Իրավաբան քույրերը Կամերուն / Մեծ Բրիտանիա 2006, 104min.
Պրոդ./օպեր.` Քիմ Լոնջինոտտո, սց.` Ֆլորենս Այիզի, ռեժ.` Քիմ Լոնջինոտտո, Ֆլորենս Այիզի, կոմպոզ.` Դ’Գարի, հնչ.` Մերի Միլթոն, մոնտ.` Օլի Հադլսթոուն:
Նկարահանվել են Վերա Նգասան, Բեատրիս Նթուբան:
6-ամյա Մանկան փախել է տնից` իր հետ վատ վերաբերվող հորաքրոջից: Անիտան համարձակորեն բռնաբարության մեղադրանք է ներկայացրել հարևանին: Ամինան որոշել է վերջ դնել իր դառն ընտանեկան կյանքին` դատի տալով ամուսնուն: Կումբայում` Կամերունի փոքրիկ քաղաքում նկարահանված ֆիլմը հետևում է պետդատախազ Վերա Նգասայի և դատարանի նախագահ Բեատրիս Նթուբայի աշխատանքին, որոնք օգնում են իրենց նկատմամբ ցուցաբերվող վատ վերաբերմունքին վերջ տալու վճիռ կայացրած կանանց: Քիմ Լոնջինոտտոյի արտակարգ հուզումնալի և երբեմն էլ խռովիչ ֆիլմը դիտարժանորեն արծարծում է արիության, հույսի և փոփոխությունների հնարավորության խնդիրները:
Մրցանակներ
«Արվեստ և փորձ» մրցանակ, Europa Cinemas-ի հատուկ հիշատակում (Կաննի ՄԿՓ), լավագույն վավերագրական կինոնկար (Հավայան կղզիների ՄԿՓ), Հանդիսատեսի մրցանակ (Ամստերդամիվավերագրական ֆիլմերի փառատոն, IDFA), Սոցիալական արդարության մրցանակ` վավերագրական ֆիլմի համար (Սանտա Բարբարայի ՄԿՓ), Հանդիսատեսի մրցանակ (Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի մարդաբանության թագավորական ինստիտուտի ԿՓ), միջազգային մրցույթի լավագույն վավերագրական կինոնկար («Իրական կյանք» ԿՓ, Մելբուռն), միջազգային մրցույթի լավագույն կինոնկար (Թել Ավիվի Intl վավերագրական ֆիլմերի փառատոն), Մեյսելսի անվան առաջին մրցանակ (Բելֆաստի ՄԿՓ), Արծաթե մրցանակ (Ալ-Ջազիրայի հեռուստատեսային ԿՓ), Ժյուրիի մրցանակ` լիամետրաժ ֆիլմի համար («Մարդու իրավունքների երեկոներ» ԿՓ, Բոլոնյա, Իտալիա), Հանդիսատեսի մրցանակ (Բրիտանական համակեցության ԿՓ), Հատուկ մրցանակ` վավերագրական ֆիլմի համար (Մյունխենի վավերագրական կինոյի փառատոն):
| Լոնջինոտտո, Քիմ Քիմ Լոնջինոտտո (ծն. 1952, Լոնդոն)
Միջազգային համբավի տեր ռեժիսոր Քիմ Լոնջինոտտոն այսօր աշխատող ականավոր կինովավերագրողներից է, որը հայտնի է նրբազգացորեն ու կարեկցանքով ստեղծված իր մարդկային դիմանկարներով և վիճելի թեմաներով: Նրա ֆիլմերը միջազգային ճանաչման են հասել և տասնյակ մրցանակների արժանացել աշխարհի տարբեր կինոփառատոներում: Դրանց թվում են «Օր, որ երբեք չեմ մոռանա» ֆիլմին բաժին ընկած Amnesty International-ի DOEN մրցանակը Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ում և Մեծ Բրիտանիայի լավագույն վավերագրական ֆիլմի տիտղոսը Hot Docs-ում, «Ամուսնալուծություն իրանական ձևով»-ին շնորհված Մեծ մրցանակը` լավագույն վավերագրական կինոնկարի համար Սան Ֆրանցիսկոյի ՄԿՓ-ում և «Արծաթե Հյուգոն»` Չիկագոյի ՄԿՓ-ում, «Անուրջների աղջիկների» լավագույն վավերագրական կինոնկարի համարումը Կրետեի կանանց ֆիլմերի փառատոնում, ակնառու վավերագրական կինոնկարի կոչումը, որ վաստակել է «Սինձուկուի