Ճչացողները Մեծ Բրիտանիա 2006, 91min.
Սց./ռեժ.` Կառլա Կարապետյան, օպեր.` Չարլզ Ռոուզ, երաժշտ.` "System of a Down", հնչ.` Մեթ Վոուլես, մոնտ.` Բիլ Յահրոս, պրոդ.` Նիք դե Գրյունվալդ, Թիմոթի Սուեյմ, Կառլա Կարապետյան, Փիթեր Մաքալևի:
Այս լիամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացնում է "System of a Down" ռոք խմբի բախումը Հայոց ցեղասպանության խնդրին և դա մերժելու թուրքական կառավարության ջանքերին: Երևան են հանվում ցեղասպանությունների աղերսները Ողջակիզման, Ռուանդայի, Բոսնիայի, Իրաքի քրդերի և Դարֆուրի ներկայիս ցեղասպանության հետ, ցույց է տրվում, թե Միացյալ Նահանգների միջազգային քաղաքականությունն ինչու է աչք փակում` կատարվող ցեղասպանությունները չտեսնելու տալով:
Մրցանակներ
Հանդիսատեսների մրցանակ (Ամերիկյան կինոինստիտուտի փառատոն, 2006)
| Կարապետյան, Կառլա Կառլա Կարապետյան
Միակ ամերիկացին է, որ հաստատվել է BBC-ի նշանավոր Համաշխարհային լուրերում: Մինչ Բրիտանիայում հիմնավորված պրոդյուսեր, ռեժիսոր և թղթակից դառնալը ավարտել է Լոնդոնի Էկոնոմիկայի և քաղաքագիտության դպրոցի միջազգային կապերի բաժինը: Որպես վավերագրող անուն է հանել աֆղան կանանց դաժան վիճակի մասին պատմող "Բարձրացնելով քողը" կինոնկարով: Համաշխարհային մամուլում մեծ արձագանք գտավ նրա "Զոհվելով հանուն նախագահի" ֆիլմը. Կարապետյանը թափանցել էր Չեչնիա` վավերագրելու ռուսական բանակի ծանրագույն հանցագործությունը` փախստականների սպիտակ դրոշակակիր ավտոշարասյան ռմբակոծումը: Արձագանքների տեղիք տվեց նաև "Իմ ընկեր վարձկանը"` Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձի մասին: Կարապետյանը Հարավային Աֆրիկայում մտել էր վարձկանների աշխարհ, որտեղ հեղաշրջումը նախապատրաստվել էր և գաղտնի նկարահանումներ արել Զիմբաբվեում ու Հասարակածային Գվինեայում: Նրա աղմուկ հանած մյուս ֆիլմը Հյուսիսային Կորեայի մասին էր` "Գաղտնի պետության երեխաները", մի կինոնկար, որը հանգամանորեն պատմում է սովի, մարդու իրավունքների ոտնահարման և մարդակերության մասին այդ աղքատ երկրում: Կարապետյանի "Ծածուկ Իրան" ֆիլմը` Իրանի ընդհատակյա ուսանողական շարժման վերաբերյալ, 2005-ին արժանացել է Էդուարդ Ռ.Մըրոուի հեղինակավոր մրցանակին: "LA Times Calendar"-ում Կարապետյանի մասին պատմող հոդվածի վերնագիրը թերևս նրա գործունեության լավագույն բնորոշումն է` "Վավերացնելով ճշմարտությունը վտանգավոր վայրերում": BBC-ի Համաշխարհային լուրերից բացի, Կարապետյանը թղթակցել է NBC-ի Sunrise-ին, Գիշերային լուրերին և CNBC-ի Ֆինանսական լուրերին: Ճանաչված կինոգործիչ Ջ.Մ.Հակոբյանի` Հայոց ցեղասպանությանն անդրադարձող "Ձայներ լճից" կինոնկարի խոսնակն է, ինչպես նաև նրա "Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը" մրցանակակիր ֆիլմի սցենարի համահեղինակը:
Ֆիլմոգրաֆիա
Գրքեր թխելով (1989), Լրտեսներ. Ցրտից ներս գալով (1990), Եվրոպայի միջուկային մղձավանջը (1991), Խանգարումների կարճ դադար (1993), Դաշնակիցներ, տուն գնացեք (1994), Զոհվելով հանուն նախագահի (2000), Գաղտնի պետության երեխաները (2000), Քողը բարձրացնելով (2002), Ծածուկ Իրան (2003), Իմ ընկեր վարձկանը (2005), Ճչացողները (2006):
|