VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Լավատեսները


2006, 98min.

Պրոդ./ռեժ.` Գորան Պասկալևիչ, սց.` Գորան Պասկալևիչ, Վլադիմիր Պասկալևիչ, օպեր.` Միլան Սպասիչ, կոմպոզ.` Ալեքսանդր Սիմիչ, Զորան Սիմյանովիչ, նկ.` Տիյանա Մարիչ, հնչ.`Վելիբոր Հայդուկովիչ, Բրանկո Նեսկով, մոնտ.` Պետար Պուտնիկովիչ:
Դերերում. Լազար Ռիստովսկի, Բոյանա Նովակովիչ, Պետար Ռոզովիչ, Տիհոմիր Արսիչ, Նեբոյշա Գլոգովաց, Նեբոյշա Միլովանովիչ, Սլավկո Ստիմաչ, Դրագան Յովանովիչ, Միրա Բանյաչ, Վիկտոր Սավիչ:

Հինգ պատմություն, որտեղ մարդիկ դժվարանում են ճշմարտությունն ու պատրանքները զանազանել: Ամեն մի հատված արտացոլում է վոլտերյան «Կանդիդի» բնաբանը. «Լավատեսությունը պնդում է, թե ամեն ինչ լավ է, երբ ամեն ինչ վատ է»: 1-ին նովելում մի հիպնոսող է գալիս ջրհեղեղի պատճառով հողին հավասարված գյուղակ: Նա իր ծառայություններն է առաջարկում համայնքին, բայց բնակիչները կասկածանքով են վերաբերվում նրա դիտավորություններին: Հաջորդ նովելում մի կին բռնաբարվել է այն ֆիրմայի տիրոջ կողմից, որտեղ աշխատում է: Նրա հայրն ևս նույն մարդու աշխատողն է, բայց երբ որոշում է վրեժ լուծել, հասկանում է, թե ինչ անզոր է այս իրավիճակում: 3-րդ նովելում մի երիտասարդ մոլախաղում տանուլ է տալիս հոր թաղման համար պահած փողը: Հույսը կտրելով, թե ետ կբերի կորցրածը` նա դիմում է մի տարեց կնոջ, որի բախտը բերում է խաղամեքենաների հետ գործ ունենալիս: 4-րդ նովելում խոսքը բժշկի մասին է, որին կանչում են սպանդանոցի աշխատողի որդուն քննելու: Տղան վտանգավոր խանդավառությամբ է վերաբերվում արյուն թափելուն, բայց բժիշկը չի հասկանում նրա պահվածքի հետևանքները, մինչև որ տղան փախչում է հայրական տնից: Եվ, վերջապես, ոմն խաբեբա, առողջություն խոստանալով հիվանդ ու տարեց մարդկանց, նրանց թողնում է մի ամայի տեղ` բուժում ստանալու կես ճանապարհին:

Մրցանակներ
FIPRESCI-ի մրցանակ, Երիտասարդների ժյուրիի մրցանակ - հատուկ հիշատակում (Ժնևի Cinռma Tout Ecran փառատոն, 2007), «Ոսկե սայրաձող», Երիտասարդների ժյուրիի մրցանակ (Վալյադոլիդի ՄԿՓ, 2006), Հանդիսատեսների մրցանակ (Ֆեստրոյա ՄԿՓ, Տրոյա, 2007):

