Մայր հողի պարգևը Բոլիվիա / Ճապոնիա 2008, 104min.
Պրոդ./սց./ռեժ.` Տոսիֆումի Մացուսիտա, օպեր.` Գուստավո Սոտո Նունյես, Գիլյերմո Ռուիս Կարլոս Կրեսպո, Սեսար Պերես Ուրտադո, երաժշտ.` Լուսմիլա Կարպիո, հնչ.` Կլաուդիո Դուրան, մոնտ.` Տոսիֆումի Մացուսիտա:
Նկարահանվել են Քրիստիան Ուայգուան, Լուիս Մամանին, Ֆանի Մոսկեսը, Ֆրանսիսկո Գուտիերեսը, Իլարիա Կաբրերան:
Բոլիվիայում նկարահանված ոգեշունչ պատմություն է: Հերոսը 13-ամյա տղա է, որը, ավանդույթի համաձայն, ապրում է ծնողների հետ Ոյյունի աղի լճի մոտ: Մի գարնան օր էլ նա իր առաջին քարավանով գնում է հոր հետ: Աղի կտորներն իրենց լամաներին բարձելուն պես նրանք բռնում են «աղի ուղին», ամիսներով ճանապարհ կտրում` թանկարժեք հանքանյութը փոխանակելով Անդերի այլ ապրանքների հետ: Ճանապարհին, տարբեր փորձություններից ու հանդիպումներից հետո տղան հասկանում է, թե ով է ինքը` որպես երիտասարդ և կեչուա: Երբ ուղևորությունը հասնում է ավարտին, նա տոնախմբության ժամանակ հանդիպում է մի գեղեցիկ աղջկա: Ջահել սրտերն արթնանում են, քանի որ մի պարզ, բայց սրտաբուխ ընդհանուր երազ ունեն` աղի լճում միասին հեծանիվ քշել: Վերջում տղան պարզում է, թե տատն ինչ նկատի ուներ` «Մայր հողի պարգև» ասելով:
| Մացուսիտա, Տոսիֆումի Տոսիֆումի Մացուսիտա (ծն. 1950, Կակոգավա, Ճապոնիա)
Դոսիսյա համալսարանն իրավաբանության բակալավրի կոչումով ավարտելուց հետո պրոդյուսերի օգնական է եղել «Սուչիկու Կիոտո» կինոստուդիայում: 1979-ին մեկնել է ԱՄՆ` Նյու Յորքի համալսարանում կինոռեժիսուրա ուսանելու: 1981-ին Նյու Յորքում հաստատված Entel Communication,Inc. ճապոնական հեռուստաընկերությունում սկսել է աշխատել որպես պրոդյուսեր: 1987-ին հիմնել է Dolphin Productions-ը` վավերագրական ֆիլմեր և հեռուստածրագրեր նկարահանելու համար:
Ֆիլմացանկ
Մեծ շեֆը (1992), Կուբա, սեր (1995), Վուդուի թագավորությունը (1998), Մայր հողի պարգևը (2008):
|