Մեկ օր ԵվրոպայումԳերմանիա / Իսպանիա 2005, 95min.
Սց./ռեժ.` Հանես Շթյոր, օպեր.` Ֆլորիան Հոֆմայսթեր, կոմպոզ.` Ֆլորիան Ափլ, նկ.` Անդրեաս Օլսհաուզեն, հնչ.` Ֆրանք Քրուզե, մոնտ.` Անն Ֆաբինի, պրոդ.` Զիգրիդ Հորներ, Անն Լեպեն, Անտոն Ռեյքսա:
Դերերում. Մեգան Գեյ, Լյուդմիլա Ցվետկովա, Անդրեյ Սոկոլով, Օլեգ Ասադուլին, Վիտա Սավալ, Նիկոլայ Սվեչնիկով, Լուիս Տոսար, Բորիս Արկիեր, Ֆլորիան Լուկաս, Էրդալ Յըլդըզ, Նուրայ Սահին:
Չորս քաղաք, գողության չորս դեպք, Չեմպիոնների լիգայի չորս խաղ եւ ֆուտբոլային կրքեր ամենուր… Ֆիլմի միահյուսված դրվագները սկսվում են Մոսկվայից, որտեղ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպում են Ստամբուլի "Գալաթասարայն" ու Լա Կորունյայի "Դեպորտիվոն": Արվեստի գործերի առուվաճառքով զբաղվող երիտասարդ անգլուհուն կողոպտում են տաքսու վրա կատարված հարձակման հետևանքով: Նա օգնություն է գտնումª ի դեմս թոշակառու Ելենայի: Երկու կանայք միասին ուղեւորվում են ոստիկանության բաժանմունք: Միաժամանակ Ստամբուլում գերմանացի ուսանողը փորձում է ձեւացնել, թե իրեն կողոպտել են` ոստիկանական արձանագրություն ձեռք բերելու եւ ապահովագրավճար պահանջելու նպատակով: Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա ուխտավայրում պատմության հունգարացի ուսուցիչ Գաբորից գողանում են թվային կինոխցիկը: Գյուղի ոստիկան Բարեյրան համաձայն է օգնել կաթոլիկ ուխտավորին, բայց միայն` կեսօրյա հանգստից հետո: Իսկ Բեռլինում որոշում են կողոպտված ձեւանալ փողոցային երկու արտիստներ` իրենց անկայուն ֆինանսական վիճակը շտկելու համար: | Շթյոր, Հանես Հանես Շթյոր (ծն. 1970, Հեխինգեն-Զիքինգեն, Գերմանիա):
Այլընտրանքային զինվորական ծառայություն է անցել` աշխատելով հոգեբուժարանում: Այնուհետեւ եվրոպական իրավունք է ուսանել Փասաուի համալսարանում: 1994-ին Էրազմուսի թոշակառու է եղել Սանտյագո դե Կոմպոստելայում: 1995-ին սովորել է Բեռլինի կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայում. ավարտական աշխատանքը` "Բեռլինը Գերմանիայում է" խաղարկային ֆիլմն էր, որը 2001-ին շահել է Հանդիսատեսի մրցանակը Բեռլինի միջազգային կինոփառատոնում եւ մի շարք այլ պարգևներ:
Ֆիլմոգրաֆիա
Բեռլինը Գերմանիայում է (2001), Մեկ օր Եվրոպայում (2005):
|