Ոգեշնչում Թուրքիա 2006, 53min.
Պրոդ./ռեժ.` Նուրդան Արջա, սց.` Նուրդան Արջա, Ջանան Բալան, Ջեմալ Քաֆադար, օպեր.` Մեթե Շեներ, կոմպոզ.` Բաբա Զուլա, մոնտ.` Մելիհ Ֆ.Թաթլիջան:
Պարզունակ կերպով "քաղաքակրթությունների բախում" բնորոշված ներկայիս գլոբալ պայքարի ֆոնին ֆիլմը կենտրոնացած է օսմանցի սուֆի Շեյխ Բեդրեդդինի լուսավորյալ իմաստության վրա, որը "հավատում եմ՚-ին հակադրել է "գիտեմ՚-ը: Բեդրեդդին Սիմավնացին ձեռնոց է նետել բազմամշակութային գոյությունը մերժող նախապաշարմունքներին: Ֆիլմը նրա բազմամշակութային ժառանգության փնտրտուքն է, որ առկա է Բալկանների և Մերձավոր Արևելքի ժողովուրդների հավաքական հիշողության մեջ` Թուրքիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Մակեդոնիայում: Բադրեդդինի ինքնությունը, սուֆիական փիլիսոփայությունը` ի հակադրություն օսմանյան ուղղադավանների, ներկայացվում է որպես մեր օրերի այլաբանություն: Նրբազգաց մոտեցման հիմքը պոեզիան է` "Շեյխ Բեդրեդդինի հերոսապատումից՚, որ գրել է Նազիմ Հիքմեթը 1936-ին` այն ժամանակ, երբ Եվրոպայում մոլեգնում էր ֆաշիզմը: Ֆիլմը չի առաջարկում պատրաստի պատասխաններ և ավելի շատ նպատակ ունի մտածելու տեղիք տալ ժամանակակից հանդիսատեսին:
| Արջա, Նուրդան Նուրդան Արջա (ծն. 1948, Անթալիա, Թուրքիա)
1968-ին կազմակերպել է կարճամետրաժ ֆիլմերի առաջին փառատոնը Թուրքիայում: 1970-ին ստացել է Ստամբուլի Ռոբեր քոլեջի տնտեսագիտության բակալավրի դիպլոմ: 1971-ին տարածաշրջանային զարգացման թեմայով դոկտորական է սկսել Լոնդոնի Բրունել համալսարանում, 1971-ի ռազմական հեղաշրջումից հետո` վերադարձել Թուրքիա: Ստամբուլի համալսարանի քաղաքատնտեսության բակալավր է (1980 թ.): 1984-86 թթ. հոդվածներ է գրել ՙMilliyet Sanat՚ հանդեսի համար: Նրա առաջին վավերագրական ֆիլմը թուրք նկարիչ Օրհան Թայլանի ազատազրկման տարիների մասին է: 1992-ին Մելեք Ուլագայ Թայլանի հետ հիմնադրել է անկախ վավերագրական ֆիլմերի արտադրության Ajans 21 ընկերությունը, որտեղ թողարկել և նկարահանել է մի շարք գործեր: Արջան իր վավերագրական աշխատանքներով մասնակցել է ավելի քան 20 ազգային և միջազգային փառատոների` որպես ռեժիսոր և պրոդյուսեր արժանանալով հինգ պարգևի:
Ֆիլմացանկ
Իմ ներսում ՙես՚ կա (1970), Անձկության նկարներ (1986), Չորրորդ չափումը (1993), Սրտի երաժշտություն (1995), Տիեզերական բյուրեղներ (1996), Ժամանակի պատիճներ (1998), Ի որոնումն կորուսյալ ժամանակի (1999), Հանդիպում (2000), ՙԴոսթլար՚ թատրոնը (2000), Ո՞վ կա (2001), Եփրատն ամբարտակելով (2001), Ժամանակ (ՙԿեսօր՚ նովելը, 2006), Ոգեշնչում (2006), Սվաս ’93-ի պատկերաշարը մոնտաժելիս (2007), Զարթոնք (2009), Մենք էլ չենք դատում (Ստամբուլի հրաշքները) (2010), Ներշնչված հոգիներ. ալավի-բեկթաշիները (2011)
|