VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Ողջերը

Ուկրաինա
2008, 75min.

Պրոդ.` Մարկ Էդուարդս, Վիկտորյա Բոնդար, սց.` Սերգեյ Բուկովսկի, Սերգեյ Տրիմբաչ, Վիկտորյա Բանդար, Եվգենյա Կրավչուկ, ռեժ.` Սերգեյ Բուկովսկի, օպեր.` Վլադիմիր Կուկորենչուկ, հնչ.` Իգոր Բարբա, Գեորգի Ստրեմովսկի, մոնտ.` Ալեքսանդր Սուխով:

Նրանք երեխա էին, երբ ամեն ինչ խլեցին ծնողներից, որոնք ապրում էին ու մշակում աշխարհի ամենաբերրի հողը, իսկ հետո նետվեցին սովի ճիրանները` դանդաղ հոգեվարքով մեռնելու: Ովքեր ողջ մնացին` ստիպված էին ծառայել ստրուկների հլու-հնազանդ բանակի պես… Միայն այսօր են այդ մարդիկ սկսում խոսել իրենց ապրածի մասին. թե ինչպես նրանց ծնողներին, ձաղկելով, քշեցին դեպի «պայծառ ապագա», ինչպես վերջին ունեցածը խլեցին, ինչպես էին ամբողջ գյուղեր մեռնում, և ինչպես իրենք փրկվեցին, չնայած այդ ամենին… Պատմողների մեջ է և Վիկտոր Յուշչենկոն` Ուկրաինայի նախագահը: Նրան տեսնում ենք Սումի շրջանի իր հայրենի Խուրուժիվկա գյուղում, սովամահության զոհերի թաղման վայրում: Ապա ոսկե ցորենի դաշտ է հայտնվում` հիշեցնելով ոչ այնքան հեռավոր անցյալի մասին: Ուկրաինային չհաջողվեց Առաջին աշխարհամարտից հետո անկախություն ձեռք բերել, թեև մի կարճ պահ նման հնարավորություն կար: Այդ կորստի հետևանքները պարզ դարձան 1920-ականների վերջին, երբ ուկրաինացիները հայտնվեցին բոլշևիկյան կայսրությանը դեմ առ դեմ: Ֆիլմը սովամահության ողբերգությունը միահյուսում է 30-ականների սկզբի գլոբալ փոփոխությունների հետ. խոսքը ԱՄՆ-ի տնտեսության անկման, Գերմանիայում Հիտլերի` իշխանության գլուխ անցնելու, գյուղացիության դեմ Ստալինի ձեռնարկած պատերազմի մասին է: Վերջիններս պաշտպանում էին մասնավոր սեփականությունը, ուստի կամ պետք է ջախջախվեին, կամ ոչնչանային: Բայց 1933-ին նրանք երկընտրանք չունեին: Միաժամանակ պետք է լուծվեր Ուկրաինայի խնդիրը` անկախ ազգային քաղաքականության որևէ դրսևորման: Ֆիլմը պատմում է նաև բրիտանացի լրագրող Գարեթ Ջոնսի մասին, որի լրագրողական հետաքննությունն անտեսվեց Արևմուտքում: Ջոնսն այս պատմական էքսկուրսի ուղեցույցն է: Շատ երկրների կառավարություններ անտարբերությամբ վերաբերվեցին տուժածներին, թեև տեղյակ էին, թե ինչ վիճակ է Ուկրաինայում: Սա ակներև է ֆիլմում ցուցադրվող բազմաթիվ փաստաթղթերից: Մեծ սովից փրկված մարդկանց պատմությունները շաղկապվում են այս փաստաթղթերի և Գարեթի օրագրից բերվող հատվածների հետ, որը նա պահել է 1933-ի մարտին Ուկրաինա ուղևորվելու ընթացքում: «Ո±րն է քո երազանքը, Նաստյա տատիկ»,- հարցնում է Սերգեյ Բուկովսկին փրկվածներից մեկին: Նրա պատասխանը կարճ է. «Մեռնել»: Բայց այս տարեց տղամարդիկ ու կանայք, որ անցել են երկրային դժոխքով, շատ իրական են, կենդանի ու բնական… Նրանք ոտքի կանգնեցրին գյուղատնտեսությունը և դարձրին իր հողը տերը: Միայն ողջերը կարող են նորից ելնել:

Բուկովսկի, Սերգեյ

Սերգեյ Բուկովսկի (ծն. 1960, Բաշկիրիա)
1960-ին ծնողները` կինոռեժիսոր Անատոլի Բուկովսկին և դերասանուհի Նինա Անտոնովան, տեղափոխվել են Կիև: Ռեժիսուրա է ուսանել Կիևի Կարպենկո-Կարիի անվ. պետական թատերական ինստիտուտի կինոյի բաժնում (Վլադիմիր Նեբերայի արվեստանոց), ապա` ավելի քան 10 տարի աշխատել Ուկրաինայի վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1995-1998 թթ. գլխավորել է Internews Network Ukraine-ի հեռուստատեսային և վավերագրական կինոնկարների բաժինը: «Վաղը տոն է» 20-րոպեանոց ֆիլմը մասնագիտական ճանաչում բերեց նրան և հաջողություն հանդիսասրահում: 25-ամյա կինոկարիերայի ընթացքում 50-ից ավելի վավերագրական և խաղարկային ֆիլմեր է նկարահանել: Դրանց մի մասը մրցանակների է արժանացել հեղինակավոր կինոփառատոներում: Այդ ֆիլմերի թվում են «Վաղը տոն է»-ն, «Տանիքը», «Տեղաբաշխումը», «Գծիկը», «Դեպի Բեռլին»-ը, «Վիլեն Կալյուտա. իրական լույս»ը, «Կարմիր հողը» և «Պատերազմ. ուկրաինական հաշիվ» 9-մասանոց վավերագրական շարքը, որին շնորհվել է Ուկրաինայի` Տարաս Շևչենկոյի անվ. պետական մրցանակ (2004): Բուկովսկու վերջին աշխատանքներից մեկը ևս` «Հեգիր անունդ» վավերագրական ֆիլմը` Ուկրաինայում իրագործված Ողջակիզման մասին, հաջողության արժանացավ: 2008-ից Ուկրաինայի ժողովրդական արտիստ է:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Մանկության տունը (1982), Վաղը տոն է (1987), Երազ (1988), Մութ գիշեր էր… (1989), Տանիքը (1990), Տեղաբաշխում (1992), Գծիկը (1992), Բնանկար: Դիմանկար: Նատյուրմորտ (1993) Դեպի Բեռլին (1995), Օտարության տասը տարի (1996), Երկխոսություն դարավերջին (1999), Կամուրջ (1999), Վիլեն Կալյուտա. իրական լույս (2000), Կարմիր հողը (2001), Պատերազմ. ուկրաինական հաշիվ (2003, հ/ս), Հեգիր անունդ (2006), Ողջերը (2008):

Ցուցադրումներ

Հուլիսի 15 12:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
Հուլիսի 15 20:00Տիկնիկային թատրոն, փոքր դահլիճ
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA The Club The European Cultural Foundation