Հրաշալի քաղաք Թաիլանդ 2007, 92min.
Պրոդ.` Սորոս Սուխում, Ջետնիփիթ Թիրակուլչանյութ, սց./ռեժ.` Ադիտյա Ասարաթ, օպեր.` Ումպորնպոլ Յուգալա, կոմպոզ.` Զայ Կունինգ, Կոիչի Շիմիձու, նկ.` Քարանյապաս Խամսին, հնչ.` Աքրիտչալերմ Կալայանամիտր, մոնտ.` Լի Չատամետիկուլ:
Դերերում. Անչալի Սայսունթորն, Սուպհասիթ Քանսեն, Դուլ Յամբունյինգ:
Տակուա Պան փոքրիկ քաղաք է Թաիլանդի հարավում: Սա տխրության քաղաք է: Ցունամիից հետո մարդիկ կորցրել են աշխատանքը: Ոչինչ չկա անելու: Երիտասարդները մոտոցիկլետներով պտույտներ են տալիս: Ծերերը հիշում են անցյալի լավ ժամանակները: Մի օր Թոն անունով մի անծանոթ է հայտնվում քաղաքում: Ճարտարապետ է: Շուտով նա սենյակ է վարձում Նային` «քաղաքի դստերը» պատկանող փոքրիկ հյուրանոցում: Գաղտնի սեր է ծնվում նրանց միջև, բայց շուտով շշուկներ են տարածվում: Քաղաքը գտնում է իր թշնամուն: Ֆիլմը սիրո մասին է, որը ծնվում է այնտեղ, ուր այլևս սեր չկա, ինչպես կեղտի մեջ աճող ծաղիկը, և քաղաքի մասին է, որը ձգտում է կործանել իրեն չպատկանող գեղեցկությունը: Կարո՞ղ է քաղաքը նորից հրաշալի դառնալ:
Մրցանակներ
«Նոր հոսանքներ» ծրագրի մրցանակ (Պուսանի ՄԿՓ, 2007), Ժյուրիի հատուկ մրցանակ (Լաս Պալմասի ԿՓ, 2008), «Վագր» մրցանակ (Ռոտերդամի ՄԿՓ , 2008).
| Ասարաթ, Ադիտյա Ադիտյա Ասարաթ (ծն. 1972, Բանգկոկ, Թաիլանդ)
Մագիստրոսի կոչումով ավարտել է Հարավային Կարոլինայի համալսարանը: Սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր, որոնք հրավիրվել են Կլերմոն-Ֆեռանի, Սանդենսի, Նյու Յորքի եւ այլ փառատոներ: 2004-ին մասնակցել է Սանդենսի ռեժիսորական աշխատանոցի պարապմունքներին, որոնք նախատեսված են աշխարհի տարբեր երկրների խոստումնալից կինոռեժիսորների համար: 2005-ին Ռոլեքսի արվեստի հովանավորման նախաձեռնության շրջանակներում ընտրվել է մեկ տարի Միրա Նաիրի հետ աշխատելու համար: Ուսուցման ընթացքում նկարահանել է «Երեք ընկեր» վավերագրական ֆիլմը, որը ցուցադրվել է Թորոնթոյում և Պուսանում: 2007-ին Հուբերթ Բալս հիմնադրամի աջակցությամբ ստեղծված նրա առաջին խաղարկային կինոնկարը` «Հրաշալի քաղաքը», ստացել է «Նոր հոսանքներ» ծրագրի մրցանակը Պուսանի կինոփառատոնում, որտեղ և կայացել է ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմոգրաֆիա
Մոտոցիկլետը (2001), Սպասում (2003), Հանճարեղ տղան (2004), Շունչ (2005), Երեք ընկեր (2005), Հրաշալի քաղաք (2007):
|