VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Ֆիլմեր Ա-Ֆ

Բռունցքները գրպանում

Իտալիա
1965, 105min.

Սց./ռեժ.` Մարկո Բելլոկկիո, օպեր.` Ալբերտո Մարրամա, կոմպոզ.` Էննիո Մորրիկոնե, նկ.` Ջիզելլա Լոնգո, մոնտ.` Սիլվանո Ագոստի, պրոդ.` Էնցո Դորիա:
Դերերում. Լու Կաստել, Պաոլա Պիտագորա, Մարինո Մազե, Լիլիանա Ջերաչե, Ստեֆանիա Տրոլյո, Ջինի Մաքնիլ:

Գյուղական կալվածքում ապրում են երեք եղբայր ու մի քույր եւ նրանց կույր, աստվածավախ մայրը: Ժառանգներից երեքն ընկնավոր են, չորրորդը` ավագ եղբայր Ավգուստոն` ոչ: Նա ուզում է ազատվել ընտանիքից. սիրահարված է Լուչիային եւ մտադիր է քաղաք տեղափոխվել: Ավգուստոյի քույրը` Ջուլիան, փորձում է խանգարել սիրեցյալներին, մինչ մյուս եղբայրը` Ալեսսանդրոն, հեռուն տանող դավ է մտմտում մոր պահանջներից եւ ընտանեկան այլ հոգսերից ձերբազատվելու, Ավգուստոյին Լուչիայի հետ մեկնելու միջոցներ տրամադրելու եւ թերեւս քրոջ հանդեպ իր արյունապիղծ հակումներին հագուրդ տալու համար:

Մրցանակներ
"Արծաթե ժապավեն"` լավագույն բնօրինակ սցենարի համար, Իտալիայի կինոլրագրողների ազգային միություն, 1966, "Արծաթե առագաստ", Լոկառնոյի միջազգային կինոփառատոն, 1965:

Բելլոկկիո, Մարկո

Ծնվել է 09.11.1939, Պիաչենցա, Էմիլիա - Ռոմանիա, Իտալիա:
Իրավաբանի եւ դպրոցական ուսուցչուհու որդի է, կաթոլիկական խիստ դաստիարակություն է ստացել բուրժուական հարկի տակ: Մի կարճ շրջան դերասանական արվեստ պարապելով` ընդհատել է փիլիսոփայության ուսումնառությունը Միլանի Սուրբ Սրտի համալսարանում` Հռոմի Փորձարարական կենտրոնի կինոդպրոցում ռեժիսուրա ուսանելու համար: Այնուհետև շարունակել է ուսուցանումը Լոնդոնի Արվեստների դպրոցում, այն ավարտելով Անտոնիոնիին և Բրեսոնին նվիրված թեզի պաշտպանությամբ: Մի շարք կարճամետրաժ եւ վավերագրական ֆիլմեր է ստեղծել նախքան իր բարեհաջող դեբյուտը "Բռունցքերը գրպանում" ֆիլմով 1965-ին` որին գլխավոր մրցանակ շնորհվեց Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում: Հասարակության եւ նրա ախտերի մանրապատկերի` ներընտանեկան արյունապիղծ կապերի նողկալի պատմությամբ խորհրդանշվող սոցիալական անկման վառ քննադատությունը վերստին առկա է Բելլոկկիոյի երկրորդ խաղարկային ֆիլմում` "Չինաստանը մոտ է" կինոնկարում, որը 1967-ին Վենետիկի միջազգային փառատոնում արժանացավ թե Ժյուրիի հատուկ մրցանակին, թե FIPRESCI-ի պարգեւին: Ինչեւէ, հաջորդ տարի Բելլոկկիոն անդամագրվեց ձախ ծայրահեղական Կոմկուսին եւ հրաժարվեց խաղարկային ֆիլմերից` հանուն քաղաքական մարտաշունչ կինոյի: Նա ներքաշվեց քարոզչական կարճամետրաժների արտադրության մեջ եւ կարծես թե կորած էր մեծ կինոյի համար: Բայց 1971-ին` "Հանուն հոր" ֆիլմով, Բելլոկկիոն վերադարձավ խաղարկային կինո եւ իր սիրելի հակաիշխանական ալեգորիկ թեմաներին: Նրա վարպետության արգասիքն էր 1980-ին Կաննի միջազգային կինոփառատոնում "Ցատկ դեպի դատարկություն" ֆիլմի երկու գլխավոր դերակատարներին` Միշել Պիկոլիին եւ Անուկ Էմեին շնորհված տղամարդու եւ կնոջ լավագույն դերակատարումների մրցանակները:

Ֆիլմոգրաֆիա
Մարդ դարձած գիհին (1962), Մեղք եւ պատիժ (1965), Բռունցքները գրպանում (1965), Չինաստանը մոտ է (1967), Հանուն հոր (1972), Հրեշին առաջին էջում դիր (1972), Թոկից փախածները (1975), Հաղթական քայլերգ (197), Ճայը (1977), Կինոմեքենա (հ/ֆ, 1979), Արձակուրդ Վալ Տրիբբիայում (1980), Ցատկ դեպի դատարկություն (1980), Աչքեր, բերան (1982), Հենրիխ IV (1984), Մարմին առած սատանան (1986), Վհուկների գիշերաժողովը (1988), Դատապարտում (1991), Թիթեռի երազը (1994), Խորտակված անուրջներ (1995), Համբուրգի իշխանը (1997), Սրբազան պատմություն (1998), Դայակը (1999), Հնարավոր է մի ուրիշ աշխարհ (2001), Մնաս բարով, անցյալ (հ/ֆ, 2002), Հավատքի ժամը (Մորս ժպիտը) (2002), Բարի օր, գիշեր (2003), Հարսանիքների արարողապետը (2006):

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The European Cultural Foundation