Պասկալևիչ, Գորան

Գորան Պասկալևիչ (ծնվ. 22.04.1947, Բելգրադ, Սերբիա )
Նրա հայրը Բելգրադի ֆիլմադարանի հիմնադիրն է, այնպես որ, կինոյի երիտասարդ երկրպագուն կրթվել է եվրոպացի, ամերիկացի և ասիացի վարպետների ֆիլմերը դիտելով: 20 տարեկանում, ազատականացման կարճատև, հախուռն «ամռան» ընթացքում սկսել է կինոարվեստ ուսանել FAMU-ում (Կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց)` Պրահայի նշանավոր կինոակադեմիայում: 1973-ին` Չեխոսլովակիայի խորհրդային օկուպացիայից հետո, վերադարձել է հայրենի Հարավսլավիա, ձեռնարկել իր փայլուն կարիերան` հեռուստատեսության համար կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր նկարահանելով: Նրա առաջին խաղարկային աշխատանքը` «Լողափի պահակը ձմռանը» (1976) արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի Ժյուրիի հատուկ մրցանակին և արևելաեվրոպական կինոյում հայտնված նոր տաղանդի համբավ բերել նրան: Հաջորդ տասնամյակում ստեղծված ֆիլմերը սյուժետային պատմություններ են` անհանգիստ, զուտ մարդկային կերպարներով, որոնք ջանում են դիմադրել ձախորդություններին ու ճակատագրի խաղերին: Միջազգային ասպարեզում Պասկալևիչի ստեղծագործությունը գնահատվում է առօրյա իրականության մեջ արտասովորը գտնելու նրա կարողության համար: 1992-ին Պասկալևիչի «Արգենտինական տանգոն» մեծ կինոհիթ դարձավ` արժանանալով հանդիսատեսների մրցանակներին մի շարք խոշոր կինոփառատոներում: 1998-ին «Վառոդի տակառը», որ հայտնի է նաև «Բալկան» կաբարեն» անվամբ, բնորոշ գործ էր խորհրդային «երկաթե վարագույրի» տապալումից հետո Եվրոպայում տիրող նոր կարգերի բերած մելամաղձի և անհուսության խառնուրդի մասին: Ֆիլմը մի շարք փառատոնային մրցանակներ շահեց և դարձավ Պասկալևիչի այն սակավաթիվ գործերից, որոնք ցուցադրվել են Միացյալ Նահանգներում: Թեև նրա ֆիլմերում քաղաքականությունը և ընդդիմադիր վերաբերմունքը Հարավսլավիայի ղեկավար Սլոբոդան Միլոշևիչի հանդեպ միշտ թաքնված են եղել տեղատակում, ռեժիսորն զգաց, որ իր կյանքն ու հարազատների գոյությունը վտանգի տակ են, ինչն էլ 1994-ին նրան դրդեց հաստատվել Փարիզում: Որպես տարագիր ռեժիսոր` Պասկալևիչն Իռլանդիայում նկարահանեց «Թե ինչպես Հարին ծառ դարձավ» մռայլ առակը (2001)` ճապոնական պատմվածքի հիման վրա, Սիլիան Մըրֆիի և Քոլմ Մինիի մասնակցությամբ (վերջինս իր դերակատարման համար «իռլանդական Օսկար» նվաճեց): Նրա վերջին ֆիլմերն առնչվում են տարածաշրջանի ռազմական հակամարտության հետևանքներին: «Միջձմեռնային գիշերվա երազը» (2004) պատմում է սերբ զինվորի մասին, որը դասալքության համար բանտարկվելուց հետո վերադառնում է տուն ու պարզում, որ իր բնակարանը զբաղեցրել է մի կին` դստեր հետ: Ֆիլմը մի քանի մրցանակի արժանացավ Սան Սեբաստիանի ՄԿՓ-ում: Պասկալևիչի վերջին աշխատանքը` «Լավատեսները» (2006)` հինգ նովելներից կազմված մի սև կատակերգություն, որ ներշնչված է հետմիլոշևիչյան Սերբիայի կյանքից, բարձր պարգևների է արժանացել Եվրոպայի մի քանի հեղինակավոր կինոփառատոներում:

Ֆիլմոգրաֆիա
Պան Հրստկան (1969), Մի քանի խոսք սիրո մասին (1970), Երեխաներ (1973), Բեռ (1974) Կապիտան Յանկո (1974), Հաղթանակից հաղթանակ (1975), Լողափի պահակը ձմռանը (1976), Գնացքներ սիրող շունը (1977), Երկրային օրերը սահում են, անցնում (1979), «Սիպադ» (1979), Հատուկ բուժում (1980), Մթնշաղի ժամ (1982), 68-ի խաբուսիկ ամառը (1984), Պահապան հրեշտակը (1987), Հրաշքի ժամանակը (1989), Արգենտինական տանգո (1992), Օտար Ամերիկան (1995), Վառոդի տակառ (1998), Թե ինչպես Հարին ծառ դարձավ (2001), Միջձմեռնային գիշերվա երազ (2004), Լավատեսները (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Club The European Cultural Foundation