Անջրպետ Լեհաստան 1966, 83min.
Սց./ռեժ.` Եժի Սկոլիմովսկի, օպեր.` Յան Լյասկովսկի, կոմպոզ.` Քշիշտոֆ Կոմեդա, հնչ.` Վեսլավա Դեմբինսկա, մոնտ.` Հալինա Պրուգար:
Դերերում. Յան Նովիցկի, Յոաննա Շչերբից, Տադեուշ Լոմնիցկի, Զբիգնև Մակլյակևիչ, Ռիշարդ Պետրուսկի, Մարիա Մալիցկա, Մալգոժատա Լորենտովիչ:
Տղան հանկարծ որոշում է թողնել այն ամենը, ինչով ապրել է մոտ մեկ տարի, հավաքում է ունեցած-չունեցածն ու հեռանում` վերցնելով իր ճամպրուկը: Նա անցնում է Լեհաստանի գյուղական վայրերով, քայլում աշխարհով` լիովին հավատացած, թե ինչ-որ տեղ ուինչ-որ ժամանակ իրեն սպասում է հրաշալի ու հեշտ կյանք: Բայց և վարանում է… Ինչ-որ բան նրան հետ է պահում վերջնական քայլից: Արժանապատվությո±ւնն է, թե± շփոթմունքը: Եվ այսպես, նա կառչում է ամեն մի երևակայական պատրվակի` վճռորոշ պահը հետաձգելու համար: Իսկ հետո գիշերը թափառելիս հանդիպում է մի աղջկա և միանգամայն անսպասելիորեն ամբողջ ճշմարտությունն իր մասին պատմում նրան: Երկուսն էլ շատ լավ հասկանում են, որիրենց հանդիպումը պատահմունքի հարց է, ավելի շուտ` անցողակի արկած, և քիչ հավանականություն կա, թե կշարունակվի, ուստի հենց սկզբից էլ այլ ակնկալիք չունեն, բաժանումից բացի: Ու թեև նրանք պարում են իրար հետ, նայում մեկմեկու աչքերի մեջ, ու թեև կարծես շատ են դուր գալիս իրար, միակ բանը, որ կարող են ասել սիրո մասին, սա է. "Ահ, ինչ ափսոս, որ սիրահարվելու ժամանակ չենքունենա"…
Մրցանակներ
Մեծ մրցանակ (Բերգամոյի հեղինակային ֆիլմերի 9-րդ ՄԿՓ, 1966), Ժյուրիի հատուկ մրցանակ (Վալյադոլիդի ՄԿՓ, 1968):
| Սկոլիմովսկի, Եժի Եժի Սկոլիմովսկի (ծն. 1938, Լոձ, Լեհաստան)
Ռեժիսոր, սցենարիստ, դերասան, բանաստեղծ և նկարիչ: 1959-ին ավարտել է Վարշավայի համալսարանի ազգագրության բաժինը և ընդունվել Լոձի հեղինակավոր կինոդպրոցը: Ավելի քան 20 ֆիլմ է նկարահանել Լեհաստանում և արտասահմանում:
Ուսման տարիներին զբաղվել է բռնցքամարտով, որը դարձել է 1961-ին նկարահանված նրա առաջին մեծ ֆիլմի` լիամետրաժ վավերագրական ժապավենի նյութը: Քսանն անց հասակում բանաստեղծությունների, պատմվածքների մի քանի ժողովածու և մի պիես է հրապարակել: Սա մղել է նրան սցենար գրելու և բռնցքամարտիկի դեր խաղալու Անջեյ Վայդայի "Անմեղ հրաշագործները" ֆիլմում: Այնուհետև համագործակցել է Ռոման Պոլանսկու հետ` 1962-ին գրելով "Դանակը ջրում" ֆիլմի սցենարը: 1964-1984 թթ. ասպարեզ է հանել կիսաինքնակենսագրական բնույթի մի շարք կինոնկարներ: Ապրելով և աշխատելով տարբեր երկրներում` 1970-1992 թթ. նկարահանել է նաև վեց մեծածախս ֆիլմ, ներառյալ չորս համատեղ արտադրություն` "Ժերարի արկածները", "Թագավոր, աղջիկ, զինվոր", "Ճիչը", "Լողացող փարոսը", "Գարնանային ջրեր" և "Ֆերդիդուրկե", որոնք բոլորն էլ որոշակիորեն կրում են Սկոլիմովսկու ձեռագիրը: Նրա առաջին ամերիկյան ֆիլմը` "Լողացող փարոսը" ` Ռոբերտ Դյուվոլի մասնակցությամբ, Վենետիկի ՄԿՓ-ում մրցանակի է արժանացել որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: Հաջորդ նախագծի` Տուրգենևի "Գարնանային ջրերի" էկրանացման գլխավոր դերերում նկարահանվել են Թիմոթի Հաթոնը, Նաստասյա Կինսկին և Վալերիա Գոլինոն: Սկոլիմովսկու ֆիլմերից երկուսը մրցանակներ են շահել Կաննի ՄԿՓ-ում. "Ճիչը" վաստակել է ժյուրիի Մեծ մրցանակը, "Ապօրինի աշխատանքը"` "Արծաթե արմավենու ճյուղ": "Մեկնարկի" համար Սկոլիմովսկին նվաճել է նաև Բեռլինի ՄԿՓ-ի "Ոսկե արջը": "Չորս գիշեր Աննայի հետ" ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Կաննում, 2008-ին արժանացել է Տոկիոյի ՄԿՓ-ի Ժյուրիի Մեծ մրցանակին: ՊԱԿ-ի անողոք, բայց զուսպ գնդապետի դիմանկարը` Սկոլիմովսկու պատկերմամբ, հավաստեց նրա դերասանական վարկը: Դերակատարումներով հանդես է եկել "Լ. Ա.", "Առանց քարտեզի", "Մարսն է գրոհում", "Գարնանային ջրեր", "Հմուտ հրաձիգներ" և այլ ֆիլմերում: Նրա նկարները ցուցադրվել են ամբողջ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Մասնակցել է Վենետիկի բիենալեին, նրա գործերը ձեռք են բերել Լեհաստանի և Հունաստանի ժամանակակից արվեստի թանգարանները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի և այլ երկրների մասնավոր հավաքորդներ: Ներկայումս Սկոլիմովսկին բնակվում է Մալիբուում (Կալիֆորնիա) և Վարշավայում:
Ֆիլմացանկ
Մատդ աչքը կոխես (1960, կ/մ), Փոքր Համլետ (1960, կ/մ), Էրոտիկա (1960, կ/մ), Բռնցքամարտ (1961), Փողդ կամ կյանքդ (1961, կ/մ), Մերկություն (1962), Հատուկ նշաններ (1964), Հեշտ հաղթանակ (1965), Խոչընդոտ (1966), Ձեռքերը վեր (1966), Մեկնարկ (1966), Երկխոսություն 20-40-60 (ՙ"Քսան տարեկանները" նովելը, 1968), Հենց հատակում (1970), Ժերարի արկածները (1970), Թագավոր, աղջիկ, զինվոր (1972), Ճիչը (1978), Ապօրինի աշխատանք (1982), Հաջողությունը լավագույն վրեժն է (1984), Լողացող փարոսը (1985), Գարնանային ջրեր (1989), Ֆերդիդուրկե (1991), Սնամեջ մարդը (1993), Չորս գիշեր Աննայի հետ (2008):
|