Մեր աշխարհը Ֆրանսիա 2008, 81min.
Պրոդ.` Ալեն Շաբա, Արմանդին Բիյո, Քրիստին Ռուքսել, սց.` Ֆրեդերիկ Բալեգջյան, Ֆաբիեն Վելման, ռեժ.` Ֆրեդերիկ Բալեգջյան, օպեր.` Ստեֆան Մասի, կոմպոզ.` Էրվան Քերմորվան, նկ.` Ժան-Լյուկ Ռաուլ, հնչ.` Լյուդովիկ Էնո, մոնտ.` Մայք Ֆրոմենտեն:
Դերերում. Էդուար Բաեր, Անտոն Բալեգջյան, Նասերեբա Քեյթա, Ֆիլիպ Լըֆևր, Մարիան Գայ, Ժյուլիեն Ֆրիզոն, Մորգան Պիերար, Քսավյե Մալի, Վերոնիկ Գալե, Ալեն Շաբաթ, Ժան-Ֆրանսուա Ստևընեն:
Մարկը փախստական հանցագործ է, որը խույս է տվել թե’ օրենքից, թե’ հանցակիցներից: Նա մի ագարակատուն է վարձում փոքրիկ գյուղական համայնքում, ուր և դարան է մտնում 12-ամյա որդու` Նոյի հետ: Մարկը վստահ է, որ բազմաթիվ թշնամիներից մեկնումեկը կգա իր հետևից, ուստի Նոյին վարժեցնում է, որպեսզի իրեն օգնի դուրս շպրտել ցանկացած մարդու, ով կխցկվի իրենց նոր հանգրվանը: Ամեն երեկո, երբ Նոյը տուն է գալիս դպրոցից, հայրը նրան մարտնչելու տարբեր ձևեր է սովորեցնում և ինքնապաշտպանության հնարքներ: Դպրոցում նոր ընկերներ գտնելը չի քաջալերվում, և երբ Նոյը մտերմանում է համադասարանցի Մարինի հետ, որն օգնում է նրան դիմակայել մի խումբ կռվարարների, տղան հասկանում է, որ չի կարող նրան շատ բան պատմել իր կյանքի կամ ընտանիքի մասին` առանց հորը լուրջ վտանգի ենթարկելու: Նոյն սկսում է ավելի ու ավելի հետաքրքրվել Մարկի հանցագործ կյանքով և մտադրվում է պարզել, թե հայրն ինչ է արել:
| Բալեգջյան, Ֆրեդերիկ Ֆրեդերիկ Բալեգջյան (ծն. 1964, Լը Ռենսի, Ֆրանսիա)
1984-ին ընդունվել է Նուազի-լը-Գրանի “Լուի Լյումիեր” դպրոցի կինոբաժինը: Երկու տարի հաճախել է նաև թատերական դպրոց և աշխատել որպես երկրորդ օպերատոր ու թատերական ռեժիսոր, մինչև որ սկսել է սցենարներ գրել ու ֆիլմեր նկարահանել: Նրա սկզբնական աշխատանքներն են “Սեզոնից դուրս” և “Այն ամբողջ ժամանակը, որ չեմ անցկացրել սրճարաններում” կարճամետրաժները: Առաջին լիամետրաժ խաղարկային կինոնկարը` “Խաղանենգները”, որ ասպարեզ եկավ 2005-ին, իրականացրել է սեփական սցենարով: Փարիզի տեքստիլ արտադրության շրջանում ստեղծված ֆիլմն ամբողջովին նկարահանված է ձեռքի կինոխցիկով: 2005-ին “Խաղանենգները” ցուցադրվեց Էդինգուրգի ՄԿՓ-ում և Բեռլինի ՄԿՓ-ում, որտեղ Մանֆրեդ Զալցգեբերի մրցանակին արժանացավ. ժյուրիի ձևակերպմամբ, կինոնկարին “հաջողվել է ապօրինի ներգաղթի և մշակութային տեղաշարժի թեման մեկնաբանել նորարարական ձևով և յուրօրինակ պատկերմամբ”:
Ֆիլմացանկ
Սեզոնից դուրս (1989), Այն ամբողջ ժամանակը, որ չեմ անցկացրել սրճարաններում (1995), Խաղանենգները (2005), Մեր աշխարհը (2008):
|