթա Օ’Նիլ, Յուկո Աալտոնեն, Բևերլի Քուք, ռեժ.` Դոնա Քոուլման, օպեր.` Դոնա Քոուլման, Յոհանես Լեհմուսկալիո, Տիմո Պելտոնեն, հնչ.` Կիմմո Վենտինեն, Պերտի Վենետյոկիմ Դագլաս Մյուրեյ, մոնտ.` Բրիջ Ռոուլի:
Ֆիլմը պատմում է Լադախ հիմալայան սարահարթում ապրող քոչվոր ընտանիքի մասին: Այս բարձրադիր ցուրտ անապատում քոչվորների կենսաձևն արագորեն անհետանում է, քանի որ ժամանակակից աշխարհը յուրացնում է փաշմինա այծեր բուծելու հարյուրամյա ավանդույթը: Այս պայքարի մեջ պարադոքս կա. Լադախի ավազոտ, քարքարոտ պայմանները թույլ են տալիս ստանալ ամենանուրբ գործվածքը` փաշմինայի բուրդ, որից տաք ներքնաշոր է պատրաստվում: Այդ բուրդը, որ խեղճ քոչվորների միակ եկամտի աղբյուրն է, դարձել է հումք քաշմիրյան շքեղ շալերի համար: Ֆիլմը պատկերում է այս արտասովոր մարդկանց կյանքը ինն ամսվա ընթացքում:
| Քոուլման, Դոնա Դոնա Քոուլման (ծն. 1975, Ֆիլադելֆիա, ԱՄՆ)
Հասակ է առել գլխավորապես Ֆինլանդիայում` տևականորեն գտնվելով Իռլանդիայում և Միացյալ Նահանգներում (այս երեք երկրների քաղաքացի է): Դպրոցական տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել արվեստների հանդեպ, սովորել է դասական կիթառ նվագել և նկարել: Առաջին տեսաֆիլմերը նկարահանել է Յիվյասկիլյայի (Ֆինլանդիա) արվեստի հանրային դպրոցում: 1996-ին ճանապարհորդել է Հնդկաստանում: Սա մի քանի ուղևորություններից առաջինն էր, որի ընթացքում ուսումնասիրել է տիբեթական բուդդայականությունն ու մշակույթը` ամիսներ անցկացնելով հյուսիսային Հնդկաստանում, տիբեթցի փախստականների համայնքներում: Հնդկաստանից վերադառնալուն պես ընդունվել է Դուբլինի Թրինիթի քոլեջ` փիլիոփայություն և հոգեբանություն ուսանելու: Մագիստրոսի կոչում ստանալով` շարունակել է Թրինիթի քոլեջում երաժշտություն և զանգվածային հաղորդակցության տեխնոլոգիա ուսումնասիրել: Էլեկտրաակուստիկ երաժշտություն է հորինել, աշխատել ֆիլմի հնչյունային ձևավորման վրա և մի շարք կարճամետրաժներ նկարահանել, ապա` «Արձագանքները» վավերագրական աշխատանքը` որպես իր մագիստրական թեզի մաս: Համատեղ միջազգային արտադրությամբ կյանքի կոչված «Քարե արոտավայրերը» նրա վերջին վավերագրական ֆիլմն է: Քոուլմանը եղել է նաև ֆիննական ազգային հեռուստատեսության հաղորդավար, նկարազարդել Ֆինլանդիայի խոշոր հրատարակչություններից մեկի` Helsinki Media-ի լույս ընծայած գիրքը գյուտերի մասին, ինչպես նաև մի գիրք է հրապարակել իռլանդական հումորի մասին (Gummerus): 2004-ին օպերատոր և հնչյունային ինժեներ է աշխատել ֆինլանդիայի և Nordic film-ի նվագախմբերի հետ: Ապա ամսագրային հոդվածներ է գրել հյուսիսային Հնդկաստանի մշակույթի մասին` պատկերազարդելով սեփական լուսանկարներով, վիդեոարտադրություն է դասավանդել Յիվյասկիլյայի JAIKO ուսումնական հաստատությունում, թվային տեսաձեռնարկ թարգմանել: Քոուլմանը նաև երաժշտություն է գրում: Այժմ հաստատված լինելով Դուբլինում` շարունակում է իր ժամանակը կիսել Իռլանդիայի, ֆինլանդիայի, Հնդկաստանի և Չինաստանի միջև:
Ֆիլմացանկ
Արձագանքներ (2002), Քարե արոտավայրեր (2008):
|