Նոր կամրջի սիրահարները Ֆրանսիա 1991, 125min.
Պրոդ.` Քրիստիան Ֆեշներ, Ալեն Դաան, սց./ռեժ.` Լեոս Կարաքս, օպեր.` Ժան-Իվ Էկոֆյե, երաժշտ.` Բենջամին Բրիթեն, Դմիտրի Շոստակովիչ, նկ.` Միշել Վանդեստիեն, հնչ.` Անրի Մորել, մոնտ.` Նելի Կետյե:
Դերերում. Ժյուլիետ Բինոշ, Դընի Լավան, Քլաուս-Միխայել Գրյուբեր:
Փարիզն էլ իր անօթևաններն ունի, և նրանցից ոմանք փոքրիկ համայնքներով ապրում են Նոր կամրջի մոտ, որն իրականում քաղաքի ամենահին կամուրջն է: Մի տաքսի թեթևակի վիրավորում է բանուկ ճանապարհով քայլող փողոցաբնակ Ալեքսի ոտքը: Երբ նա կաղին տալով վերադառնում է կամրջի տակ գտնվող իր ապրելատեղին, աչքի վիրակապով մի քնած աղջկա է հայտնաբերում: Նրանք ծանոթանում են, և Ալեքսն իմանում է, որ Միշելը նկարչուհի է` արվարձանում ապրող բարեկեցիկ ընտանիքից: Նրան փողոց է բերել իր արվեստով անընդմեջ զբաղվելու ցանկությունը, մինչև որ աչքի խորացող հիվանդության պատճառով տեսողությունը անխուսափելիորեն կորցնի: Ալեքսն իր խմիչքի փողը վաստակում է փողոցային ներկայացումներով. կրակ կուլ տվող է և մարմնամարզական համարներ ցուցադրող: Այս երկուսն ընկերանում են, սիրեցյալներ դառնում և շատ արկածների միջով անցնում` փողոցային կյանքի արվեստը գործի դնելով ու միաժամանակ նույնիսկ զվարճանալով: Նրանք այնքան են մտերմանում, որ երբ Ալեքսը բանտարկվում է խանդից դրդված իր անզուսպ արարքի համար, արդեն բուժված Միշելը գալիս է բանտում նրա հետ տեսակցելու և խոստանում, որ կհանդիպեն կամրջին Ալեքսի ազատվելուց հետո: Թեև գործողությունը ծավալվում է աղքատների միջավայրում, ֆիլմը շատ թանկ է նստել. ամենամեծ ծախսերից մեկը դարձել է Նոր կամրջի պատճենը կառուցելու անհրաժեշտությունը:
Մրցանակներ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակներ (Լավագույն դերասանուհի, լավագույն օպերատոր, լավագույն մոնտաժող):
| Կարաքս, Լեոս Լեոս Կարաքս (ծն. 1960, Սյուռեն, Օ-դը-Սեն, Իլ-դը Ֆրանս, Ֆրանսիա)
Ռեժիսոր, քննադատ և գրող: Իսկական անուն ազգանունը Ալեքսանդր Օսկար Դյուպոն է: Նրա արտիստական կեղծանունը Ալեքսանդր Օսկարի գրաշրջությունն է: Ծնվել է ամերիկոuհի մորից և ֆրանսիացի հորից: Կինոկարիերան սկսել է կարճամետրաժ ֆիլմերով և որպես կինոքննադատ` մինչև "Տղան հանդիպում է աղջկան" ֆիլմի ասպարեզ գալը: Այդ աշխատանքը հասուն տեսողական ոճի շնորհիվ համբավ բերեց Կարաքսին: Սա նաև Կարաքսի առաջին համատեղ աշխատանքն է դերասան Դընի Լավանի և օպերատոր Ժան-Իվ Էկոֆյեի հետ: Այս ֆիլմին հաջորդեց գիտաֆանտաստիկ թեմայով ստեղծված "Վատ արյունը", որը վանեց Կարաքսի որոշ երկրպագուների, բայց շարունակում էր քննել սիրո խճճված խնդիրները արդի աշխարհում, այս անգամ` ավելի մթին, քրեական տեսանկյունից: Կինոնկարն ակնհայտորեն հարգանքի հավաստիք էր ֆրանսիական "նոր ալիքին", իսկ Ժյուլիետ Բինոշի նման դերասանուհու մասնակցությունը հաստատում էր Կարաքսի սրտառուչ տուրքը նրանց, ում ազդեցությունը կրել է, հատկապես Ժան-Լյուկ Գոդարին: Հինգ տարի անց Կարաքսը վերադարձավ ռեժիսորական աշխատանքին` նկարահանելով "Նոր կամրջի սիրահարները", որը թանկարժեք ձեռնարկում էր, քանի որ Փարիզի իշխանությունները միայն տասն օր էին տրամադրել Նոր Կամուրջը նկարահանումների նպատակով օգտագործելու համար: Հանրային կամրջի վրա նկարահանումներ անելու բարդությանը Կարաքսը նախապես արձագանքել էր Հարավային Ֆրանսիայի Լանսարգյու համայնքում կամրջի մակետը կառուցելու առաջարկով: Ինչևէ, նկարահանումների հենց առաջին օրը Դընի Լավանը լրջորեն վնասեց բթամատը, մի բան, որ մեկ ամսով հետաձգեց ֆիլմը: Հետագա ֆինանսական դժվարությունները էլ ավելի ձգձգեցին նկարահանումները: Ի վերջո, կինոնկարը, էկրան բարձրանալով, քննադատների դրվատանքին արժանացավ և Կարաքսին հնարավորություն ընձեռեց իր չորրորդ ֆիլմում` "Պոլա X"-ում, ավելի խորանալ փորձարարության ջրերում: Այս ֆիլմը արյունապիղծ կապի մասին Հերման Մելվիլի գրած "Պիեռ կամ Երկիմաստություններ" վեպի էկրանացումն է:
Ֆիլմոգրաֆիա
Հեղձուկ բլյուզ (1980 կ/մ), Տղան հանդիպում է աղջկան (1984), Վատ արյուն (1986), Նոր կամրջի սիրահարները (1991), Անվերնագիր (1997, կ/մ), Պոլա X (1999):
|