Տղմոտ գետը Ճապոնիա 1981, 105min.
Պրոդ.` Մոտոյասու Կիմուրա, սց.` Տակակո Սիգեմորի (ըստ Տերու Միյամոտոյի վեպի), ռեժ.` Կոհեյ Օգուրի, օպեր.` Սյոհեյ Անդո, կոմպոզ.` Կուրոուդո Մորի, նկ.` Ակիրա Նաիտո, հնչ.` Հիրոյուկի Հիրաի, Հիդեո Նիսիձակի, մոնտ.` Նոբուո Օգավա:
Դերերում. Նոբուտակա Ասահարա, Տակահիրո Տամուրա, Մարիկո Կագա, Մակիկո Սիբատա, Մինորու Սակուրաի, Յումիկո Ֆուձիտա, Գաննոսուկե Ասիյա:
1956 թվականն է. պատերազմից անցել է 11 տարի, և Ճապոնիան որոշ առումներով դեռևս աղքատ ու մաքառող երկիր է: Մյուս կողմից, Կորեական պատերազմի պատճառով, Ճապոնիան նաև համեմատաբար բարգավաճում է: Օսակայում` Այի տղմոտ գետի բերանի մոտ, կա առափնյա մի փոքրիկ ռեստորան, որի տերը Սինպեյ անունով մի մարդ է` իր երկրորդ, երիտասարդ կնոջ հետ: Որդին` 9-ամյա Նոբուոն, մի օրնոր ընկեր է ձեռք բերում` Կիիչի անունով գրեթե նույն տարիքի մի տղա: Վերջինս իր 11-ամյա քրոջ և մոր հետ ապրում է կացարանի վերածված նավում, որը վերջերս են կառանել գետում: Նոբուոյի ծնողները չեն արգելում հանդիպել նոր ընկերոջը, ընդհակառակը, Կիիչիին և նրա քրոջը հրավիրում են իրենց ռեստորան, բայց Նոբուոյին պատվիրում են երբեք գիշերը չգնալ նրանց նավ: Բնականաբար, արգելված պտղով հրապուրված Նոբուոնչի հասկանում ծնողների նկատառումները, բայց գլխի է ընկնում, որ դրանք ինչ¬որ կերպ կապված են իրնոր ընկերոջմոր հետ: Նա իմանում է, որ Սինպեյի առաջին կինը հիվանդանոցում է, մահամերձ, և ցանկություն է հայտնել տեսնելու նախկին ամուսնու որդուն: Մահամերձ կնոջը տեսակցելուց հետո Նոբուոն պատահաբար տեսնում է նաև Կիիչիի մորը` հաճախորդի հետ: Կինը մարմնավաճառ է, իսկ նավ¬կացարանը` լողացող պոռնկատուն: Կինը ևս տեսնում է Նոբուոյին: Հաջորդ առավոտյան նավ¬կացարանը չկա: Մայրը հեռացնել է տվել: Մոլեգնորեն փնտրելով` Նոբուոն գտնում է նավը, որը կառանում են գետի հոսանքն ի վար: Նա վազում է նավի հետևից, բայց նավն ավելի ու ավելի է հեռանում և ի վերջո` չքանում: Այժմ Նոբուոն կյանքի մասին մի նոր բան գիտի:
Մրցանակներ
Լավագույն նոր ռեժիսոր (Կոհեյ Օգուրի, “Հոչի”-ի կինոմրցանակ, 1981), Արծաթե մրցանակ (Մոսկվայի ՄԿՓ, 1981), լավագույն օպերատոր (Սյոհեյ Անդո), լավագույն ռեժիսոր (Կոհեյ Օգուրի), լավագույն լուսավորում (Տադաակի Սիմադա) (Ճապոնական կինոակադեմիայի մրցանակներ, 1982), լավագույն օպերատոր (Սյոհեյ Անդո), լավագույն ռեժիսոր (Կոհեյ Օգուրի), լավագույն կինոնկար (Կոհեյ Օգուրի), երկրորդական դերի լավագույն դերասանուհի (Մարիկո Կագա) (“Կինեմա ձյումպո”-ի մրցանակներ, 1982), լավագույն դերասան ( Տակահիրա Տամուրա), լավագույն ռեժիսոր (Կոհեյ Օգուրի), լավագույն կինոնկար (Կոհեյ Օգուրի) (“Մայնիչի”-ի կինոմրցույթ, 1982), լավագույն օպերատոր (Սյոհեյ Անդո, Յոկոհամայի ԿՓ, 1982), լավագույն կինոնկար (Կոհեյ Օգուրի, “Երկնագույն ժապավեն” մրցանակ, 1982), լավագույն խաղարկային կինոնկար (Հավայան կղզիներիՄԿՓ, 1983):
| Օգուրի, Կոհեյ Կոհեյ Օգուրի (ծն. 1945, Մաեբասի, Ճապոնիա)
Ավարտել է Վասեդա համալսարանի դրամայի բաժինը: Նրա ռեժիսորական առաջնեկը` “Տղմոտ գետը”, աշխարհ գալով 1981-ին, “Կինեմա ձյումպո” հանդեսի հրապարակած լավագույն ֆիլմերի տասնյակում գրավեց առաջին տեղը, ինչպես նաև արժանացավ “Երկնագույն ժապավեն” ազգային մրցանակին և “Մայնիչի” թերթի մրցույթում ճանաչվեց լավագույն ռեժիսորական աշխատանք: Ֆիլմը շահեց նաև Մոսկվայի ՄԿՓ-ի Արծաթե մրցանակը և ներկայացվեց “Օսկարի” ` որպես լավագույն արտասահմանյան կինոնկար: 1984-ին Լի Հուե-Սոնի սցենարով ասպարեզ եկավ “Նվիրվում է Կայակոյին” ժապավենը, որն առաջին անգամ ճապոնացի ռեժիսորին Ժորժ Սադուլի անվան մրցանակ բերեց: 1990-ին “Մահվան խայթը” Կաննի ՄԿՓ-ում նվաճեց ոչ միայն Ժյուրիի մեծ մրցանակը, այլև FIPRESCI-ի պարգևը: Երեք ֆիլմերում էլ գործողությունը ծավալվում է 1950-ականներին` շոշափելով “հետպատերազմյան կյանք” և “ճապոնականն ու ես” թեմաները: 1996-ին “Քնած մարդը” դարձավ առաջին ժապավենը, որի և սցենարը, և ռեժիսուրան պատկանում են Օգուրիին: Ֆիլմը մեծ ուշադրություն գրավեց, քանի որ նկարահանվել էր Օգուրիի հայրենի Գունմա պրեֆեկտուրայում: Ինը տարի անց` 2005-ին, երևան եկավ Օգուրիի վերջին աշխատանքը` “Թաղված անտառը”:
Ֆիլմացանկ
Տղմոտ գետը (1981), Նվիրվում է Կայակոյին (1984), Մահվան խայթը (1990), Քնած մարդը (1996), Թաղված անտառը (2005):
|