ՀեծանվորդըԻրան 1987, 83min.
Սց./ռեժ./նկ./մոնտ.` Մոհսեն Մախմալբաֆ, օպեր. Ալի ՌԵզա Զարրինդաստ, կոմպոզ.` Մաջիդ Էնթեզամի, Արտադր.` Ֆարաբի կինոհիմնադրամ:
Դերերում. Ֆիրուզ Քիանի, Սամիրա Մախմալբաֆ, Մոհամեդ Ռեզա Մալեքի, Էսմաիլ Սոլթանյան, Մոհարրամ Զայնալզադե:
Նասիմի` Իրանում ապաստանած աֆղան գաղթականի կինը լուրջ հիվանդ է: Նրան փող է պետք, որպեսզի հոգա կնոջ բուժման ծախսը, բայց նրա ամենօրյա աշխատանքի` ջրհորներ փորելու համար, բավականաչափ չեն վճարում: Ընկերը Նասիմին ծանոթացնում է մեկի հետ, որը պատրաստ է տոմսեր վաճառել նրանց, ովքեր կցանկանան տեսնել, թե ինչպես է Նասիմը մեկ շաբաթ շարունակ հեծանիվ վարում: Հովանավորը հավաքում է հիվանդ ու տարեց հանդիսատեսների` հորդորելով նրանց, թե կհուսադրվեն` Նասիմի ուժը տեսնելով: Ցերեկը չարքաշ աշխատավոր, իսկ գիշերը կտրիճ Նասիմին օգնում է որդին, որը կերակրում է նրան հեծանիվ վարելու ընթացքում: Տեղի պաշտոնյաները, կարծելով, թե դա կարող է դավադրություն լինել, իսկ Նասիմը` լրտես, փորձում են խանգարել, ինչպես նրանք, ովքեր գրազ են եկել, թե Նասիմը չի դիմանա մինչև շաբաթվա վերջը: Միայն հուսահատությունը փող կբերի Նասիմին: Ամեն հաղթանակ պատրա±նք է:
Մրցանակներ
Լավագույն ֆիլմի մրցանակ (Ռիմինիի փառատոն, 1989), Լավագույն խաղարկային ֆիլմի մրցանակ (Հավայան կղզիների միջազգային կինոփառատոն, 1991):
Մասնակցել է 91 միջազգային փառատոնի: | Մախմալբաֆ, Մոհսեն Մոհսեն Մախմալբաֆը` Իրանի ամենահայտնի և ազդեցիկ ժամանակակից կինոգործիչներից մեկը, ծնվել է 1957թ. Թեհրանում: Սերում է աղքատ ընտանիքից: 8 տարեկանից սկսել է օգնել միայնակ մորը և մինչեւ 17 տարին լրանալը աշխատել է որպես հյուրանոցի սպասավոր, հասարակ բանվոր, զբաղվել` 13 տարբեր գործերով, ինչ որ հաջողվել է գտնել: Թեհրանի հարավային աղքատ թաղամասի ցածր խավի 15-ամյա պատանին կազմակերպել է իսլամական ընդհատակյա աշխարհազորային խումբ, 17 տարեկանում` ձերբակալվել ոստիկանին զինաթափելու փորձի համար: Դատապարտվել է երկարամյա բանտարկության, բայց 1979-ի հեղափոխությունից հետո` ազատ արձակվել: Չորս տարվա ազատազրկումը նրան հնարավորություն է ընձեռել ինքնակրթությամբ զբաղվելու տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ ձևավորելու իր հայացքները կյանքի և իրանական հասարակության վերաբերյալ: Այս մտավոր վերածնունդը հեռացրել է նրան քաղաքականությունից և օգնել ավելի մեծ բավարարություն գտնելու գրականության և արվեստի մեջ, հատկապես` կինոյում: Կյանքի այս շրջանում նա համոզված էր, որ իրանական հասարակությունն ամենից շատ տուժում է մշակութային աղքատությունից: Հետհեղափոխական Իրանում Մախմալբաֆը դարձել է գրող և կինեմատոգրաֆիստ: Նրա գրական գործունեությունն ընդգրկում է արվեստագիտական հետազոտություններ, նովելներ, կարճ պատմվածքներ և սցենարներ, որոնք հրատարակվել են 27 գրքով, մի մասը` թարգմանվել անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, արաբերեն, ուրդու, քրդերեն, թուրքերեն, կորեերեն, պորտուգալերեն, հունարեն, ռուսերեն, ճապոներեն: Հեղինակել, նկարահանել, մոնտաժել և հիմնականում թողարկել է 18 լիամետրաժ և 6 կարժամետրաժ ֆիլմ, ինչպես նաև սցենարներ է գրել իրանցի այլ ռեժիսորների համար եւ մոնտաժել նրանց աշխատանքները: Մախմալբաֆի ֆիլմերը ավելի քան հազար անգամ մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների և արժանացել մի շարք մրցանակների: 1996-ից, ժամանակավորապես ընդհատելով իր գործունեությունը կինոյում, սկսել է դասավանդել: Հիմնել է "Makhmalbaf Film House"-ը, որտեղ կինոյի դասեր է տվել ընտրված մի խումբ սաների, այդ թվում` իր երեք զավակներին: "Ղանդահար" ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելիս թալիբների իշխանության օրոք գաղտնի կերպով անցել է Աֆղանստան և ականատես դառնալով այդ երկրում տիրող քաոսին, անգրագիտությանը, հալածանքներին ու չքավորությունը` այնքան է մտահոգվել, որ ֆիլմն ավարտելուց հետո երկու տարվա ընթացքում շուրջ 80 կրթական և հիգիենիկ ծրագիր է իրականացրել Աֆղանստանում, ինչպես նաեւ Իրանում աֆղան գաղթականների կենսապայմանները բարելավելու համար:
Ֆիլմոգրաֆիա
Նասուի զղճումը (1983), Փախուստ չարից Աստծու մոտ (1984), Երկու կույր աչք (1984), Բոյկոտ (1985), Չարչին (1987), Հեծանվորդը (1987), Oրհնյալների ամուսնությունը (1989), Սիրո ժամանակը (1990), Զայանդե Ռուդի գիշերները (1991), ժուկով-ժամանակով կինոն… (1992), Ղաջար դինաստիայի պատկերներ (1993), Դերասանը (1993), Սալամ, սինեմա (1995), Գաբբե (1996), Անմեղության պահ (1996), Լռություն (1998), Քիշի պատմություններ ("Դուռը" նովել, 1999), Կղզու պատմություններ ("Փորձնական ժողովրդավարություն" նովել, 2000), Ղանդահար (2001), Աֆղանական այբուբենը (2002), Աթոռը (2005), Սեքս և փիլիսոփայություն (2005):
|