Բարի օր, գիշերԻտալիա 2003, 106min.
Սց,` Մարկո Բելլոկկիո, Աննա Լաուրա Բրագետտի, Դանիելա Չեզելլի, Պաոլա Տավելլա, ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր.` Պասկուալե Մարի, կոմպոզ.` Ռիկկարդո Ջանյի, նկ.` Մարկո Դենտիչի, հնչ.` Գաետանո Կարիտո, մոնտ.` Ֆրանչեսկո Կալվելլի, պրոդ.` Մարկո Բելլոկկիո, Սերջո Պելոնե:
Դերերում. Լուիջի Լո Կաշո, Մայա Սանսա, Ռոբերտո Հեռլիցկա, Պիեռ Ջորջո Բելլոկկիո, Ջովաննի Կալկանյո, Պաոլո Բրիգուլյա:
1978-ին այն ժամանակվա Իտալիայի ամենակարեւոր կուսակցության` քրիտոնյա դեմոկրատների ղեկավար Ալդո Մորոյի առեւանգման ու սպանության պատմությունը ներկայացվում է նրա հակառակորդներից մեկի` Կարմիր բրիգադների շարքերն անցած մարտաշունչ երիտասարդ կնոջ տեսանկյունից:
Մրցանակներ
"Ապագա կինո" մրցանակ` լավագույն ֆիլմի համար, Փոքր "Ոսկե առյուծ", Բացառիկ անձնական ներդրման մրցանակ` սցենարի համար, Վենետիկի միջազգային կինոփառատոն, 2003, FIPRESCI-ի մրցանակ` եվրոպացի լավագույն ռեժիսորին, 2003, "Դոնատելլոյի Դավիթ"` տղամարդու լավագույն երկրորդական դերակատարման համար (Ռոբերտո Հերլիցկա), 2003: | Բելլոկկիո, Մարկո Ծնվել է 09.11.1939, Պիաչենցա, Էմիլիա - Ռոմանիա, Իտալիա:
Իրավաբանի եւ դպրոցական ուսուցչուհու որդի է, կաթոլիկական խիստ դաստիարակություն է ստացել բուրժուական հարկի տակ: Մի կարճ շրջան դերասանական արվեստ պարապելով` ընդհատել է փիլիսոփայության ուսումնառությունը Միլանի Սուրբ Սրտի համալսարանում` Հռոմի Փորձարարական կենտրոնի կինոդպրոցում ռեժիսուրա ուսանելու համար: Այնուհետև շարունակել է ուսուցանումը Լոնդոնի Արվեստների դպրոցում, այն ավարտելով Անտոնիոնիին և Բրեսոնին նվիրված թեզի պաշտպանությամբ: Մի շարք կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր է ստեղծել նախքան իր բարեհաջող դեբյուտը "Բռունցքերը գրպանում" ֆիլմով 1965-ին` որին գլխավոր մրցանակ շնորհվեց Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում: Հասարակության եւ նրա ախտերի մանրապատկերի` ներընտանեկան արյունապիղծ կապերի նողկալի պատմությամբ խորհրդանշվող սոցիալական անկման վառ քննադատությունը վերստին առկա է Բելլոկկիոյի երկրորդ խաղարկային ֆիլմում` "Չինաստանը մոտ է" կինոնկարում, որը 1967-ին Վենետիկի միջազգային փառատոնում արժանացավ թե Ժյուրիի հատուկ մրցանակին, թե FIPRESCI-ի պարգեւին: Ինչեւէ, հաջորդ տարի Բելլոկկիոն անդամագրվեց ձախ ծայրահեղական Կոմկուսին եւ հրաժարվեց խաղարկային ֆիլմերից` հանուն քաղաքական մարտաշունչ կինոյի: Նա ներքաշվեց քարոզչական կարճամետրաժների արտադրության մեջ եւ կարծես թե կորած էր մեծ կինոյի համար: Բայց 1971-ին` "Հանուն հոր" ֆիլմով, Բելլոկկիոն վերադարձավ խաղարկային կինո եւ իր սիրելի հակաիշխանական ալեգորիկ թեմաներին: Նրա վարպետության արգասիքն էր 1980-ին Կաննի միջազգային կինոփառատոնում "Ցատկ դեպի դատարկություն" ֆիլմի երկու գլխավոր դերակատարներին` Միշել Պիկոլիին եւ Անուկ Էմեին շնորհված տղամարդու եւ կնոջ լավագույն դերակատարումների մրցանակները:
Ֆիլմոգրաֆիա
Մարդ դարձած գիհին (1962), Մեղք եւ պատիժ (1965), Բռունցքները գրպանում (1965), Չինաստանը մոտ է (1967), Հանուն հոր (1972), Հրեշին առաջին էջում դիր (1972), Թոկից փախածները (1975), Հաղթական քայլերգ (197), Ճայը (1977), Կինոմեքենա (հ/ֆ, 1979), Արձակուրդ Վալ Տրիբբիայում (1980), Ցատկ դեպի դատարկություն (1980), Աչքեր, բերան (1982), Հենրիխ IV (1984), Մարմին առած սատանան (1986), Վհուկների գիշերաժողովը (1988), Դատապարտում (1991), Թիթեռի երազը (1994), Խորտակված անուրջներ (1995), Համբուրգի իշխանը (1997), Սրբազան պատմություն (1998), Դայակը (1999), Հնարավոր է մի ուրիշ աշխարհ (2001), Մնաս բարով, անցյալ (հ/ֆ, 2002), Հավատքի ժամը (Մորս ժպիտը) (2002), Բարի օր, գիշեր (2003), Հարսանիքների արարողապետը (2006):
|