տղաները» Սան Ֆրանցիսկոյի միասեռական ֆիլմերի փառատոնում: Լոնջինոտտոն օպերատորություն և ռեժիսուրա է ուսանել Անգլիայի ազգային կինոդպրոցում, որտեղ նկարահանել է «Բարձր դիրքը»` իր ուսումնական հաստատությանն ուղղված մի քննադատական հայացք, և «Թատրոնի աղջիկները»` անօթևան կանանց կացարանի մասին: Կինոդպրոցն ավարտելով` նա հեռուստատեսային տարբեր վավերագրական ֆիլմերի օպերատորն է եղել: 1986-ին Լոնջինոտտոն Քլեր Հանթի հետ հիմնել է Twentieth Century Vixen կինոընկերությունը: Միասին նկարահանել են «Հրդեհողը»` սըր Արթուր Ռմբակոծիչ Հարիսի և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Դրեզդենի ռմբակոծության մասին, «Կեր կիմոնոն», որի հերոսուհին ճապոնացի վիճելի ֆեմինիստ արտիստուհի Հանայագի Գենսուն է, «Թաքնված դեմքերը»` միջազգային արձագանք գտած վավերագրական աշխատանք եգպտուհիների մասին ու նրանց մասնակցությամբ, և «Տոկիոցի լավ կինը»` ճապոնական հասարակության մեջ կանանց, սիրո և ամուսնության վերաբերյալ: Ջեյնո Ուիլյամսի հետ Լոնջինոտտոն նկարահանել է հանդիսասրահի համակրանքը շահած «Անուրջների աղջիկները»` BBC-ի թողարկած մի վավերագրական ֆիլմ` ճապոնական դիտարժան երաժշտական թատրոնի մասին, և «Սինձուկուի տղաները», որի հերոսները տղամարդկանց պես ապրող երեք տոկիոցի կանայք են: Այնուհետև Լոնջինոտտոն Channel 4-ի համար նկարահանել է «Ռոքի կանայք»` ռոք աստղերի կանանց և ընկերուհիների մասին, սրան հետևել է «Ամուսնություն իրանական ձևով» ֆիլմը` Զիբա Միր-Հոսեյնիի հետ, Իրանում կանանց վիճակի և ամուսնալուծության թեմայով: Ջեյնո Ուիլյամսի հետ նկարահանած «Գեայի աղջիկները» պատմում է ճապոնացի կին ըմբիշների մասին, դարձյալ Զիբա Միր-Հոսեյնիի հետ ստեղծված «Փախուստը» նկարահանվել է Թեհրանում, աղջիկների ապաստանում: «Օր, որ երբեք չեմ մոռանա» ֆիլմը` քենիացի երիտասարդ աղջիկների մասին է, որոնք ընդդիմանում են կնոջ թլպատմանը. առաջին անգամ ներկայացվել է ԱՄՆ-ում, 2003-ին, Սանդենսի ԿՓ-ում: «Իրավաբան քույրերը», որի պրեմիերան կայացել է Կաննում, երկու մրցանակի է արժանացել փառատոնում:
Ֆիլմացանկ
Անչափահասը (1982), Կեր կիմոնոն (1989), Տոկիոցի լավ կինը (1992), Անուրջների աղջիկներ (1994), Սինձուկուի տղաները (1995), Ռոքի կանայք (1996, հ/ֆ), Ամուսնալուծություն իրանական ձևով (1998), Գեայի աղջիկները (2000), Փախուստ, (2001), Օր, որ ես երբեք չեմ մոռանա (2002), Իրավաբան քույրերը (2005), Պինդ բռնիր ինձ, թող գնամ (2007), Կոպիտ մորաքույրեր (2008):
Այիզի, Ֆլորենս Ֆլորենս Այիզի
Պրոդյուսերություն և ռեժիսուրա է ուսանել Լիդսի կինոյի և հեռուստատեսության հյուսիսային դպրոցում (Անգլիա): Քարդիֆցի սևամորթ բրիտանացի պարողի և բեմադրիչի մասին պատմող «Արտացոլքեր» վավերագրական կինոնկարի համառեժիսորն է: Կանանց միջազգային օրվա առթիվ նկարահանել է «Մայրս` Իսանժը» ֆիլմը: Գործնական պարապմունքներ է վարում Ուելսի համալսարանի միջազգային կինոդպրոցում (Նյուփորթ):
Ֆիլմացանկ
Արտացոլքեր (2003), Մայրս` Իսանժը (2005):
|