Հավատքի ժամը (Մորս ժպիտը)Իտալիա 2002, 103min.
Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր.` Պասկուալե Մարի, կոմպոզ.` Ռիկկարդո Ջանյի, երաժշտ.` Ջոն Ադամս, Վինիչո Կամպոսսելա, Գիա Կանչելի, Աարոն Ջեյ Քերնիս, Ջոն Թեյվներ, Պետերիս Վասկս, նկ.` Մարկո Դենտիչի, հնչ.` Մաուրիցիո Արջենտիերի, մոնտ.` Ֆրանչեսկա Կալվելլի, պրոդ.` Մարկո Բելլոկկիո, Սերջո Պելոնե:
Դերերում. Սերջո Կաստելլիտտո, Ժակլին Լյուստիգ, Կիարա Կոնտի, Ջիջո Ալբերտի, Ալբերտո Մոնդինի, Ջանֆելիչե Իմպարատո, Ջաննի Սկիկկի, Մաուրիցիո Դոնադոնի, Դոնատո Պլաչիդո, Ռենցո Ռոսսի, Պիետրո Դե Սիլվա, Բրունո Կարիելլո, Պիեռա Դելյի Էսպոստի:
Էռնեստոն հաջողակ արվեստագետ է, որի կյանքը տակնուվրա է անում սպանված մորը սրբացնելու` ընտանիքի ցանկությունը: Նրա համար բնավ ընդունելի չէ մորը սպանած հոգեկան հիվանդ եղբոր հետ ավելի շատ շփվելու մոր անգետ պարտադրանքը, մինչ մյուս եղբայրները հակված են երանելիների կարգը դասելու մորը: Ցանկությունների եւ կամքի ուժի պայքար է:
Մրցանակներ
Էկումենիկ ժյուրիի մրցանակ - Հատուկ հիշատակություն, Կաննի միջազգային կինոփառատոն, 2002, "Դոնատելլոյի Դավիթ"` կնոջ լավագույն երկրորդական դերակատարման համար (Պիեռա Դելյի Էսպոստի), 2003, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ` տղամարդու լավագույն դերակատարման համար (Սերջո Կաստելլիտո), 2002, Լավագույն ֆիլմի մրցանակ, Ֆլայանոյի կինոփառատոն, 2002, "Արծաթե ժապավեն"` տղամարդու լավագույն դերակատարման (Սերջո Կաստելլիտո), ռեժիսորական աշխատանքի, բնօրինակ սցենարի, հնչյունային ձեւավորման համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 2002: | Բելլոկկիո, Մարկո Ծնվել է 09.11.1939, Պիաչենցա, Էմիլիա - Ռոմանիա, Իտալիա:
Իրավաբանի եւ դպրոցական ուսուցչուհու որդի է, կաթոլիկական խիստ դաստիարակություն է ստացել բուրժուական հարկի տակ: Մի կարճ շրջան դերասանական արվեստ պարապելով` ընդհատել է փիլիսոփայության ուսումնառությունը Միլանի Սուրբ Սրտի համալսարանում` Հռոմի Փորձարարական կենտրոնի կինոդպրոցում ռեժիսուրա ուսանելու համար: Այնուհետև շարունակել է ուսուցանումը Լոնդոնի Արվեստների դպրոցում, այն ավարտելով Անտոնիոնիին և Բրեսոնին նվիրված թեզի պաշտպանությամբ: Մի շարք կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր է ստեղծել նախքան իր բարեհաջող դեբյուտը "Բռունցքերը գրպանում" ֆիլմով 1965-ին` որին գլխավոր մրցանակ շնորհվեց Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում: Հասարակության եւ նրա ախտերի մանրապատկերի` ներընտանեկան արյունապիղծ կապերի նողկալի պատմությամբ խորհրդանշվող սոցիալական անկման վառ քննադատությունը վերստին առկա է Բելլոկկիոյի երկրորդ խաղարկային ֆիլմում` "Չինաստանը մոտ է" կինոնկարում, որը 1967-ին Վենետիկի միջազգային փառատոնում արժանացավ թե Ժյուրիի հատուկ մրցանակին, թե FIPRESCI-ի պարգեւին: Ինչեւէ, հաջորդ տարի Բելլոկկիոն անդամագրվեց ձախ ծայրահեղական Կոմկուսին եւ հրաժարվեց խաղարկային ֆիլմերից` հանուն քաղաքական մարտաշունչ կինոյի: Նա ներքաշվեց քարոզչական կարճամետրաժների արտադրության մեջ եւ կարծես թե կորած էր մեծ կինոյի համար: Բայց 1971-ին` "Հանուն հոր" ֆիլմով, Բելլոկկիոն վերադարձավ խաղարկային կինո եւ իր սիրելի հակաիշխանական ալեգորիկ թեմաներին: Նրա վարպետության արգասիքն էր 1980-ին Կաննի միջազգային կինոփառատոնում "Ցատկ դեպի դատարկություն" ֆիլմի երկու գլխավոր դերակատարներին` Միշել Պիկոլիին եւ Անուկ Էմեին շնորհված տղամարդու եւ կնոջ լավագույն դերակատարումների մրցանակները:
Ֆիլմոգրաֆիա
Մարդ դարձած գիհին (1962), Մեղք եւ պատիժ (1965), Բռունցքները գրպանում (1965), Չինաստանը մոտ է (1967), Հանուն հոր (1972), Հրեշին առաջին էջում դիր (1972), Թոկից փախածները (1975), Հաղթական քայլերգ (197), Ճայը (1977), Կինոմեքենա (հ/ֆ, 1979), Արձակուրդ Վալ Տրիբբիայում (1980), Ցատկ դեպի դատարկություն (1980), Աչքեր, բերան (1982), Հենրիխ IV (1984), Մարմին առած սատանան (1986), Վհուկների գիշերաժողովը (1988), Դատապարտում (1991), Թիթեռի երազը (1994), Խորտակված անուրջներ (1995), Համբուրգի իշխանը (1997), Սրբազան պատմություն (1998), Դայակը (1999), Հնարավոր է մի ուրիշ աշխարհ (2001), Մնաս բարով, անցյալ (հ/ֆ, 2002), Հավատքի ժամը (Մորս ժպիտը) (2002), Բարի օր, գիշեր (2003), Հարսանիքների արարողապետը (2006):
|