VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Անմեղության պահ

Իրան / Ֆրանսիա
1996, 78min.

Սց./ռեժ./մոնտ.` Մոհսեն Մախմալբաֆ, օպեր.` Մահմուդ Կալարի, կոմպոզ.` Մաջիդ Էնթեզամի, նկ.` Ռեզա Ալղեմանդ, հնչ.` Նեզամեդդին Քիաի, Արտադր.` "Մախմալբաֆ ֆիլմ հաուս":
Դերերում. Միրհադի Թայյեբի, Ալի Բախշի, Ամմար Թաֆտի, Մարիամ Մոհամեդ - Ամինի, Մոհարրամ Զեյնալզադե, Ֆարիբա Ֆաղիրի, Մարիամ Ֆաղիրի, Լոթֆոլլա Ղեշլաղի, Մոհսեն Մախմալբաֆ, Հանա Մախմալբաֆ:

Շահի ռեժիմի ժամանակ, երբ 17-ամյա Մոհսեն Մախմալբաֆը պայքարում էր ռեժիմի դեմ, մի աղջկա հետ, որն իր համախոհն էր, հարձակվում է ոստիկանի վրա զենքը խլելու նպատակով: Եվ ոստիկանը, և Մախմալբաֆը վիրավորվում են, իսկ աղջիկն անհետանում է:
20 տարի անց, երբ 37-ամյա կինոռեժիսոր Մախմալբաֆը հայտարարություն է տալիս “Salam Cinema” ֆիլմում դերասանների ընտրության համար, նախկին ոստիկանը գնում է Մախմալբաֆի տուն և նրա դուստր Հանայի միջոցով երկտող է փոխանցում Մախմալբաֆին, որ ուզում է խաղալ նրա ֆիլմում: Մախմալբաֆը որոշում է այսօրվա հայացքով ֆիլմ նկարահանել զինաթափման այն դեպքի մասին, որ պատահել էր 20 տարի առաջ: Նա ընտրում է 17-ամյա մի տղայի, որ խաղա իր դերը երիտասարդ ժամանակ: Ապա նրանցից ամեն մեկը առանձին տեսախցիկով անցնում է իր երիտասարդության ճանապարհով և փորձում բացահայտել 20 տարի առաջ կատարվածի իրական պատկերը: Նրանք երկուսն էլ հասնում են այն վայրին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Բայց երիտասարդ տղան, որ խաղում է Մախմալբաֆի դերը, հրաժարվում է բռնություն գործադրել, անգամ իրական պատկերը վերականգնելու համար: Մյուս կողմից, պարզվում է, որ ոստիկանը, որ տեղյակ չի եղել նախապատրաստվող հարձակման մասին, սիրահարվել է այն աղջկան: Անգամ վիրավորվելուց և գիտակցությունը կորցնելուց հետո, արթնանալով, նա 20 տարիների ընթացքում փնտրել է իր կյանքի սիրուն` առանց իմանալու աղջկա գաղտնիքը: Այժմ, բացահայտելով ճշմարտությունը, նա հասկանում է, որ կորցրել է իր կյանքի 20 տարիները:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, Երիտասարդների ոսկե մրցանակ (Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1996), Հիշատակություն տասնամյակի լավագույն ֆիլմերի տասնյակում (Ռեժիսորների եւ քննադատների միջազգային կիոփառատոն, 1999):
Մասնակցել է 47 միջազգային փառատոնի:

