VivaCell
ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ
GOLDEN APRICOT
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

Նկարագրություն

 

Ի՞նչ է նշանակում «Ռեժիսորներ առանց սահմանների»:


ՌԱՍ-ը նախագիծ է, որն իրականացվում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Դա տարածաշրջանային ցանց է Կովկասում և հարակից պետություններում (Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Թուրքիայում և այլուր) բնակվող կինոռեժիսորների և կինոյի մասնագետների համար ՌԱՍ-ի հիմնադիրները համակարծիք են, որ կինոն այն եզակի միջոցն է, որը կարող է փոխել մարդկային հարաբերությունները` առանց ճանաչելու քաղաքական, գաղափարական, ռասսայական կամ կրոնական սահմաններ ու խտրականություն: ՌԱՍ-ը հիմնադրվել է մեծ իրանացի կինոռեժիսոր Մոհսեն Մախմալբաֆի նախաձեռնության արդյունքում: ՌԱՍ-ի նպատակն է առանձնացնել այն խնդիրները, որոնք հատուկ են զարգացման փուլում գտնվող պետություններին, աջակցել համատեղ արտադրության այն ֆիլմ-նախագծերին, որոնք կենտրոնանում են բազմաթիվ մշակույթների և ազգերի հետ առնչվող խնդիրների վրա:

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:

«Կինոն` որպես միջմշակութային երկխոսության միջոց» թեմայով տարածաշրջանային սեմինարը, որն անցկացվեց «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում (2005 հուլիսի 12-17), դարձավ փառատոնի կարևորագույն մասերից մեկը և արդարացրեց ինչպես կազմակերպիչների, այնպես էլ 12 երկրներից ժամանած ավելի քան 50 մասնակիցների սպասումները: Քննարկումների ժամանակ Սիդդիք Բարմաքի կողմից արված առաջարկությունը, այն է` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Կովկասի և հարևան պետությունների կինոարտադրողների ցանցի ստեղծման գաղափարը, միանգամից ընդունվեց մյուսների կողմից: Սեմինարի մասնակիցները համակարծիք էին, որ կինոն միավորում է մշակույթները` ստեղծելով անվերջ հնարավորություններ միմյանց փոխլրացնելու և կյանքը բարելավելու համար: Դա կհաջողվի կամերայի ոսպնյակի միջոցով մեզ մոտեցնելով այն վայրերին, համայնքներին և մարդկանց, որոնց մասին մենք հավանաբար այլ կերպ չէինք իմանա: Փառատոնի կոմիտեն որոշեց անել հաջորդ քայլը և ստեղծել մի ցանց` «Ռեժիսորներ առանց սահմանների» խորագրով: Այս նախագիծը հետագայում համատեղ արտադրության նախագծերի հիմք կհանդիսանար: Նախագիծը և դրա սկզբունքները ներկայացվեցին Եվրոպական մշակութային պառլամենտի չորրորդ նիստում, որը տեղի ունեցավ Լիսաբոնում 2005 թ. դեկտեմբերի 2-4-ը: Հիմնական թեման էր «Ինչպե՞ս կարող է եվրոպական մշակույթը խթանել եվրոպական համակեցությունը»: Խոսե Մանուել Բառոսոն` Եվրոպական խորհրդի նախագահը, նույնպես ներկա էր նիստին: Հաշվի առնելով ծրագրի տարածաշրջանային կարևորությունը` Եվրոպական մշակութային պառլամենտը որոշեց ստանձնել նախագծի ղեկավարությունը: Սա հաստատվեց Եվրոպական մշակութային պառլամենտի Լիսաբոնի հայտարարագրով:


Մանիֆեստ
Տարածաշրջանում միջպետական կինոարտադրության և համատեղ արտադրության նախաձեռնության նոր «Ընդհանուր դաշտի» ստեղծման մասին


Խորհրդային միության փլուզումից` 1990-ական թթ. ի վեր, նախկին խորհրդային պետությունները շարունակում են մեծագույն դժվարությունների հանդիպել իրենց կյանքի բոլոր բնագավառներում` սոցիալական, քաղաքական, տնտեսական և մշակութային: Կովկասում, որտեղ դարերի ընթացքում կողք կողքի ապրել են մեծաթիվ էթնիկ խմբեր, կենտրոնացված համակարգի փլուզումը ակամա ճանապարհ բացեց բազմաթիվ կրոնական, էթնիկ և մշակութային հակասությունների համար: Կովկասի և հարևան տարածաշրջանի պետությունների միջև հարաբերությունները վերածվել են մի բարդ համակարգի, որտեղ էթնիկ, կրոնական և մշակութային ինքնությունները բևեռացրել են մարդկանց խմբերը:

Կինոարտադրության բնագավառում այս նոր իրականությունն ու առաջացած խնդիրները ստեղծել են բազմաթիվ դժվարություններ պրոդյուսերների, ռեժիսորների և սցենարիստների համար: Ինչպե՞ս կարող է կինոարտադրողը համակերպվել այս փաստի հետ և առաջ գնալ դեպի 21րդ դար: Արդյո՞ք կինոարտադրողը պետք է պարփակվի սեփական սահմանների մեջ, թե՞ պետք է ունենա սահմաններից դուրս աշխարհայացք: Արդյո՞ք նա պետք է տեսնի միայն այն տարրերը, որ իրեն առանձնացնում են «մյուսներից», թե՞ պետք է դիմի համընդհանուր մարդասիրության սկզբունքներին, որոնք ժամանակին հնարավոր դարձրեցին հասարակությունների և պետությունների համակեցությունը:

ՌԱՍ-ը հիմնադրվեց գտնելու համար պատասխաններ այս հարցերին և առաջ քաշելու այն միտքը, որ կինոն և կինոարտադրողները յուրահատուկ տեղ են զբաղեցնում փոխադարձ սահմանները թափանցելու և բացահայտելու, ինչպես նաև հարևաններին հասկանալու գործում` այս արտահայտության ամենալայն իմաստով:

ՌԱՍ-ը Կովկասում և հարևան տարածաշրջանում բնակվող ռեժիսորների և կինոյի մասնագետների տարածաշրջանային ցանց է, ովքեր համակարծիք են, որ կինոն այն եզակի միջոցն է, որը կարող է փոխել մարդկային հարաբերությունները` առանց ճանաչելու քաղաքական, գաղափարական, ռասսայական կամ կրոնական սահմաններ ու խտրականություն: ՌԱՍ-ը անկախ կինոարտադրողների ֆորում է, որտեղ նրանք առանձնացնում են զարգացման փուլում գտնվող պետություններին հատուկ խնդիրները: ՌԱՍ-ը սկիզբ է դրել նոր միջպետական կինոարտադրության գաղափարին:

Ընդգծելով իր առանձնահատուկ մոտեցումը դեպի բազմաթիվ ազգերի և մշակույթների հետ կապված խնդիրներ` ՌԱՍ-ը ցանկանում է նպաստել նոր «ընդհանուր դաշտի» ստեղծմանը, որը կտարածվի նախկին Խորհրդային Միության սահմաններում և դրանցից դուրս` հարգելով դարեր շարունակ կողք կողքի ապրած մարդկանց միջև տարբերությունները:



     
     
 
   

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Ministry of Culture & Youth Affairs of RA USA Embassy The European Cultural Foundation