Մախմալբաֆ, Մոհսեն

Մոհսեն Մախմալբաֆը` Իրանի ամենահայտնի և ազդեցիկ ժամանակակից կինոգործիչներից մեկը, ծնվել է 1957թ. Թեհրանում: Սերում է աղքատ ընտանիքից: 8 տարեկանից սկսել է օգնել միայնակ մորը և մինչեւ 17 տարին լրանալը աշխատել է որպես հյուրանոցի սպասավոր, հասարակ բանվոր, զբաղվել` 13 տարբեր գործերով, ինչ որ հաջողվել է գտնել: Թեհրանի հարավային աղքատ թաղամասի ցածր խավի 15-ամյա պատանին կազմակերպել է իսլամական ընդհատակյա աշխարհազորային խումբ, 17 տարեկանում` ձերբակալվել ոստիկանին զինաթափելու փորձի համար: Դատապարտվել է երկարամյա բանտարկության, բայց 1979-ի հեղափոխությունից հետո` ազատ արձակվել: Չորս տարվա ազատազրկումը նրան հնարավորություն է ընձեռել ինքնակրթությամբ զբաղվելու տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ ձևավորելու իր հայացքները կյանքի և իրանական հասարակության վերաբերյալ: Այս մտավոր վերածնունդը հեռացրել է նրան քաղաքականությունից և օգնել ավելի մեծ բավարարություն գտնելու գրականության և արվեստի մեջ, հատկապես` կինոյում: Կյանքի այս շրջանում նա համոզված էր, որ իրանական հասարակությունն ամենից շատ տուժում է մշակութային աղքատությունից: Հետհեղափոխական Իրանում Մախմալբաֆը դարձել է գրող և կինեմատոգրաֆիստ: Նրա գրական գործունեությունն ընդգրկում է արվեստագիտական հետազոտություններ, նովելներ, կարճ պատմվածքներ և սցենարներ, որոնք հրատարակվել են 27 գրքով, մի մասը` թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, արաբերեն, ուրդու, քրդերեն, թուրքերեն, կորեերեն, պորտուգալերեն, հունարեն, ռուսերեն, ճապոներեն: Հեղինակել, նկարահանել, մոնտաժել և հիմնականում թողարկել է 18 լիամետրաժ և 6 կարժամետրաժ ֆիլմ, ինչպես նաև սցենարներ է գրել իրանցի այլ ռեժիսորների համար եւ մոնտաժել նրանց աշխատանքները: Մախմալբաֆի ֆիլմերը ավելի քան հազար անգամ մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների և արժանացել մի շարք մրցանակների: 1996-ից, ժամանակավորապես ընդհատելով իր գործունեությունը կինոյում, սկսել է դասավանդել: Հիմնել է "Makhmalbaf Film House"-ը, որտեղ կինոյի դասեր է տվել ընտրված մի խումբ սաների, այդ թվում` իր երեք զավակներին: "Ղանդահար" ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելիս թալիբների իշխանության օրոք գաղտնի կերպով անցել է Աֆղանստան և ականատես դառնալով այդ երկրում տիրող քաոսին, անգրագիտությանը, հալածանքներին ու չքավորությունը` այնքան է մտահոգվել, որ ֆիլմն ավարտելուց հետո երկու տարվա ընթացքում շուրջ 80 կրթական և հիգիենիկ ծրագիր է իրականացրել Աֆղանստանում, ինչպես նաեւ Իրանում աֆղան գաղթականների կենսապայմանները բարելավելու համար:

Ֆիլմոգրաֆիա

Նասուի զղճումը (1983), Փախուստ չարից Աստծու մոտ (1984), Երկու կույր աչք (1984), Բոյկոտ (1985), Չարչին (1987), Հեծանվորդը (1987), Oրհնյալների ամուսնությունը (1989), Սիրո ժամանակը (1990), Զայանդե Ռուդի գիշերները (1991), ժուկով-ժամանակով կինոն… (1992), Ղաջար դինաստիայի պատկերներ (1993), Դերասանը (1993), Սալամ, սինեմա (1995), Գաբբե (1996), Անմեղության պահ (1996), Լռություն (1998), Քիշի պատմություններ ("Դուռը" նովել, 1999), Կղզու պատմություններ ("Փորձնական ժողովրդավարություն" նովել, 2000), Ղանդահար (2001), Աֆղանական այբուբենը (2002), Աթոռը (2005), Սեքս և փիլիսոփայություն (2005):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Moscow Cinema The European Cultural Foundation